×


«Երկրորդ մեղրամիսն ենք վայելում». Նոննա Գրիգորյան

Պարող Վահագն Կիրակոսյանի եւ դերասանուհի Նոննա Գրիգորյանի ընտանիքը 8 տարեկան է: Ամուսնության հոբելյանը զույգը նշել է Միացյալ Նահանգներում: Ուղեւորության լուսանկարները նրանք տրամադրել են BRAVO.am-ին եւ մանրամասներ պատմել:

«Նշում ենք մեր ծանոթության 10 եւ ամուսնության 8 տարին: Պետք է խոստովանեմ՝ չենք փորձել անգամ իրար մեջ ինչ-որ բան փոխել, փոխզիջումների եւ սիրո շնորհիվ հարմարվել ենք իրար: Շատ տարբեր, բայց միեւնույն ժամանակ շատ նման ենք: Երկար լռությունից հետո սկսում ենք նույն բանի մասին խոսել ու ծիծաղում, որ նույն պահին նույն կերպ ենք մտածում»,- պատմել է Նոննան:

Նոննա Գրիգորյանը եւ Վահագն Կիրակոսյանը


Տոնական օրը հրաշալի է անցել.«Չեմ ստի, իրար ռոմանտիկ նվերներ չենք մատուցել, բայց շատ լավ օր էր. մեր ընկերները մեզ համար գեղեցիկ անակնկալ էին պատրաստել, եւ հիանալի ժամանակ անցկացրինք»:

Հաճախ են վիճում եւ շուտ հաշտվում.«Մեր ընտանիքում անախորժությունների պատճառն աշխատանքն է. հաճախ ենք տարակարծիք լինում, վիճում, բայց շուտ հասկանում ենք, որ պետք չէ գործը տուն բերել: Հաշտեցման առաջին քայլը միշտ մեր աղջիկն է անում. նա փափկացնում է ամեն բան, ու շարունակում ենք ընտանեկան ջերմ կյանքով ապրել»,- ասել է Կամերային թատրոնի դերասանուհին:

Նոննա Գրիգորյանը


Նրանք հաճախ են հիշում իրենց հարսանիքի օրը.«Ամեն օր ենք խոստովանում, որ երջանիկ ենք մեր ընտրության համար: Հարսանիքի օրը հաճախ ենք հիշում: Այդ մեկ օրվա մեջ կարծես չորս եղանակներն էլ դրսեւորվեցին: Առավոտյան ամառային եղանակ էր, երբ եկան իմ հետեւից՝ գարնանային տաք անձրեւ էր, եկեղեցի մտնելիս ցուրտ էր, իսկ երբ դուրս եկանք՝ առատ ձյուն էր գալիս: Բոլորը զարմացել էին, թե ինչպես այդ հաշված րոպեների ընթացքում կարող էր եղանակն այդպես փոխվել: Հյուրերը եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով մի փոքր ուշացմամբ հասան ռեստորան, բայց հետո ոչինչ չխանգարեց լիարժեք ուրախանալուն»:

Նոննան ցանկանում է վերապրել անցյալը.«Ժամանակը հետ տալ կուզեի միայն այն պատճառով, որ նորից ապրեմ այն բոլոր գեղեցիկ օրերը, որ միասին ենք անցկացրել»:

Նրանք աշխատանքային այցով են ԱՄՆ-ում.«Արդեն հինգերորդ անգամ ենք այցելում: «Անի» պարի խումբն այս տարի իր 45-ամյակն է տոնում, հոբելյանական համերգին մասնակցելու հրավեր ուներ նաեւ ամուսինս, ինչպես ասում են՝ որտեղ նա, այնտեղ էլ՝ ես: Շատ լավ ժամանակ ենք անցկացնում, զբոսնում ենք, օրերը լի են արկածներով: Նոր վայրեր ենք բացահայտել: Կվերադառնանք հրաշալի տպավորություններով, մեղմ ասած՝ մեր երկրորդ մեղրամիսն էր:)»:

Նոննա Գրիգորյանը եւ Վահագն Կիրակոսյանը

Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը


Հետաքրքրվել ենք՝ արդյոք Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պլաններ ունեն. «Նախորդ անգամ, երբ երեխայի հետ էինք, մտածեցինք այստեղ ապրելու մասին, բայց ի վերջո հասկացանք, որ Երեւանի հետ շատ սերտ ենք կապված. այդտեղ են մեր բոլոր հարազատները, ընկերները, մեր շատ սիրելի գործը: Առանց մեր աշխատանքի մեր կյանքը չենք պատկերացնում, իհարկե, երբեք չենք ասում՝ երբեք»:

Ընտանիքը համալրելու ցանկություն ունեն.«Այս հարցին ի պատասխան մեկ բան կասենք՝ անպայման»,-եզրափակել է Նոննան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին