×


«Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերայի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

«Շանթ» հեռուստաընկերությունն առաջիկայում կցուցադրի 24 մասից բաղկացած «Թղթե երազանք» նոր հեռուստանովելը: Իսկ մինչ այդ, ֆիլմի ստեղծագործական կազմը երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնում, փակ դիտում էր կազմակերպել՝ ցուցադրելով առաջին 8 սերիայից հավաքված ֆիլմ:

Կարմիր գորգով անցան հրավիրված հայտնի դեմքերն ու դերասանական խումբը, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում, ինչին էլ հաջորդեց ֆիլմի ցուցադրությունը:

«Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերային


«Թղթե երազանք»-ի հիմքում իրական պատմություն է: Տղան, ում պատմության հիման վրա գրվել է ֆիլմը, այժմ զինվորական է, բայց կարողացել էր ներկա գտնվել դիտմանը:

Ֆիլմի սյուժեն հետեւյալն է՝ Գյումրիում՝ վագոն-տնակներից մեկում, ապրում է Հայկն՝ իր մայրիկի հետ: Սոցիալական վատ պայմանները նույնիսկ նրան չեն խանգարում լավ սովորել եւ երազել իր ու մայրիկի համար հարմարավետ տուն գնելու մասին: Մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմն ավարտվում է այն ժամանակ, երբ հերոսները մեծանում են: Իսկ թե ինչ հաջողություններ է գրանցած լինում փոքրիկ հերոսը, ով արդեն մեծ տղա է, կարող եք իմանալ՝ հետեւելով 24 մասանոց սերիալի զարգացումներին:

Ֆիլմի ռեժիսոր Գարրի Զաքարյանից հետաքրքրվել ենք՝ սյուժեի առումով հեշտ էր առանձնացնել դրվագները եւ ֆիլմ հավաքել.«Դժվար էր: Շատ էպիզոդներ կային, որոնք ես կուզեի ընդգրկել ֆիլմում, բայց այդ ամենը 75 րոպեում տեղավորելն անհնար էր: Սյուժետային որոշ գծեր բաց ենք թողել: Ինձ թվում է՝ ֆիլմը հետաքրքիր է, բայց սերիալն ավելի հետաքրքիր կլինի: Կերպարներից շատերը եւս չկան ֆիլմում, նրանց կտեսնեք 24 մասանոց հեռուստասերիալում»:

Սցենարիստ Անի Մաքաղյանն էլ անդրադարձել է ֆիլմի ու բազմասերիանոց սերիալի սցենարային տարբերությանը.«Սցենարը տեխնիկապես այլ ձեւով է գրվել, իսկ նկարահանման ընթացքն էլ ավելի երկար ու գրագետ է արվել: Սերիալներում մենք չենք կարող այդքան երկար աշխատել, իսկ այստեղ մեզ տրամադրել են ժամանակ. մոտ 7 ամիս գրվել է սցենարը, 3 ամիս աշխատել ենք գաղափարի վրա»:

«Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերային


Ըստ նրա՝ ֆիլմը սովորեցնում է սեփական ուժերով պայքարել, նպատակին հասնել եւ չհիասթափվել.«Թեեւ ներկայացնում ենք գյումրեցի երեխայի պատմություն այն պատճառով, որ այնտեղ այս խնդիրը շատ սուր է, բայց սա համընդհանուր հարց է: Հայաստանի տարբեր շրջաններում մենք ունենք անապահով ընտանիքներում ապրող երեխաներ, ովքեր ամեն օր պայքարի մեջ են ավելին ունենալու համար»:

Անին շեշտել է նաեւ, որ դերասանական կազմի ընտրությանը չի մասնակցել, բայց իր համար Մարիամ Ադամյանի եւ Դավիթ Հակոբյանի կերպարները հստակ են եղել. «Կարելի է ասել՝ նրանց համար եմ գրել: Մյուս դերակատարներին գտել է ռեժիսորը՝ երկարատեւ քասթինգի միջոցով»:

«Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերային


Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Անի Պետրոսյանը, Հովակ Գալոյանը, Դավիթ Հակոբյանը, Վիլեն Սարգսյանը, Տաթեւ Սարգսյանը, Դավիթ Աղաջանյանը, Մարիամ Ադամյանը, Գյումրու Դրամատիկական թատրոնի դերասանները:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին