×


«Իմ բոլոր նախկին կանայք խաղաղ գոյակցում են». Հրանտ Թոխատյան

Ռուսական «Ատմոսֆերա» ամսագիրը ծավալուն հարցազրույց է իրականացրել դերասան Հրանտ Թոխատյանի հետ, ով հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում՝ նկարահանվելով մի շարք հեռուստանախագծերում ու ֆիլմերում: Նա խոսել է կանանց, երեխաների, թոռնիկի, ծնողների մասին` բացահայտելով ընտանեկան երջանկության գաղտնիքները: BRAVO.am-ը ներկայացնում է զրույցի առավել ուշագրավ հատվածները:

- Երեւանում Ձեզ գրեթե ազգային հերոս են համարում: Եթե շուկայում երկար են սպասարկում, հարկավոր է ասել, որ գնում ես Հրանտ Թոխատյանի հետ հարցազրույցի, եւ քեզ միանգամից կվաճառեն ապրանքը: Դուք Ձեր հայտնիությունից օգտվո՞ւմ եք:

- Հայտնիությանը ոչ միայն չեզոք, այլեւ շատ հանգիստ եմ վերաբերվում: Արտիստներն աշխատում են մարդկանց համար, որ նրանց հույզեր փոխանցեն՝ երբեմն ուրախություն, երբեմն արցունքներ, որ ստիպեն մտածել ինչ-որ բանի մասին: Մենք ամեն ինչ անում ենք հանդիսատեսի համար: Այդ իսկ պատճառով, եթե երկրպագուները ցանկանում են ինքնագիր վերցնել կամ լուսանկարվել ինձ հետ, միշտ համաձայնում եմ: Թեեւ երբեմն տրամադրություն չեմ ունենում դրա համար: Իսկ շուկայում, այո, առաջարկում են ամենաթարմ բանջարեղենն ու միսը, երբեմն նույնիսկ գումար չեն վերցնում:

Հրանտ Թոխատյանը


- Մեծ քաղաքներում մարդիկ միմյանց չեն ճանաչում, բայց Երեւանում, հավանաբար, այդպես չէ: Ամեն դեպքում մեծ ընտանիքի ավանդույթները, արեւելյան արժեքները պահպանվո՞ւմ են:

- Երեւանը Արեւելքի եւ Արեւմուտքի յուրահատուկ համադրություն է: Նախկինում այն փոքր էր, բայց մեծացավ՝ դառնալով միլիոնանոց քաղաք միայն այն պատճառով, որ այն ժամանակվա Կենտկոմի քարտուղարը որոշեց՝ Երեւանում պիտի մետրո լինի: Շատերը՝ հատկապես հին երեւանցիները, միմյանց ճանաչում են: Քայլում ես քաղաքում եւ կարծես քո ընտանիքի շրջապատում լինես. բոլորը ժպտում են, բարեւում միմյանց: Երեւանը շատ ջերմ քաղաք է՝ թե՛ տանտերերի, եւ թե՛ հյուրերի համար: Այդ արեւային մթնոլորտն առկա է նույնիսկ ձմռանը:

- Դուք Ձեր հարեւաններին ճանաչո՞ւմ եք, շփվո՞ւմ եք նրանց հետ:

- Այո, իհարկե: Հին օրերում տների դռները չէին փակում: Նոր տարին նշում էինք հարեւանների հետ: Նոր թաղամասը, որտեղ ես ապրում եմ, քոթեջային փոքր քաղաք է, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք կապը պահել հարեւանների հետ, թեեւ բոլորը զբաղված են, շտապում են: Կարծում եմ՝ հաճելի է, երբ գիտես, թե ում հարեւանությամբ ես ապրում, եւ ում երեխաների հետ է խաղում քո երեխան:

- Դուք 14 տարեկան էիք, երբ կորցրիք Ձեր մորը: Պատանեկության բարդ շրջան...

- Մայրիկին կորցնելը ողբերգություն էր: Չէ՞ որ ես միակ երեխան էի ընտանիքում եւ շրջապատված էի նրա մեծ, տիեզերական սիրով: Բայց հայրս կողքիս էր եւ կարողացավ ինձ միայնակ ոտքի կանգնեցնել: Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ որպես մարդ, նրա շնորհիվ է: Նա այդպես էլ չամուսնացավ այլեւս՝ ինձ համար: Չէր ուզում ուրիշ կնոջ տուն բերել: Թեեւ երբ կորցրեց կնոջը, ընդամենը 40 տարեկան էր:

Հրանտ Թոխատյանը


- Դուք՝ երկու տղամարդ, մնացիք միայնակ: Հավանաբար, անկախ եք եւ շատ բան եք կարողանում ինքնուրույն անել:

- Ցավոք, այդպես չէ: Հայրս կարողանում էր: Նա հրաշալի խոհարար է, շատ լավ է պատրաստում: Իսկ ես ավագ դասարաններում սկսեցի հետաքրքրվել «ՈւՀԱ»-ով, շատ ժամանակ էի ծախսում ելույթներին պատրաստվելու համար: Այնպես որ, ամենօրյա գործերում բանիմաց չեմ եւ պատրաստել չեմ կարողանում՝ բացի մի քանի պարզ ուտեստից:

- Կարծիք կա, որ տղամարդիկ իրենց մայրերին նման կանանց են ընտրում: Ձեր դեպքո՞ւմ էլ է այդպես:

- Հավանաբար՝ ոչ: Հնարավոր է՝ ես մինչեւ հիմա չեմ գտել այնպիսի կնոջ, ինչպիսին իմ մայրն էր: Տղամարդկանց, ինչպիսին ես եմ, անվանում են բազմակին (ժպտում է,- հեղ.):

- Իսկ որեւէ ընդհանուր բան կա՞ Ձեր կանանց միջեւ:

- Մասնագիտությունը: Երեքն էլ դերասանուհի են:

- Այսինքն՝ Դուք սիրահարվում եք տաղանդին:

- Ես սիրահարվում եմ կնոջը, հիանում եմ նրանով, երկրպագում եմ: Այս կարծիքին եմ՝ կինը, որը գտնվում է տղամարդու կողքին (կարեւոր չէ` որքան ժամանակ, թող լինի տարի, ամիս կամ մի քանի ժամ), նրան երջանկություն է պարգեւում: Ես շնորհակալ եմ իմ երեք կանանց նաեւ նրա համար, որ նրանցից յուրաքանչյուրն ինձ հրաշալի երեխա է նվիրել: Նրանց`բոլորին, շատ սիրում եմ, գնահատում: Հնարավոր է` իմ այդ ջերմ վերաբերմունքի շնորհիվ է, որ նրանք խաղաղ գոյակցում են: Չեմ կարող ասել, որ ընկերություն են անում, բայց նորմալ հարաբերություններ ունեն: Իսկ երեխաներն ուղղակի հարազատներ են: Չգիտեմ` կսիրեին արդյոք նրանք միմյանց ավելի շատ, եթե ծնված լինեին նույն մորից: Մեծ տղաս` Արամը, արդեն հասուն մարդ է, նա 34 տարեկան է, պրոդյուսեր է, աշխատում է իմ ընկերությունում: Փոքր տղաս` Հայկը, 27 տարեկան է, զբաղվում է գովազդով: Աղջիկս` Լիլիթը, 12 տարեկան է: Մեծ տղաս միշտ գնում էր փոքրի ծնողական ժողովներին, իսկ հիմա նրանք երկուսով հոգ են տանում իրենց քրոջ մասին: Նրան տանում են տիկնիկային թատրոն, կենդանաբանական այգի, թանգարան, կիթառի դասերի: Ի դեպ, հենց նրանք էլ ընտրել են Լիլիթի անունը:

- Նրանցից ո՞րն է Ձեզ ավելի նման, ո՞ւմ մեջ եք տեսնում Ձեր բնավորության գծերը:

- Ընդհանուր առմամբ երեքն էլ նման են: Լիլիթն այս հարցին իր պատասխանն ունի: Նա ասում է`«Ես նույնքան գեղեցիկ եմ, որքան հայրիկը, եւ նույնքան խելացի, որքան մայրիկը»:

- Մայրիկի համար կասկածելի հաճոյախոսություն է:

- Այո, եւ հայրիկի համար` նույնպես (ծիծաղում է,- հեղ.): Երեխաներից յուրաքանչյուրը բնորոշ գծեր ունի ե՛ւ ինձնից, ե՛ւ իրենց մայրիկներից: Իսկ նրանց մայրերը շատ լավն են:

Հրանտ Թոխատյանը՝ երեխաների հետ


- Ձեր եւ Ձեր երրորդ կնոջ՝ Լուիզայի միջեւ 19 տարվա տարբերություն կա, եւ Դուք վստահեցնում եք, որ չեք զգում այդ տարբերությունը: Իսկապե՞ս այդպես է: Չէ՞ որ սերունդների մտածելակերպը տարբեր է:

- Հույս ունեմ, որ այդ տարբերությունը չի զգում Լուիզան: Սկզբնական շրջանում դժվարություններ էին առաջանում, քանի որ իմ ընկերական շրջապատում հիմնականում իմ հասակակիցներն են: Ինձ թվում էր, որ նրան ձանձրալի է մեզ հետ: Լուիզան շատ ակտիվ մարդ է, շփվող, սիրում է տարբեր հավաքույթներ, երեկույթներ, կարմիր գորգեր: Բայց դա ինձ համար չէ. ես սիրում եմ լռության մեջ լինել: Ընկերներով հավաքվում ենք, հանգիստ զրուցում, թղթախաղ ենք խաղում:

- Այսինքն՝ դժվարությամբ եք հարմարվել միմյանց:

- Մենք ընդհանուր լեզու ենք գտել: Երկուսս էլ ազատ ենք մեր ինքնադրսեւորման հարցում: Լուիզան հանգիստ գնում է կարմիր գորգի տարատեսակ արարողությունների, իսկ ես թղթախաղով եմ զբաղվում (ժպտում է,- հեղ.): Աստիճանաբար ամեն ինչ հարթվեց:

- Նրա ապրելակերպը բնավ հայուհուն բնորոշ չէ: Նախկինում Արեւելքի կնոջից պահանջվում էր, որ նստի տանը եւ տնային գործերով զբաղվի:

- Չնայած իր զբաղվածությանը՝ (նկարահանվում է ֆիլմերում, խաղում է թատրոնում, հաղորդաշարեր է վարում) նա հասցնում է հետեւել նաեւ տան գործերին: Մեր տանը միշտ մաքուր է, կոկիկ, միշտ թարմ ու համեղ սնունդ կա: Չկա այնպիսի խնդիր, որ վաղն ինձ անհրաժեշտ է կապույտ վերնաշապիկը, բայց այն լվացած չէ: Ամեն ինչ մաքուր է, արդուկված: Ինչպես է նա հասցնում՝ չգիտեմ:

- Գուցե գաղտնի օգնականներ կա՞ն:

- Օգնական կա, բայց գաղտնի չէ, ակնհայտ է` իմ զոքանչն է: Ես պաշտում եմ նրան, նա մեզ հետ է ապրում: Բայց այն, ինչ ես ուտում եմ, պատրաստում է անձամբ Լուիզան: Նա կերակուրները պատրաստում է իմ մոր բաղադրատոմսերով եւ գիտի, թե ինչ եմ ես սիրում: Իմ բախտը շատ է բերել. իր ողջ արտիստիկ եւ վառ արտաքինի հետ՝ կինս ե՛ւ լավ տնային տնտեսուհի է, ե՛ւ լավ մայր:

- Ձեր հարցազրույցներից մեկում պատմել եք, որ որոշել եք ամուսնանալ Լուիզայի հետ, երբ նրան խայթած կարիճը սատկել է: Մի՞թե դա ճիշտ է:

- Իհարկե, ես որոշեցի օրինականացնել մեր հարաբերություններն այդ դեպքից հետո: Լուիզան հղիության ութերորդ ամսում էր, եւ ես շատ էի վախեցել: Մենք գնացինք հիվանդանոց, բժիշկը զննեց նրան եւ ասաց, որ դա կարիճի այնպիսի տեսակ է եղել, որի խայթոցը մահացու չէ: Այնուհետեւ նայեց սատկած միջատին եւ հարցրեց՝ «Սատկել է կնոջս խայթելո՞ւց հետո»: «Այո»: «Ուժեղ կին է, ամուսնացիր»:

- Կարծում եմ` Դուք նրա հետ ամուսնացել եք ոչ միայն նրա համար, որ այդքան ուժեղ է, վտանգավոր:

- Իհարկե: Լուիզան խոցելի է, նուրբ, քնքուշ:

Հրանտ Թոխատյանը


- Ձեր երեխաների մասին մենք արդեն խոսեցինք, բայց դուք նաեւ թոռնիկ ունեք...

- Դա առանձին խոսակցության թեմա է: Այո, ես թոռնիկ ունեմ` Հրանտ Արամի Թոխատյանը` իմ ամբողջական անուն-ազգանունը: Առհասարակ տարօրինակ է, բայց վերջին երեք սերունդների դեպքում մեր ընտանիքում անընդհատ կրկնվում են նույն անունները` Հրանտ եւ Արամ: Իմ հոր անունն է Արամ եւ մեծ տղայիս անունը` նույնպես: Փոքր տղաս կրում է Հայկ անունը, բայց ամեն դեպքում ես նրան անվանել եմ Հրանտ, քանի որ ես եւ նա նույն օրն ենք ծնվել: Արամի տղայի անունը նույնպես Հրանտ է: Արամին ես շատ եմ հարգում. իր ապագա կնոջ հետ նա ծանոթացել է ուսանողական տարիներին, եւ նրանք մինչ օրս միասին են: Իսկ հիմա Հայկը, որը պատրաստվում է ամուսնանալ, հայտարարում է, որ եթե իրենք տղա ունենան, անունը Արամ է դնելու: Ես ասում եմ` «Տղերք, այս աշխարհում էլի շատ գեղեցիկ հայկական անուններ կան» (ծիծաղում է,- հեղ.):

- Հավանաբար, որովհետեւ կարգին տղամարդիկ կրում են այդ անունները: Իսկ Դուք հավատո՞ւմ եք հավերժական սիրուն:

- Այո, հայրս այնպես էր սիրում մայրիկիս... Ընդհանրապես ես հավատում եմ սիրուն: Երբ որտեղ էլ լինես, ինչով էլ զբաղվես, գիտես, որ երկրագնդի վրա մի փոքրիկ անկյուն կա, որտեղ քեզ սիրում ու սպասում են: Երբ գալիս ես տուն ու գրկում ես կնոջդ ոչ թե նրա համար, որ պարտավոր ես, այլ որովհետեւ ուզում ես դա ամբողջ հոգով: Հենց դա էլ ընտանեկան երջանկությունն է:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Վասիլի Բոբիլեւի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport