×


«Լուրեր»-ի Մերի Ներսիսյանն ու Մամիկոն Սիմոնյանը

Մերի Ներսիսյան եւ Մամիկոն Սիմոնյան հաղորդավարական զույգը կես տարուց ավելի Առաջին ալիքի ուղիղ եթերում բարի առավոտ մաղթեց հեռուստադիտողին, իսկ այսուհետ նրանց կտեսնենք արդեն որպես «Լուրեր»-ի մեկնաբաններ, ովքեր կներկայացնեն երկրի գլխավոր նորությունները: BRAVO.am-ն օրերս հանդիպել  եւ լուսանկարել է նրանց: Մերին եւ Մամիկոնը պատմել են նախորդ հաղորդման հետ կապված հուշերի, նոր աշխատանքի մասին, եւ ոչ միայն:

7-ամսյա համատեղ աշխատանքի մասին

Մամիկոն. «Առավոտ լուսո»-ում հայտնվելուց առաջ` մոտ 3 տարի, Մոսկվայում էի ապրում ու աշխատում էի սիրելի գործից ու մասնագիտությունից հեռու: Նաեւ սովորում էի: Երբ վերադարձա, շատ կարոտած էի: «Առավոտ լուսո»-ն էլ, կարծես, ամանորյա նվեր էր: Դեկտեմբերի վերջին վերադարձա Հայաստան, իսկ հունվարի 8-ից արդեն եթերում էի: Ամիսներն անցան մի ակնթարթի պես: Հրաշալի թիմ, հրաշալի միջավայր: Ամեն ինչ նախատեսված է լավ, որակյալ աշխատանքի համար, միայն կամք եւ ցանկություն էր պետք: Ես 7 հրաշալի ամիս եմ անցկացրել, նոր հրաշալի մարդկանց եմ հանդիպել, ինչպես հեռուստաընկերության անձնակազմից, այնպես էլ հարյուրավոր հյուրերից, որոնց հետ շփումն անգնահատելի նվեր է առավոտյան ծրագրի հաղորդավարների համար: Պատկերացրեք` ամեն օր 3 հետաքրքիր հյուր` ամենատարբեր ոլորտներից: Կարծում եմ, որ պատվով աշխատել ենք նաեւ հեղափոխության օրերին՝ իհարկե, լարված, բայց եւ ոգեւորված ու մեծ պատասխանատվությամբ:

Մերի Ներսիսյանը եւ Մամիկոն Սիմոնյանը


Մերի. Առավոտյան ծրագրով է եղել իմ մուտքը հեռուստատեսություն: Առաջին եթերս, այն էլ՝ ուղիղ, եղել է 19 տարեկանում:  2014 թ.-ին Հանրայինի եթերում սկսեցի վարել «Առավոտ լուսո» հաղորդումը: Տեսախցիկի հետ աշխատելը` հատկապես ուղիղ եթերում, անսահման մեծ պատասխանատվություն է: Ամեն անգամ նայելով տեսախցիկին՝ ակամա պատկերացնում եմ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր այդ պահին դիտում են ու լսում ինձ: Դա ստիպում է լինել միշտ զգոն, չդադարել աշխատել քեզ վրա ու հարգել հեռուստադիտողին: Տեսախցիկից այն կողմ էլ միշտ շարունակվում է աշխատանքը: Այն, ինչի մասին պատմում ենք, խոսում, հսկայական աշխատանքի արդյունք է:

Ձեռքբերումների եւ վերաարժեքավորման մասին

Մամիկոն. Ես վերադարձա Հայաստան արդեն վերաարժեքավորած աշխատանքս: Բաներ, որոնք կարեւոր չէին, միանգամից դարձան կարեւոր: Ես ավելի շատ սիրեցի իմ աշխատանքն ու հիմա հաստատ կարող եմ ասել, որ ամեն մարդ պետք է անի 2 բան՝ այն, ինչ սիրում է, եւ այն, ինչ կարողանում է: Դա, երեւի, ամենամեծ վերաարժեքավորումն էր: Ամեն օր, ամեն ժամ մի նոր բան եմ սովորում: Հարուստ 7 ամիսներ էին, ու ես շատ շնորհակալ եմ այդ հնարավորության համար:

Մերի. Յուրաքանչյուր 3 ժամանոց ուղիղ եթեր անսպառ տեղեկատվություն հավաքելու առիթ է: Նախորդ օրը մենք գրում էինք հաղորդման սցենարը, այդ ընթացքում անդադար կարդում, հետեւապես նաեւ նոր բաներ սովորում: Եթերում միայն հարցազրույցները բավական էին հետաքրքրության տոպրակը լցնելու համար:

Մերի Ներսիսյանը եւ Մամիկոն Սիմոնյանը


Ամենահետաքրքիրը՝  կադրի ներսում

Մամիկոն. «Առավոտ լուսո»-ն այն հաղորդումներից է, երբ զավեշտը շատ անգամ հենց եթերում է լինում: Դա առավոտյան ծրագրի մրցակցային առավելությունն է: Ազատ խոսք, ազատ ու անմիջական մթնոլորտ: Պատահել է, որ Մերիի հետ հենց եթերում պոռթկացել ենք ծիծաղից, ինքներս մեր ասածից կամ արածից ծիծաղել մինչեւ արտասուք:

Մերի.
Կադրի «ներսում» միշտ շատ ավելի հետաքրքիր է, քան՝ կադրից դուրս: Հեռուստադիտողին երբեմն, իհարկե, հետաքրքրում է հեռուստատեսության «խոհանոցը», բայց իմ պարագայում ամենազավեշտալին ու հետաքրքիրը միշտ կադրում է լինում:

Որպես գործընկերներ

Մամիկոն. Մերին ֆանտաստիկ գործընկեր է: Նա եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայ կնոջ համար չկա անհնարին ոչ մի բան: Կարելի է լինել հրաշալի մայր, սիրված կին, ճանաչված ու ընդունված հանրային դեմք: Մի խոսքով՝ Մերիից շատ բան կա սովորելու: Պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված մարդ, ով գիտի՝ ինչ է նշանակում որակ: Մերին դեռ ցույց չի տվել աշխարհին՝ ինչ է կարող, ու վստահ եմ, որ իր մուտքն էլ լուրեր հենց այնպես չի, եւ շուտով հեռուստադիտողը լրիվ ուրիշ ու ավելի ուժեղ Մերիի է տեսնելու: Ինձ համար մեծ պատիվ է իր հետ աշխատել, իր ու իր ընտանիքի հետ ընկեր լինել:

Մերի Ներսիսյանը եւ Մամիկոն Սիմոնյանը


Նոր առաջարկի մասին

Մամիկոն. Արձակուրդում էի, երբ Հանրայինի լրատվականի տնօրենը՝ Վահագն Թեւոսյանը, առաջարկեց օգոստոսին փոխարինել լուրերի մեկնաբաններին, քանի որ ավագներն արձակուրդ էին մեկնում, իսկ նորերի համար քասթինգ էր հայտարարված: Սիրով համաձայնեցի, քանի որ չավարտված գործ ունեի լուրերում. 2004թ.-ին 3 ամիս աշխատել էի: Մեկամսյա գործուղումը շատ արագ վերածվեց հիմնական աշխատանքի, ինչի համար հիմա արդեն շատ ուրախ եմ: Լրատվական ծրագրում կարեւոր է մինչեւ եթերն արված աշխատանքը: Եթերում միայն ներկայացվում է այն, ինչ նախապես հավաքվել, գրվել, խմբագրվել է: Սկզբում շատ խորթ էր, հատկապես առավոտյան ծրագրի ազատ ու անմիջական եթերներից հետո: Վերաբերվում էի որպես ժամանակավոր մի բանի, որ աշխատանքս կանեմ ու կվերադառնամ իմ առավոտյան ծրագրին: Բայց երբ հիշեցի, որ հեռուստատեսություն առաջին անգամ եկել եմ հենց լուրերի համար ու հենց լուրերի ճանապարհս ամենադժվարն ու էմոցիոնալն է եղել, հասկացա`սա հերթական հնարավորությունն է, որը չի կարելի բաց թողնել:

Մերի. Դեռ ուսանողական տարիներին անչափ հետաքրքրված եմ եղել լրատվական հաղորդումներով: Առաջին տարիներին անգամ հստակ որոշել էի, որ պետք է աշխատանք փնտրեմ հենց այդ ոլորտում: Հետո հասկացա, որ լուրերում հայտնվելու համար պարտավոր եմ երկար ճանապարհ անցնել ու հմտությունների եւ կարողությունների լուրջ պաշար հավաքել: Արդյունքում 12 տարի աշխատեցի հեռուստատեսությունում, փորձեցի տարբեր ձեւաչափեր, ստեղծեցի հեղինակային մի շարք նախագծեր, եւ երբ եղավ հնարավորություն մասնակցել լրատվականի մեկնաբանի ընտրությանը, հասկացա, որ պատրաստ եմ:

Մերի Ներսիսյանը եւ Մամիկոն Սիմոնյանը


Առաջին եթերի եւ զգացողությունների մասին

Մերի. Ուղիղ եթերում աշխատելու մեծ փորձ ունեմ, բայց լրատվական բաժնում ամեն բան այլ է: Սրտիս բաբախը այնքան բարձր էր, որ ձայնս չէի կարողանում լսել, աննկարագրելի ապրումներ եմ ունեցել, որոնց մասին պատմել անգամ չեմ կարող, բայց հաճելի է, երբ ունեցածդ փորձի, ունակությունների շնորհիվ կարողանում ես կառավարել հուզմունքդ, վախերդ ու անել գործդ: Ուրախ եմ, որ Հանրայինի լուրերում ես ուղղակի հաղորդավար չեմ. իմ պարտականություններն ու գործառույթներն արդարացնում են մեկնաբանի կոչումը: Մենք պատասխանատու ենք մեր եթերի համար եւ ցանկացած բառի, որ հնչեցնում ենք մեր շուրթերից:

Մամիկոն. Ցանկացած նոր եթեր, նոր տաղավար, նոր միջավայր, նոր աշխատանք նոր բեմ, առանց բացառության, հուզմունքի մեծ պաշար ունի, որը շատ արագ սպառվում է: Այս դեպքն էլ բացառություն չէր: Լրատվությունը շատ պատասխանատու գործ է, ու հուզմունքն ու լարումը առաջին մեկ-երկու եթերին, իհարկե, նկատելի էր: Բայց շուտով ամեն ինչ տեղը կընկնի: Անհամեստություն չանելով` կասեմ, որ արձագանքներն ամբողջությամբ դրական են:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին