×


«Խաչատրյան տրիո եւ ընկերներ» խորագրով համերգին

«Խաչատրյան» տրիոն կրկին երեւանյան բեմում էր. ինչպես է անցել խմբի համերգը նոր կազմով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում երեկ դասական երաժշտության մեծ երեկո էր: Ներկայացված կազմով առաջին անգամ տեղի ունեցավ «Խաչատրյան տրիո եւ ընկերներ» խորագրով համերգը: Իհարկե, Խաչատրյանի անվան եռյակն արդեն երկար տարիներ է՝ ասպարեզում է, սակայն այս անգամ ելույթ ունեցավ երաժիշտ ընկերների եւ ուսանողների հետ:

Համերգին հնչեցին Չայկովսկու «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» լարային սեքստետը եւ Շումանի դաշնամուրային կվարտետը: Խաչատրյան տրիոյի անդամ, ջութակահար Կարեն Շահգալդյանը BRAVO.am-ին պատմեց, թե ինչպես են այս երկու գործերը հանդիպել իրենց համերգային ծրագրում. «Վաղուց էինք ցանկանում նվագել Չայկովսկու այս ստեղծագործությունը, որը կամերային ժանրում ամենահայտնի եւ սիրված գործերից մեկն է, բայց չէինք կարողանում գործընկերներ գտնել: Վերջապես ստացվեց: Այսօր մեզ հետ հանդես են գալիս մեր ընկերները, ովքեր նաեւ հրաշալի երաժիշտներ են: Բացի այդ, նրանցից մի քանիսը նաեւ մեր ուսանողներն են, ինչպես, օրինակ, Հովհաննես Մինասյանը, Սոնա Արզումանյանը: Այսինքն՝ սա նաեւ ուսուցողական համերգ է նրանց համար: Իսկ Շումանի դաշնամուրային կվարտետը նվագել ենք նախորդ տարվա նոյեմբերին՝ Իսպանիայում, եւ այնքան սիրեցինք այդ ստեղծագործությունը, որ ցանկացանք կրկնել նաեւ Երեւանում»:

«Խաչատրյան տրիո եւ ընկերներ» խորագրով համերգին


Խաչատրյանի անվան եռյակը վերջին տարիներին ավելի հաճախ է մեկնում հյուրախաղերի, ելույթ ունենում միջազգային փառատոններում: Այդուհանդերձ խոստովանում են, որ Հայաստանում կազմակերպվող յուրաքանչյուր համերգ շատ կարեւոր է, հետաքրքիր եւ անհրաժեշտ իրենց համար: Այդ իսկ պատճառով էլ փորձում են հնարավորինս հաճախ հանդես գալ երեւանյան բեմերում:

Նշենք, որ եռյակը հիմնադրվել է 1999թ.-ին՝ որպես «Արսիկա»: 2008թ.-ից, սակայն, խումբը կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Տրիոյի կազմում հանդես են գալիս Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ) եւ Կարեն Քոչարյանը (թավջութակ): Խմբի ստեղծագործական գործունեությունն անմիջականորեն կապված է Երեւանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ: Այստեղ են ձայնագրվում տրիոյի ձայնասկավառակները, իրականացվում են բազմապիսի ծրագրեր, կազմակերպվում համերգներ: Խմբի անդամները, սակայն, հանդես են գալիս նաեւ իրենց անհատական նախագծերով եւ հաճախ ելույթ են ունենում առանձին:

«Խաչատրյան տրիո եւ ընկերներ» խորագրով համերգին


Կարեն Շահգալդյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է որոշվել այս անգամ ելույթ ունենալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, քանի որ ինչպես նշեցինք, եռյակն ավելի հաճախ հանդես է գալիս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Երաժիշտն ասաց, որ իրենք շատ են սիրում ինստիտուտի դահլիճը, բացի այդ էլ՝ ընկերական ջերմ հարաբերություններ ունեն տնօրինության հետ.«Հուսամ՝ նույն կարծիքն ու վերաբերմունքն էլ նրանք ունեն մեր նկատմամբ (ժպտում է,- հեղ.): Մենք ցանկացանք հենց այս համերգասրահում նվագել եւ ուրախ ենք, որ նրանք սիրով համաձայնեցին»:

Արամոն եւ Էմմա Պետրոսյանն՝ իրենց որդու հետ


Համերգին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երաժշտասերներ: Իհարկե, նրանք առիթը բաց չէին թողել երկար դադարից հետո կրկին ունկնդրել անվանի հայ երաժիշտներին, ովքեր շուտով նորից մեկնելու են հյուրախաղերի եւ հանդես գալու հեղինակավոր միջազգային փառատոններից մեկում: Այդ մասին BRAVO.am-ն առաջիկայում առավել մանրամասն կպատմի:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport