×


«Կաբարե Restart» ներկայացման առաջնախաղին

«Կաբարե Restart»-ը աշխուժացրել է Կամերայինը

Եթե ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից եւ բարձր տրամադրություն ունենալ ողջ օրվա ընթացքում, ապա շտապեք Երեւանի կամերային թատրոն. սիրված ու հայտնի «Կաբարե» ներկայացումը նոր բեմադրությամբ վերադարձել է թատրոնի խաղացանկ: «Կաբարե Restart»-ի առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Ներկայացման հեղինակն Արա Երնջակյանն է, իսկ բեմադրող ռեժիսորը` Լուսինե Երնջակյանը: Դերերում հանդես են գալիս Քեթրին Մանասյանը, Էվա Խաչատրյանը, Նոննա Գրիգորյանը, Ժորա Հովհաննիսյանը, Հասմիկ Դանիելյանը, Վահագն Կիրակոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Հրաչուհի Ամիրյանը, Վահե Զիրոյանը, Անի Գրիգորյանը եւ Ներսես Մարկոսյանը: Իհարկե, դժվար կլինի առանձնացնել գլխավոր հերոսներին. ներկայացումն այնպես է կառուցված, որ բոլոր դերակատարներն էլ հնարավորություն ունեն հետաքրքիր կերպարով ներկայանալու: Որոշ իմաստով կարելի է առանձնացնել Սենիկ Բարսեղյանին, ով վարում է երեկոն, եւ Քեթրին Մանասյանին, ով հանդես է գալիս հրավիրված աստղի կարգավիճակում: Ի դեպ, Էվա Խաչատրյանն ու Հասմիկ Դանիելյանը, միմյանց փոխարինելով, հանդես են գալիս նույն կերպարում, այսինքն`ամեն հաջորդ ներկայացմանը խաղալու է նրանցից միայն մեկը:

«Կաբարե Restart» ներկայացման առաջնախաղին


«Արդեն 21 տարի է` «Կաբարե» ներկայացումը մեր թատրոնի բեմում է, եւ կարող եմ ասել` մեզ համար այցեքարտ է դարձել: Պատկերացրեք` այս տարիների ընթացքում որքան մարդ է հասցրել դիտել եւ ճանաչել այն: Բայց մենք մեծ փորձ ունենք ներկայացումները ժամանակ առ ժամանակ վերաբեմադրելու, թարմացնելու, վերականգնելու, եւ այս անգամ դա արվեց մեծ ծավալով: Բացի այն, որ բեմադրությունն ամբողջովին փոխվել է ու դարձել իմը, նաեւ դերակատարների մեծ մասն է փոխվել. նոր ու երիտասարդ դերասանների ենք ներգրավել: Իհարկե, մեզ համար շատ կարեւոր էր, որ ներկայացումը չկորցնի իր տեսակը, դեմքն ու ձեւը, քանի որ արդեն ճանաչելի ու սիրված է հանդիսատեսի կողմից: Կարծում եմ` նրանք, ովքեր կգան դիտելու, կտեսնեն ժամանակակից երաժշտական շոու-ներկայացում եւ կկարողանան նորովի հաճույք ստանալ»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց բեմադրության հեղինակ Լուսինե Երնջակյանը:

Դերասանուհի Քեթրին Մանասյանը, ով Կամերային թատրոնի եւ «Կաբարե» մոլորակի հնաբնակներից է, այսօր էլ մեծ ոգեւորությամբ մասնակցում է ներկայացումներին: Նոր բեմադրության մեջ նա ստիպված է կարճ ժամանակում հասցնել արագ զգեստափոխվել եւ ամեն մուտքի ժամանակ նոր կերպարով ներկայանալ: Բայց դա նրան բնավ չի հոգնեցնում, ասում է՝ հանուն ներկայացման հաջողության՝ պատրաստ է քրտնաջան աշխատել խաղընկերների հետ:

«Կաբարե Restart» ներկայացման առաջնախաղին


«Ներկայացման մեջ ներգրավված եմ դեռ 1998 թվականից: Այն ժամանակ, երբ դեռ հանդիսատեսի շարքերում էի դիտում «Կաբարե»-ն, պատկերացնել չէի կարող, որ շուտով հանդես եմ գալու բեմին՝ մյուս դերասանների կողքին: Այն ժամանակ հինգ աղջկա փոխարեն խաղում էինք երեքով, եւ մեր եռյակը բավական հիշվող էր: Իսկ այժմ դերասանական կազմն ընդլայնվել է, որն էլ ի՛ր հետաքրքրությունն ունի եւ հանդիսատեսի աչքին ավելի գեղեցիկ ու հաճելի կդիտվի: Կարծում եմ՝ ներկայացումն իրեն արդարացրեց, որովհետեւ հնչում էին բոլոր ժամանակների սիրված երգերը, հագեցած էր տարբեր տեսարաններով, կար ասելիք եւ բովանդակություն»,- նկատեց դերասանուհին:

«Կաբարե Restart» ներկայացման առաջնախաղին


Ներկայացման մեկնարկից հանդիսատեսը դերասանների հետ սկսեց իր ճամփորդությունը «Կաբարե» մոլորակում, որտեղ ապրում են միայն ուրախ, ժպտերես ու երիտասարդ բնակիչները: Գեղեցիկ աղջիկներն ու տղաներն այնտեղ երգում էին, պարում, կատակում եւ բեմական գործողություններում ներգրավում նաեւ հանդիսատեսին: Ի դեպ, ներկայացման ավարտին «բախտի քմահաճույքով» ընտրվեց նաեւ ներկայացման թագուհին: Հանդիսատեսի շարքերում նստած մի աղջիկ թագադրվեց եւ իրեն վերապահված իրավունքով թույլ տվեց՝ ներկայացումը շարունակվի: Հետաքրքիր էր ստացվել նաեւ ներկայացման երաժշտական ձեւավորումը՝  հայկական ու արտասահմանյան էստրադայից մինչեւ ռուսական շանսոն եւ ծանր ռոք, բոլոր ժամանակների սիրված ու ճանաչված հիթերը: «Կաբարե Restart»-ը ներկայացում է, որտեղից կարող ես տանել բարձր տրամադրություն, ժպիտներ եւ մեկ գավաթ շամպայն:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport