×


Նարինե Վարդանյանը

«Կինը ե՛ւ խեր է, ե՛ւ շառ, ե՛ւ Աստվածուհի»

«Խեր, շառ, Աստված(ուհի)»` այս խորագիրն ունի չարտիստ, ուրբան բայղուշ Նարինե Վարդանյանի «NarNur» նախագծի առաջին ցուցահանդեսը: Հետաքրքրե՞ց: Մեզ նույնպես հետաքրքրել ու զարմացրել էր բնորոշումների այս ընտրությունը, իսկ երբ իմացանք, որ ցուցահանդեսը նախկին «սեքընդ  հենդ» խանութ-սրահի նկուղային տարածքում է լինելու, որոշեցինք անպայման ներկա լինել:

Նարինե Վարդանյանի «Խեր, շառ, Աստված(ուհի)» ցուցահանդեսին


Ցուցահանդեսի համադրող Էլլա Կանեգարիանը սկզբում մեզ ուղեկցեց նախկին խանութի կիսամութ ու դատարկ տարածք, որտեղ թույլ լուսավորվում էին միայն պատերին կախված թղթե կոլաժները: Միջավայրն ու տրամադրությունն ավելի տպավորիչ դարձնելու համար տարածքում հնչում էին թեթեւակի տագնապ առաջացնող ձայներ, որոնք լսվում էին նաեւ նկուղում: Նախ` Էլլան հարցրեց` արդյոք որեւէ մեկս վախեր կամ ֆոբիաներ չունենք նկուղային ցածր հարկերից, մթությունից կամ վերելակներից: Լսելով մեր բացասական պատասխանները` նա մեզ ուղեկցեց դեպի վերելակը, որն ուներ միայն հատակ` առանց չորս պատի: Հետաքրքրությունն ավելի մեծացավ, հատկապես որ վերեւում ցուցադրված կոլաժներն իսկապես տպավորել էին:

Նարինե Վարդանյանը


Նկուղում տարածքը լուսավորվում էր միայն մոմերով ու կրկին թույլ լույսերով: Այստեղ ցուցահանդեսի թեման շարունակում էին սրբապատկերները, որոնք Նարինեն ներկայացրել էր իր ոճով: Նշենք, որ BRAVO.am-ը ցուցահանդեսին ներկա է եղել բացման հաջորդ օրը եւ Նարինեի հետ զրուցել նախագծի բովանդակության, ներկայացված կերպարների, տարածքի ընտրության եւ հետաքրքիր այլ թեմաների շուրջ.

Սելֆիները` ոգեշնչման աղբյուր

Ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա ամռանը: Էլլան, ով ոչ միայն իմ ցուցահանդեսի կուրատորն է, այլեւ իմ լավ ընկերն ու նախկին համակուրսեցին, սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել իմ սելֆիներին, որոնց ես որոշակի տարրեր էի ավելացնում ու հետաքրքիր կերպարներ ստանում: Նա միշտ ասում էր՝ այն սելֆիները, որ անում եմ, միայն իրեն ցույց տալու համար չեն: Թեեւ ես իսկապես մտածում էի, որ միայն «բզբզալու» համար եմ անում, բայց նրա այդ ընկալումից հետաքրքիր ազդակներ էին գալիս դեպի ինձ: Իմ արած սելֆիների հիման վրա ստեղծվող կերպարները ռետրոսպեկտիվ ինֆորմացիա են պարունակում իմ ու իմ կյանքի մասին, եւ Էլլան հասցրեց դա նկատել: Իհարկե, սկզբում չէի մտածում, թե սա կարող է նախագիծ դառնալ, եւ որ պետք է սրանով լուրջ զբաղվել, պարզապես օրական մեկ կոլաժ էի անում: Հիմա էլ շարունակում եմ անել այն, ինչ սկսել եմ: Այդպես էլ ծնվեց այս ցուցահանդեսի գաղափարը, որի շուրջ ես եւ Էլլան սկսեցինք աշխատել:

Սեւ Մադոննայի զենքերը, որոնք չեն կրակելու

Նախ՝ ինչպես տեսնում եք, բոլոր կոլաժներում կանայք են պատկերված, որոնց ես փորձել եմ ներկայացնել որպես Սեւ Մադոննա՝ ոչ սովորական կին: Իմ կոլաժներում կա 90-ականների Հայաստանի էսթետիկան, որն Էլլան ձեւակերպում է որպես «սպիտակ նիվայական» էսթետիկա՝ հաշվի առնելով օգտագործված բոլոր սեւ, քյառթուական ատրիբուտները: Ինչո՞ւ «Խեր, շառ, Աստված(ուհի)», քանի որ, կարծում եմ, այս երեքն էլ կապ ունեն կնոջ հետ՝ կինը ե՛ւ խեր է, ե՛ւ շառ, ե՛ւ Աստվածուհի:

Նարինե Վարդանյանի «Խեր, շառ, Աստված(ուհի)» ցուցահանդեսին


Իսկ ինչ վերաբերում է զենքերին, որոնք պատկերված են գրեթե բոլոր կոլաժներում, ապա ինձ համար փոքր-ինչ դժվար է բացատրել այս թեման: Իմ հիշողության մեջ տպավորվել են 90-ականների դեպքերը՝ թե՛ Արցախյան շարժումը, եւ թե՛ Սումգայիթի ջարդերը: Հորեղբայրս անձամբ մասնակից է դարձել Սումգայիթի դեպքերին, որն իր համար հոգեբանական մեծ ճնշում է եղել: Ճիշտ է, այդ ժամանակ ես փոքր եմ եղել, բայց քանի որ այդ միջավայրում եմ մեծացել, դա չէր կարող ինձ վրա չազդել: Ես նկատել եմ նրա արձագանքը զենքեր տեսնելիս, նրա հուզմունքը եւ այլն, ու այդ ամենը միաձուլվել է իմ կոլաժներին: Դա նաեւ ալեգորիկ կրում է այն միտքը, որ կնոջ սեքսուալությունն էլ է զենք: Բայց իմ զենքերը չեն կրակելու, դրանք վնաս չեն տալու, պարզապես լրացնում են գեղեցիկ իլյուստրացիան, եթե փորձենք ավելի մակերեսորեն բացատրել:

Խանութի նկուղը` որպես ցուցասրահ

Ցուցադրության վայրի հետ կապված երկար ենք մտածել: Սա «second hand» խանութի տարածք է եղել՝ «Հագուստ Բելգիայից», բայց ավելի վաղ՝ 90-ականների սկզբին, այն հայտնի լահմաջոանոց էր: Հիմա խանութի տարածքը դատարկ է, եւ Էլլան արդեն երկրորդ ցուցահանդեսն է այստեղ կազմակերպում: Մի քանի ցուցասրահներ կային, որոնք պատրաստ էին ընդունել մեզ, բայց երբ տեսան գործերը, իրենց թվաց՝  կրոնական քննադատություն կա, կամ սուր ֆեմինիստական գործեր են: Դրա հետ, իհարկե, ես համաձայն չեմ, քանի որ գործերը ֆեմինիստական են լինում, երբ նրանց ստեղծողն էլ է ֆեմինիստ լինում, իսկ ես ինձ ֆեմինիստ չեմ համարում: Մեծ հաճույքով կլսեմ այն մարդկանց, ովքեր գրագետ ու հիմնավոր կբացատրեն, թե ինչու են այդպես կարծում, պատրաստ եմ քննարկել առողջ մեկնաբանությունները: Ինձ հետաքրքիր է՝ որպես ստեղծագործող:

Նարինե Վարդանյանը եւ Էլլա Կանեգարիանը


Իսկ երբ իմացա այս տարածքի մասին, պատկերացրի, որ շատ ներդաշնակ կլինի ցուցահանդեսի թեմային: Այո, սա դասական ցուցահանդես չէ՝ հարմարավետ ցուցասրահում կազմակերպված, բայց սրանով հետաքրքիր մի խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել որպես քաղաքացի, որպես այս հասարակության անդամ: Եկեք փորձենք մի փոքր դուրս գալ այն հարմարավետության գոտուց, որին միշտ ձգտում ենք: Դա այնքան լավ է թե՛ մեզ համար, թե՛ դիմացինի, որովհետեւ իրականում մենք միայն նստում ենք  «կոմֆորտ զոնայում» եւ բողոքում միայն «կոմֆորտ» թեմաներից: Այսինքն՝ սրանով ես նաեւ «խաղում» եմ թեմայի հետ:

Ինչպես Նարինեն դարձավ չարտիստ, ուրբան բայղուշ

Մասնագիտությամբ արվեստաբան եմ, եւ այժմ աշխատում եմ «Արամե» պատկերասրահում՝ որպես խորհրդատու: Այսինքն՝ արդեն 6 տարի է՝ արվեստային միջավայրում եմ (այնպես չեմ սիրում նման բառերը, անընդհատ փորձում եմ խուսափել, բայց չի ստացվում: Դրա համար էլ ներկայանում եմ որպես չարտիստ): Ինչո՞ւ բայղուշ, քանի որ փոքր ժամանակ տատիկս էր ինձ այդպես անվանում: Ամեն տեղին-անտեղի պատճառով այնքան էի լաց լինում, որ ասում էր՝ «դու բայղուշ ես, հերիք է լացես» (ժպտում է,- հեղ.): Հիմա էլ, երբ ծանոթներս ինձ տեսնում են փողոցում, ասում են՝ ինչու եմ միշտ այդպես անտրամադիր քայլում՝ սեւ հագած: Հենց այդպես էլ ձեռք եմ բերել քաղաքային բայղուշի համբավս:

Նարինե Վարդանյանի «Խեր, շառ, Աստված(ուհի)» ցուցահանդեսին


Գիտեք, կանանց կողմից եմ մեծ հետաքրքրություն նկատել կոլաժներիս նկատմամբ. նրանցից շատերը սիրում են, երբ խոսվում է ուժեղ կնոջ կերպարի մասին: Այս անգամ ընտրել էինք իմ առաջին շրջանի գործերից, բայց հիմա ես շարունակում եմ իմ կոլաժները եւ, այսպես ասած, ավելի լակոնիկ եմ դարձրել. կա Սեւ Մադոննան, եւ նրա հետ կա զենք, ուրիշ ոչ մի բան: Այս գերհագեցած ժամանակներում մարդկանց պետք է ինչ-որ էմոցիաներ փոխանցել՝ կլինի վախ, կլինի զարմանք, ուրախություն, կապ չունի:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport