×


«Կոնտեքստից դուրս»․ Դավիթ Սամվելյան

BRAVO.am-ը ժամանակակից գրողների հետ իր «Կոնտեքստից դուրս» շարքի շրջանակում այս անգամ զրուցել է «Նա եւ նրա», «Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը» գրքերի հեղինակ Դավիթ Սամվելյանի հետ։ Նրա հետ քննարկել ենք օրերս լույս տեսած «հակաՔԱՂԱՔական» պատմվածքների ժողովածուի կոնտեքստից դուրս, առանձին հատվածներ: 



Դավիթ, գրքում գրում եք. 



«Ընդհանրապես սխալ է, երբ հենց սկզբում նշում ես այն, ինչի մասին գրում ես, բայց դե ինչ արած, հիմա մարդիկ սովոր են վերնագրերն ու դրանց տակը գրվող մի քանի տողը կարդալ ու անցնել առաջ»։

    -Սխալ է, որովհետեւ ինտրիգը կորո՞ւմ է։

- Ինտրիգը չէ, բովանդակությունն է կորում։ Մարդիկ փորձում են կարճ ժամանակում աչքի անցկացնելով ամեն ինչ իմանալ։ Հետո օրվա վերջում, երբ վերլուծում ես, ուղեղումդ այնքան ինֆորմացիա է լինում, որ երբեմն արժեքավորը մնացած չի լինում։ Եթե խոսքը գրական գործի մասին է, պետք է նաեւ ասելիքդ տրամաբանորեն շարունակվի, ոչ թե երկու բառ ասես կամ աֆորիզմ ասես, ու վերջ։ Մարդը կարդաց, մի վայրկյանում այդ ինֆորմացիան վերցրեց, հիացավ, տխրեց կամ ուրախացավ ու անցավ առաջ։ Ինչպես մարդու կյանքի զարգացումը, այնպես էլ ամեն ինչ պետք է իր հունով գնա։

Նանե Պետրոսյանը եւ Դավիթ Սամվելյանը



«Դու ամեն նախադասության ու իրավիճակի մեջ կփորձես քեզ փնտրել, համեմատել քո ապրած կյանքի, հույզերի հետ, հերոսի մեջ անգամ իմ ու քո ստվերը կփորձես գտնել, բայց ապարդյուն...»:

    -Սա գիրք կարդալու խայծերի՞ց է։

- Գրականությունը մարդկանց մասին է, իսկ մարդիկ միշտ փորձում են, չէ՞, գրվածքի մեջ իրենց փնտրել, ասում են՝ «Վա՜յ, էս հերոսն ինչ նման է ինձ»։ Այս նախադասության մեջ ամփոփվել է այն, ինչ մենք լսում ենք ընթերցողներից. ոչ բոլորից, բայց շատերից։ Նայած՝ ինչ ես փնտրում, բայց մարդիկ ինչպես կյանքում, այնպես էլ գրականության մեջ փնտրում եւ ուզում են գտնել իրենք իրենց։

«Աչքի առաջ եկան նախորդ օրը փաբում նստած, տեկիլլան մի կումով խմող ու գարեջրով «զապիվատ» անող երկու ընկերուհիները՝ «մեր սուրբ քրերն ու, հավանաբար, ոմանց կնանիք»»։

   -Փաբը, աղջիկն ու խմիչքը միանգամից վատ ասոցացիա է առաջացնո՞ւմ։

- Չէ։ Միշտ փորձում եմ հակադրել արտահայտչամիջոցները, այն պատեկերացումները, որոնք այսօր մեր ազգի մեծամասնության մեջ արմատացած են։ Ասում են՝ «մեր մայրերը սուրբ են», «մեր քրերը սուրբ են», բայց իրականում այդ սրբությունը շատերի դեպքում մնացել է զուտ որպես կարգախոս։ Ասում ես ու դրա տակ ուզում ես քողարկել շատ բաներ, ոչ թե քողարկես, այլ անգամ չտեսնես. աչքերդ փակում ես։ Բայց երբ ծայրահեղացնում ես, սխալվելու հավանականությունն ավելի է մեծանում, դրա համար պետք չէ մարդուն սրբացնել. մարդն իր կյանքում սրբության ճանապարհի վրա է գտնվում, բայց սուրբ չի, էլի։ Շատ դեպքերում փաբը վատ բանի հետ են ասոցացնում, բայց տեղը կապ չունի, երբ դու ներքուստ մաքուր ես, եւ կապ չունի նաեւ այն դեպքում, երբ մաքուր տեղում ես գտնվում, բայց հոգեպես փչացած ես։


«Արվեստը վաճառվում է, բայց արվեստագետը չպետք է վաճառվի, իսկ հիմա արվեստը վաճառելու համար պետք է ինքդ վաճառվես»։

   -Դուք Ձեզ «վաճառվող» հեղինակ համարո՞ւմ եք։

- Գրքերս կարող են վաճառվել, բայց ես չեմ կարող վաճառվել։ Շատերը վաճառվում են, որպեսզի ինչ-որ մի բան ունենան։ Երբ քո արվեստը չի վաճառվում, դու փուչ մարդ ես, կամ արժանիքներդ ցածր են, ստիպված վաճառվում ես, որ ինչ-որ բան, գոնե, այդ միջոցով վաստակես։ Շատ արվեստագետներ են եղել, որ փոխանակ իրենց ստեղծագործությունը վաճառեին, իրենք էին վաճառվում։ Վաճառվելը` ոչ թե որպես բրենդ, այլ վատ՝ «ծախվելու» իմաստով է ասվում։ Մեկը կարող է իշխանությանը վաճառվել, մեկն ինչ-որ մեծահարուստի, մյուսը՝ քծնելով, շողոքորթելով։ Պատմվածքում այն թվականներն են, երբ մարդիկ գոյության խնդիր ունեին ու շատերը մարդկային որակները ցածր նիշի էին հասցրել։

Դավիթ Սամվելյանը


«Իրեն թափ տվեց ու փորձեց ուղեղն անջատել. «Ո՞ւր ես, մայր իմ»-ն էր հնչում»։

   -Լսե՞լ եք Տիգրան Համասյանի մշակումը։

-Այո: Բառազրկված է, բայց մշակումը շատ-շատ եմ հավանել։


«Աշխարհը մի չգրված օրենք ունի. շատ փող ունենալու համար պիտի մարդ չլինես։ Ձեռքդ ընկած ամեն բան պիտի գրպանդ դնես, իսկ խիղճդ՝ ծալես, բռիդ մեջ ճմրթես ու մի կողմ շպրտես»։

   -Ազնիվ մարդը չի՞ կարող հարուստ լինել։

- Ցավոք, ապրել ենք այնպիսի արժեհամակարգով պետությունում, որտեղ վերը նշված բնորոշումներին համպատասխան էին մարդիկ հարստանում։ Պետք է գնահատող հասարակարգը կամ հասարակությունն ադեկվատ լինի. դու կարող ես ահավոր բարի մարդ լինել, բայց քո բախտը կարող է չբերել թե՛ ժամանակաշրջանի առումով, թե՛ շրջապատի առումով։ Այո, պետք է շարունակես ապրել, ուժերդ չկորցնես, բայց մարդիկ հոգնում են, զզվում են ու ելք են փնտրում, ու երբ սխալ մուտքով են դուրս գալիս, կործանվում են։


«Ամեն ինչ իր սահմանն ունի. կա՛մ դու ինքդ պիտի գծես այն, կա՛մ էլ քեզ կպարտադրեն գծել։ Երբեն էլ այդ գիծը հենց քո վրայով կարող է անցնել, երբ չափն անցնում ես»։

   -Ի՞նչ սահմանների մասին է խոսքը։

- Քո անելիքների, ասած խոսքերի, գործողությունների սահմանը։ Երբեմն պիտի ճիշտ պահին արգելակես։ Կյանքի մոլուցքի մեջ շատ բաներ ոտնատակ են տալիս, շատ մարդկանց, արժեքների վրայով անցնում։ Մարդկային հարաբերությունների մեջ էլ, եթե չափն անցնում ես, կարող է քեզ ուղղակի ջնջեն, գիծ քաշեն քո վրա։

«Հավերժ... Այս աշխարհում միայն փոփոխություններն են հավերժ...»:

   -Հակառակն էլ են ասում՝ ամեն ինչ կրկնվում է, պարզապես, գործող անձինք են փոխվում։

- Հա, բայց մեկ է՝ ինքը շարժման, փոփոխությունների մեջ է։ Ձեր ասածի վերաբերյալ (սա կոնտեքստից դուրս եմ էլի ասում (ժպտում է-հեղ)) երեկ կարդացի, որ Եգիպտոսում գտնված ամենահին ձեռագրում գրված է՝ «Աշխարհը նույնը չէ, ինչ առաջ, այսօր արդեն երեխաները չեն լսում իրենց ծնողներին»: Ուշադրություն դարձրեք, որ սա մ.թ.ա. 3000 թվականին են ասել։ Մնայուն բաներ կան աշխարհում, դրսեւորումներն են տարբեր, մարդու ցանկություններն են փոփոխվում, բայց այդ ամենը պետք է դիտարկել այն ժամանակաշրջանի մեջ, որում ապրում ես։ Դու կարող ես շատ բան իմանալ, բայց այդ իմացությունն ընդհանրապես ոչինչ չփոխի քո կյանքում։ Երբ ինչ-որ սահմանակետի ես հասնում, մի քայլ առաջ ես ուզում անցնել, մարդու բնությունն է այդպիսին։ Որ օրն այդ շարժումը դադարեց, մահացած ես։ Երկու բան կա. երբ զարմանալու, հիանալու ունակությունն ես կորցնում, եւ շարժման ունակությունը։ Առաջին հերթին մարդու միտքն է շարժվում, նոր՝ մարմինը, եթե միտքդ դադարեց շարժվել, ապա մարմնիդ շարժումը լավագույն դեպքում անիմաստ է դառնում։ Ցավոք, այդ շրջափուլը սկյուռիկի վազքի նման է լինում, որ ընկնում է թմբուկի մեջ ու վազում է։ Իրեն թվում է՝ շարժման մեջ է, բայց իրականում տեղում դոփում է։ Փոփոխություններ կան, որ դեպի վատն են տանում, փոփոխություն էլ կա՝ առաջ է տանում, բայց միշտ շարժումը պետք է։

Նանե Պետրոսյանը եւ Դավիթ Սամվելյանը


«Երբեք ծունկ չծալես որեւէ մեկի առաջ, բալե՛ս, միայն երկրպագելիս կծնկես, այն էլ երկնքի առջեւ»։

   -Իսկ եթե աթեի՞ստ են։

-Դե, կոնկրետ դեպքում բալեն աթեիստ չէր (ժպտում է,-հեղ)։ Աթեիստներն ընդհանրապես ծունկ չեն ծալում, իրենց «պատվիրաններից» մեկն է։ Մարդու առջեւ ինչո՞ւ ծունկ ծալես, նման ժամանակներ եղել են, չէ՞։ Կարող ես խոնարհվել մարդուն ներքուստ, իր արժանիքների համար, բայց երբեք ծունկդ չծալես։ Երբեմն, երբ ծունկ չես ծալում, ուզում են ծնկներդ կոտրեն, որ ծալվի։ Պետք է ինքդ քեզ չդավաճանես, որովհետեւ եթե ծունկդ ծալես, վրայովդ կանցնեն։


«Մոցո ջան, օրըմ էրգսով ամբերից վեր կթռնանք, ըստեղ անգամ Աստծու շնչառություն կլսվի, կերտանք Աստծուն բարեւ կիդանք ու հեդ գիկանք։ Մոցո ջան, ցավդ տանեմ, ես քըզի թեւեր իդամ, մենագ, թե ուզենաս թռնալ»։

   -Մարտունո՞ւ բարբառ է։

- Սասնա բարբառ է, հենց այդպես էլ պահել եմ, թողել եմ հերոսն այդպես խոսի։ Պատմվածքի հերոսն ինչ-որ չափով իրական կերպար է եղել, մնացածն էլ արդեն երեւակայության հարց է։ Կարմիր սարը կա եւ կա այն գյուղը, որտեղ այդ դեպքերը մասամբ կատարվել են։ Եթե չեմ սխալվում, գյուղի անունն Ավան կամ Արագածավան էր, հստակ չեմ հիշում։ Իրենք են Կարմիր սար կոչում։ Այո, իրականության գործոնը կա այս պատմվածքում։

«Իսկ հիմա փակիր գիրքն ու գնա գործերիդ. ախր գիրքը կարդում ես վերջաբանն իմանալու համար, հիմա արդեն գիտես՝ ինչ է լինելու վերջում, արդեն իմացար, որ եղել է այն, ինչը լինում է բոլոր վերջերում՝ մահ ու դժբախտություն»։

   -Ընթերցողին «տե՞ղն եք դնում»։

- Չէ, սա կյանքի դրաման է՝ ֆիլմ կլինի, թե գիրք։ Այդ ոճն, ուղղակի, իմ դուրն եկել է ։ Հա, ինչո՞ւ ոչ, թող երբեմն առերեսվի, կլինի ընթերցող, թե ֆիլմ դիտող, թող ինքն իր հետ առերեսվի, հասկանա՝ իր մեջ ինչ-որ բաներ պիտի փոխի։ Հաճույքը վերջի մեջ չի, այլ ընթացքից պետք է հաճույք ստանաս։ Հակադրություն կա. ընդհանրապես տեխնիկական զարգացումը մարդկանց օգնելու համար է նախատեսված, իսկ մարդու կյանքը հեշտանում է, երբ որոշակի գործողություններ դու չես կատարում՝ սկսած լվացք անելուց մինչեւ ճանապարհ գնալը, որ ավելի կարճ ժամանակում ես գնում։ Դրան զուգահեռ՝ մարդուն, երբ հարցնում ես, ասում է՝ «խառն եմ», «ժամանակ չունեմ», բայց երբ հետ ես նայում՝ ինչ է արել, տեսնում ես՝ երբեմն աղբով է լցվում, երբեմն զբաղմունքներ է հորինում։ Մարդիկ այսօր ուզում են խառը լինել, որովհետեւ մտածում են, եթե իրենք խառն են, ուրեմն՝ իրենցից լուրջ բան են ներկայացնում, ինչ-որ մեկից հետ չեն ընկնում։ Բայց միշտ կարեւոր բաներից ուշանում են, դրա համար ուզում են «վերջը» շուտ իմանան։ Երբ մարդիկ կյանքի թեթեւակի ճշմարտություն են իմանում, մտածում են՝ բոլորի հետ այդպես է եղել, բոլոր մարդիկ իրենց իմացածի մեջ կարող են տեղավորվել։ Յուրաքանչյուրն անհատ է, ինչքան էլ ընդհանուր գծեր ունենանք, շտապում են որակումներ տալուց։ Մարդիկ կյանքում ավելի շատ սպանում են. սպառելով կլինի, թե զգացմունքային առումով, մենք միշտ ավելի շատ սպանում ենք, քան՝ ստեղծում։ Ստեղծողները, արարողները քիչ են։

«Իսկ եթե ավելի ազնիվ գտնվենք՝ փող է պետք, փող պիտի ունենաս, որ երազանքներդ դամոկլյան սրի պես կախես ուրիշների գլխին, պատերազմը հաղթածի պես հորիզոնական պահած թուր-երազանքներդ պարզես ու ասես՝ «Անցե՛ք սրա տակով եւ փրկվեք...»:

   -Այսինքն՝ քո թվացյալ բարեկեցությամբ ստրկացնե՞ս մյուսներին։

- Մարդիկ այսօր ինքնակամ ստրկանում են փողին, Ձեր ասած բարեկեցությանը։ Գնում խցկվում են այդ թրի տակ, հասկանո՞ւմ եք, չի իջացնում գլխին, ինքը պահում է, իսկ մարդիկ գալիս մտնում են դրա տակ, որովհետեւ շատերի համար դա է տաք անկողինը. գնում փաթաթվում են։

Դավիթ Սամվելյանը



«Երբեմն խաբված ապրելը բախտավորություն է, խաբված լինելու գիտակցումն էլ՝ դժբախտություն, իսկ ես հարբել եմ, արբել եմ քեզնով. չգիտեմ՝ դժբախտ եմ, թե բախտավոր, բայց մի անանուն հիվանդությամբ եմ տառապում՝ հիվանդ եմ քեզնով»։

   -«Նա եւ նրա» եւ «Արտագաղթած կարոտ» գրքերում նմանատիպ տրամադրություն էր տիրում. կարծես Ձեր կերպարը միշտ հայտնվում էր «լքված սիրահարի» դերում։

- Այս հերոսը հոգեբուժարանում է: Հիվանդ են, չէ՞, լինում, որ հայտնվում են այնտեղ: Այդ մարդն էլ մյուս մարդով է հիվանդացել։ Հերոսների տրամադրության հետ կապված ասեմ, որ իրականում Դուք եւ ընթերցողն է այդպես տեսնում, այսինքն՝ պատմվածքի մեջ առնվազն վեց թեմայի եմ անդրադառնում, բայց ընթերցողը միշտ գտնում է սիրահարին, ես չգիտեմ՝ ինչու է այդպես: Դու տեսնում ես այն, ինչ ուզում ես տեսնել։ Ոչինչ, թող սիրահարը հիվանդ լինի կամ սիրահար լինի ընդհանրապես, բայց այդ կողքի թեմաները եւս պետք է նկատել։ Որովհետեւ այդ մարդը սկզբում ասում է՝ շատ բաներ է նկատել կյանքում, երբ որ դու տեսնում ես՝ ավելի դժվար է քո համար ապրել, քան այն մարդու համար, ով աչքերը փակում է։ Երբեմն նկատելուց, տեսնելուց խելագարվում ես։ Շատ դեպքերում «Նա եւ նրա»-ն կարդալուց մտածում են, թե ինչ-որ անձ է, առավել եւս՝ հակառակ սեռի, բայց պետք է, որ նկատած լինեք՝ «Նա»-ն մեծատառ է գրված, եթե դերանունը մեծատառ եմ գրել, ապա դա հորիզոնական խոսակցություն չէ, այլ՝ ուղղահայաց, դեպի երկինք է ձգվում, արդեն մենախոսություն է դառնում վերեւի հետ։


«Մտածում էինք՝ հեղափոխություն եղավ, հեսա կփոխվի ամեն ինչ։ Չէ, ախպեր, ոչ մի բան էլ չի փոխվել, նորից վատ ա...»։

   -Ի՞նչը խանգարեց, որ փոխվի։

-Որովհետեւ ինքը չի փոխվում, ինքն ուզում է աշխարհը, ամեն ինչ փոխվի, բացի իրենից։ Ոչ թե պատրաստ չի փոփոխությունների, այլ վախենում է դրանից։ Եթե հեղափոխություններին նայենք, դրանք միշտ երիտասարդներն են արել, որովհետեւ իրենք կորցնելու քիչ բան ունեն, իսկ տարիքով մարդուն դժվար է փոխել, ինքն արդեն կարծրացած է։ Չի փոխվել, գուցե, որովհետեւ սպասելիքներն են մեծ եղել, եթե այսօրվանը նկատի ունեք։


«-Մերոնք, Ցեղասպանությունն արանքից հանած, այն ամենի մասին, ինչն անցյալին է վերաբերում, ասում են՝ «առաջ լավ էր», ներկայում ոչ մի լավ բան կարծես չեն տեսնում։

-Բա ճիշտ են ասում, ի՞նչ լավ բան կա, հիմա լավը քֆուր ա դառել»։

   -Տաքսու վարորդները հասարակական տրամադրության ֆի՞լտր են։

-Մի քանի մասնագիտություն կա, որ կենդանի շփման մեջ ապահովում են օրվա «նյուզֆիդդ» (ժպտում է,-հեղ)։ Մարդիկ ճարահատյալ են տաքսի վարում, հասկանո՞ւմ եք, ոչ թե դա դիտարկում են որպես մասնագիտություն։ Որովհետեւ այդ մարդիկ կյանքում ինչ-որ բան են կորցրել, իսկ դրանից հետո իրենց կորցրածին հավասար չեն գտնում, դրա համար, երբեմն, այդպիսի կերպարների ենք հանդիպում ու ասում, որ բոլոր տաքսու վարորդներն իրար նման են։ Բոլորը նման են, որովհետեւ բոլորը կորցրել են ինչ-որ բան։ Տաքսու վարորդն էլ դժվար փոխվի. երբ աթոռդ տաքանում է, կապ չունի՝ իշխանական աթոռ է, թե տաքսու վարորդի, սովորում ես, ու արդեն դժվար է դրանից պոկվելը։ Մարդկանց համար լավ է. ե՛ւ քշում են, ե՛ւ փող են աշխատում։

Դավիթ Սամվելյանը


«Յուրաքանչյուրն իր հոգու պարտքն էր համարում միացման կոչով հանդես գալ․ «Միացի՛ր, ախպերս», «Անտարբեր մի մնա, միացի՛ր», հետո բոլորն անտաղանդ երգչախմբի նման վանկարկում էին՝ «մի-ա-ցո՜ւմ, մի-ա-ցո՜ւմ»։

   -Այս պատմվածքում ցուցարարներն անհատի կյանք են խցկվում ու խառնում նրա պլանները. մեծամասնությունը չի՞ հանդուրժում իր մաս չկազմող մարդկանց։

-Դուք երբեւէ տեսե՞լ եք բազմամարդ ցույց, որ ինչ-որ մեկը գալիս է լուրջ լսելու՝ ինչ է ասում ամբիոնի վրա կանգնած մարդը։ Տեսե՞լ եք մեկին, որ ուղղակի կանգնած լինի, երբ երրորդ ցույցին իրեն տեսնեն այդպես կանգնած, եւ էքստատիկ վիճակում չլինի, մարդիկ կասեն՝ լրտես է: Այս հերոսը կապ չուներ այն ամենի հետ, ինչ դիմացն եկավ։ Ինքս շատ եմ ցույցերի մասնակցել, իսկ մարդիկ էլ կային, որ շատերը դուրս էին եկել ցույցի, իրենք էլ դուրս եկան։ Հոծ բազմության մեջ կամ պիտի իրենց նմանվես, կամ ճանապարհդ թեքես, գնաս։ Եթե ասես՝ «Մի րոպե, սխալ բան ասաց առաջնորդը», գիտե՞ք՝ Ձեզ ինչ օրը կգցեն, կապ չունի ցույցը 1990թ.-ին էր, թե 2018-ին, դա զանգվածի հոգեբանություն է։ Եթե հատվածի շարունակությունը թողնեիք, կտեսնեիք, որ ցուցարաները, որոնք թրթռում են դրոշի վրա, երբ դրոշն էլ իրենց ոտքերի տակ չէր, շարունակում էին այդ գործողությունը։ Այսինքն՝ անգամ, երբ իմաստը կորում է, իրենք շարունակուն են մի բան անել, որովհետեւ արդեն անձ չեն, անհատ չեն, բազմության մի մասնիկն են։

Դավիթ Սամվելյանը


«Ախտորոշումը՝ քաղաքական ցնորյալ, կերպարն ասում է՝ «Գալիս էին ու ներդնում անում, եկողը ներդնում էր ինչ գրպանում կար»։

   -Կառավարությա՞նն եք հեգնում։

- Չէ (ծիծաղում է,-հեղ)։ Իրականում այս պատկերը ֆուտուրիստական է, այսինքն՝ իմ վատ տեսլականն է մեր երկրի վերաբերյալ։ Ես իրականությունը երբեմն շրջած եմ ներկայացնում, այնտեղ հիշում եք, չէ՞, հայերը փոքրամասնություն էին դարձել, Եհովայի վկաները չէին քարոզում։ Երբ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ներդնում է անում, իր երկրից դուրս, օրինակ՝ ԱՄՆ-ն ներդրեց հինգ միլիոն դոլար ու գործարան կառուցեց, բայց այդ երկիրն արդեն իրենցն է դառնում, հասկանո՞ւմ եք, պատմվածքի մեջ այդ երկիրն արդեն իրենցն են դարձնում։

«Քաղաքը կսկսի աստիճանաբար սպանել ինձ, որովհետեւ այստեղ իրականությունը միշտ պարտվում է հիշողություններին. հիշողությունները չեն մեռնում, հիշողությունները սպանում են մեզ։ Իսկ ես անզոր եմ... Ես մնում եմ...»։

   -Ինձ թվում էր՝ եթե մնում են, ուրեմն, ուժեղ են։

-Չէ, ես հիշողությունների հանդեպ եմ անզոր։ Երբեմն, հիշողությունները սպանում են քեզ, չեն թողնում, որ փրկվես իրենցից։ Սարդոստայնի պես գալիս են, փաթաթվում, բայց ես մնում եմ ու մնալու եմ, կապ չունի՝ այն իրականությունը, որը սիրում էիր, մեռել, թե փոխվում է։ Քաղաքի հոգին ուրվականի պես դեռ կա, ինչքան էլ ուզենան սպանեն, չի համբարձվելու երկինք, ինչքան էլ հին շենքերը քանդեն։ Այն մարդը, ով ծնվել է այս քաղաքում, եթե գնա աշխարհի ծայրը, մեկ է՝ իր հոգու մի մասնիկը տանելու է։ Կան նաեւ մարդիկ, որ փող ունեն, եկել են, կամ եկել է սովորի, գնա, կամ էլ ինչ-որ շահ է փնտրում քաղաքում, հատված էլ կար, չէ՞, «բոլորը պարտք են քաղաքին, բայց իրենց պարտքն են համարում քաղաքից խլել»։ Պետք է տաս քաղաքին, առաջին հերթին պետք է սիրտդ տաս, պետք է մնաս։ Ցավոտ թեմա է էլի։

«Հարցերին չսպասելով՝ գրպաններից հանում են պատասխաններն ու շպրտում դեմքիդ։ Նրանք սկսել են արհեստավարժ ու արհեստածին խոսքերով պատերազմել որբացած ու արվեստից խռոված քաղաքում։ Եվ ամեն ինչ այնքան չինական է...»։

   -Ովքե՞ր են նրանք։

-Նրանք ...իստերն են, ...ողներն են, «խելացիներն» են: Բոլորն այսօր մասնագետ են։ Երբ մեկին կանչում ես՝ սալահատակ խփելու, ինքը կարող է շատ հանգիստ քո տան էլեկտրոմոնտաժն էլ անել։ Ենթադրենք պատմաբանին որեւէ բան հարցնես քվանտային ֆիզիկայից, մի պատասխան կբստրի, կտա քեզ, հասկանո՞ւմ եք, այսօր բոլորն ամեն ինչին պատասխաններ ունեն, այսօր կարծիք չհայտնելը դարձել է ամոթ։ Կարծես ջրհորի մեջ պահած ազգ լինենք, ու երբ ջրհորի բերանը բացվել է, լույս ենք տեսել ու բոլորով վազում ենք դեպի այդ լույսը, բոլորը պետք է ամենաքիչը 100 կմ/ժ արագությամբ վազեն, եթե հանկարծ դու 70 կմ/ժ-ով գնաս, քո վրայով անցնելու են։ Ահավոր է. ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի, պետք է մասնագետ դառնա, նոր լուրջ կարծիք հայտնի։ Ես զզվել եմ խոսքերից, խոսքը կյանքում շատ կարեւոր տեղ ունի, բայց երբ չնչին մարդը վեհ խոսքեր է օգտագործում, արդեն այն վեհ մարդու ասած խոսքերն արժեզրկվում են։ Պետք է իմանալ, կարողանալ լռել։


«Ամենահեշտ բանն է փախչել իրականությունից, սակայն ամենացավոտ զգացողությունն ես ունենում, երբ իրականությունն է փախչում քեզանից»։

   -Ինչպե՞ս է իրականությունը փախչում մարդուց։

-Դրա համար էլ ես մնում եմ, չեմ փախչում իրականությունից։ Իրականությունը փախչում է, երբ դու այն տեղում չէիր, որտեղ քեզ սովոր էիր տեսնել։ Դժվար է տարիքով մարդկանց համար, երբ իրենք մի փողոցով գնում են, հաջորդ օրն այդ շենքը չի լինում, ծառերն էլ հատված են։ Երբ դու արթնանում ես, ու հարեւանդ, ում հետ սովոր էիր սուրճ խմել, հիմա չկա, տեղն ինչ-որ մեկն է եկել, որ նույնիսկ չի բարեւում։ Իրականությունը փախչում է քեզնից, երբ դու սովոր էիր չմտածել շատ բաների մասին, որովհետեւ անիմաստ էր դրա վրա ժամանակ ծախսելը։ Մի օր զարթնում ես ու տեսնում, որ մի բան այն չի, մարդիկ սկսել են ուրիշ ձեւ չմտածել, ոչ թե մտածել այլ չմտածել, բայց դու այդտեղ ես, ոտքերդ, ուղղակի, կպած են այդ հողին։

Դավիթ Սամվելյանը


«Ես վախենում եմ ազատությունից։ Ազատության մեջ ավելի շատ կորցնում ես, քան՝ գտնում։ Ազատվել է պետք այդ ազատությունից»։

   -Ի՞նչ են կորցնում եւ ի՞նչ են գտնում ազատության մեջ։

-Եթե պատրաստ չես լինում ազատությանը, եւ քեզ այն տրվում է, ապա միշտ կորցնում ես։ Ազատությունը երեւի պիտի չակերտների մեջ դնեի, որ ընթերցողը ճիշտ հասկանար՝ ինչ նկատի ունեմ։ Երբ քո արարքներն արդարացնում ես քո ազատ լինելով, դա արդեն ազատություն չէ։ Ազատությունն ընտրության հնարավորություն է առաջին հերթին, բայց դու չես կարող ընտրություն կատարել, երբ չգիտես՝ ինչ է չարը, բարին, ինչն է լավ կամ վատ։ Օդում, դատարկ տեղը չես կարող ընտրություն կատարել։ Այդ ազատության մեջ դու ընտրողից վեր ես ածվում ընտրվողի, խայծի ես վերածվում, որ կարող են ամեն պահի կուլ տալ։ Եվ իմ ասած կորցնելը հենց սրա մասին է, որ դու կարող ես քեզ կորցնել, կարող ես կուլ գնալ այդ ազատությանը։

«Սերը, տղա՛ս, սեր տու՛ր եւ սիրուն տրվի՛ր միայն, բայց ազատ եղիր, ինչպես թռչունը երկնքում»։

   -Սերն արդեն իսկ կապվածություն է ենթադրում, ինչպե՞ս կարելի համատեղել ազատության հետ։

-Քո հոգին պետք է թռչի։ Ֆիզիկապես կապված ես այդ մարդու հետ, բայց հոգիդ պետք է երբեք իր ճախրանքը չդադարեցնի, թե չէ կլճանաս։ Երբ քո կողքին մարդ է, որը ոչ թե օգնում է, որ թռչես, այլ մեխում է քեզ, դա չի կարող սեր լինել։ Սերն այն բանն է, որ միշտ տալուց քեզ մոտ կրկնապատկվում է, դա միակ զգացողությունն է, որ ինչքան էլ դատարկվես, կրկնապատիկ լցվելու ես, եթե չես լցվում՝ սեր չի։ Սեր իր իսկական, աստվածային իմաստով նկատի ունեմ։ Այս զգացողությունը պետք է նյութական, երկրային մակարդակից բարձր լինի, որովհետեւ երկրի վրա ամեն ինչ ժամանակի մեջ ծնվում է ու ժամանակի մեջ էլ մահանում։



Զրուցեց Նանե Պետրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ 
Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Հարցազրույցն իրականացվել է Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW