Տեւական դադարից հետո Քրիստինե Պեպելյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ: Սյոմա Կոդաբաշյանի հետ համագործակցության արդյունքում ծնված հոլովակի մանրամասներն ու լուսանկարները երգչուհին առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:
Պարզվում է՝ երգը նոր չէ. «Էլի կընտրեմ քեզ» ստեղծագործությունը Հովիկ Խաչատրյանի երգացանկից է. «Իմ երգացանկում սա երրորդ երգն է նրա երգացանկից, որը ներկայացնում եմ իմ տարբերակով: Մեծ սիրով եմ երգում Հովիկի երգերը, բայց շատ կցանկանամ, որ նա որպես երգիչ ավելի ակտիվ լինի: Նրա մեկնաբանությամբ երգերն ուրիշ համ ու հոտ ունեն: Ես՝ որպես երկրպագու, ասում եմ, որ նա հրաշալի կատարող է»,-նշել է երգչուհին:
Քրիստինե Պեպելյանը
Երգի խոսքերի հեղինակը Հովիկ Խաչատրյանն է, երաժշտության հեղինակը՝ Ռոման Տեր-Ավանեսյանը, գործիքավորումն արել է Գուրո Գասպարյանը, ձայնագրությունը` Մելս Գասպարյանը, մոնտաժը՝ Կարեն Մելքումյանը:
Հոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է.«Սյոմային շատ եմ սիրում, նա աշխարհի ամենաբարի մարդկանցից մեկն է, նրա հետ աշխատելը շատ հեշտ է»:
Դիմահարդարումը Քրիստինեն վստահել է Ագա Քանքանյանին, պարը՝ «Ամարաս» համույթին.«Աղջիկները պարում են Վիկա Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն՝ Վիկայի հետ վաղուց ենք ընկերություն անում»:
Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Երգչուհին հայտնել է, որ տեսարանները նկարահանվել են հիմնականում բացօթյա տարածքում.«Դրական, գունավոր տեսահոլովակ է ստացվել: Պրեմիերան կլինի մի քանի օրից` նոյեմբերի կեսին»:
Անդրադառնալով ստեղծագործական դադարին՝ Քրիստինեն ասել է.«Դադարի մեջ էի միայն առերեւույթ, ստեղծագործական առումով դադարի մեջ չէի: Կարճ, տրամաբանական դադարը կփոխհատուցեմ իմ նոր աշխատանքներով: Եվս մեկ նոր երգ եմ ձայնագրել, որը, հուսամ, տեսահոլովակ կունենա: Այնպես որ, բավական ակտիվ գործունեության մեջ եմ»:
Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` երգչուհու անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: