Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքում հերթական համալրումը 2017 թվականի նոյեմբերի 15-ին էր. ծնվեց հաղորդավարուհու եւ ռեժիսորի որդին՝ Ռոբը: Քանի որ երեկ՝ մայիսի 15-ին, Ընտանիքի միջազգային օրն էր եւ կրկնակի տոնական հենց այս ընտանիքի համար, BRAVO.am-ը սիրով հերթական անգամ հանդիպեց նրանց՝ զրուցելու եւ լուսանկարելու: Վայրի ընտրությունը, ի դեպ, պատահական չէր: Իսկ մեր հարցերին պատասխանել է բազմազավակ մայրիկը:
Ամենափոքրի մասին
Ռոբը ծնվել է, որ անդադար համբուրես, սիրես ու վայելես իրեն: Կարծես փափուկ, բարի ու չաղ արջուկ լինի: Նա եռապատկել է մեր երջանկությունը՝ դարձնելով մեզ շատ ավելի հարուստ, հպարտ ու բախտավոր:
Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը
Կրկնակի տոն
Ընտանիքի միջազգային օրը լրացավ նաեւ որդուս 6 ամսականը: Փուչիկներով, տորթով նշեցինք միանգամից երկու տոն:
Երբ բազմազավակ մայրիկը նաեւ աշխատում է
Մեր օրերում անհնար ոչինչ չկա, քանի որ անսահման են հնարավորությունները: Մեզ հետ է ապրում մեր հոգատար տատիկը, ով ամեն հարցում օգնում է մեզ: Աշխատանքիս օրերին մեզ օգնում է նաեւ դայակը, շաբաթ-կիրակի օրերին մայրիկս է օգնության հասնում եւ, իհարկե Գոռը, ով պատրաստ է բոլոր հարցերում օգնել ինձ:
Էվան եւ Սառան
Երեխաների դաստիարակության իրենց բանաձեւի մասին
Երբեք մի երեխայի հաշվին մյուսին չենք խնամում, դաստիարակում: Էվան իր տարիքին համապատասխան մոտեցում է պահանջում, Սառան՝ իր, ուստի նրանցից յուրաքանչյուրը շարունակում է ստանալ առանձնահատուկ վերաբերմունք: Դրա արդյունքում իրենք իրար շատ են սիրում:
Ընտանեկան հանգստի եւ սիրելի զբաղմունքների մասին
Մենք սիրում ենք միասին լինել. դա բավական է երջանիկ լինելու ու լավ ժամանակ անցկացնելու համար: Գոռն ու աղջիկներս խենթանում են երաժշտության համար, ուստի, երբ միասին ենք, հաճախ ենք երաժշտություն լսում, պարում ու խենթ խաղեր խաղում:
Հանգստի անբաժան մասն էլ զբոսանքն է: Երեւանում ամենից հաճախ լինում ենք Կասկադի տարածքում: Էվայի սիրելի վայրն է: Մենք էլ ենք շատ լավ զգում, այդ պատճառով էլ զբոսանքները կազմակերպում ենք հենց այստեղ:
Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը
Ընտանիքի խորհրդանիշի մասին
Մեր ընտանիքը նմանեցնում եմ սպիտակ աղավնու: Այն մեր ընտանիքի խորհրդանշական պատկերն է:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: