×


«Մեր ուղերձը եւ նպատակը սերն է»․Սթենլի Քլարքի համերգով մեկնարկել է «Yerevan Jazz Fest 2019»-ը

«Yerevan Jazz Fest» հոբելյանական հինգերորդ միջազգային փառատոնն իր բուռն ընթացքի մեջ է: Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Պրոդաքշն»-ի նախաձեռնած ջազային օրերի մեկնարկը տրվեց երեկ՝ «Գրեմմիի» քառակի դափնեկիր, բաս-կիթառահար Սթենլի Քլարքի խմբի համերգով։

Սթենլի Քլաքի խոսքով՝ ջազի ընդհանուր հայտարարն իմպրովիզացիան է. եթե երաժիշտներն ունեն իմպրովիզ անելու կարողություն, ապա անկախ էթնիկական պատկանելիությունից՝ դա նրանց միավորում է ջազ չսահմանված եզրույթում:

Սթենլի Քլարքի երեւանյան համերգին


«Կարծում եմ՝ ճշգրիտ կարծիք կազմելու համար որեւէ երաժշտախմբի մասին հարկ է նրանց հետ ճամփորդել՝ տեսնելու, թե ժամանակագրային առումով ինչպիսի էվոլուցիոն ճանապահով են անցնում։ Երաժշտությունը կենդանի արվեստ է եւ, անշուշտ, իր մեջ ներառում է էվոլուցիոն սկզբունքները՝ փոփոխության ենթակա է»,-նշել է երաժիշտը:

1970-ականներին Սթենլի Քլարքը եւ դաշնակահար Չիկ Կորեան հիմնում են «Return to Forever» խումբը, որն առաջին ֆյուժն բենդերից մեկն էր։ Քլարքի գործունեության արդյունքներից մեկն այն էր, որ բաս-կիթառն սկսեց ընկալվել որպես առանձին գործիք։ Լրագրողների հետ զրույցում երաժիշտը պատմել է, որ 16 տարեկանից ճամփորդում է եւ երաժշտական կարիերայի ընթացքում նկատել է՝ բռնությունը ստվերի պես հետեւել է իրենց.

Սթենլի Քլարքի երեւանյան համերգին


«Չգիտես՝ ինչու, պատերազմներ են, եւ տպավորություն կա, որ մարդու էության մեջ է մեկը մյուսին դեմ լինելը։ Բայց մարդկանց մեծամասնությունը, ըստ իս, իրենց էությամբ բարի են ստեղծված։ Քանի որ ջազ երաժշտության մեջ բառեր չկան, դժվար է հստակորեն հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում արտահայտել, այդուհանդերձ, մեր ուղերձը եւ նպատակը միշտ մեկն է՝ սերը»։

Քլարքի ներկայիս խմբի անդամները տարբեր երկրների երաժիշտներ են։ Նրանց թվում է նաեւ Չիկ Կորեայի աշակերտ, վրացի Բեկա Գոչիաշվիլին։ Դաշնակահարը, անդրադառնալով ջազ արվեստին, նշեց.

«Ինքս ջազի ներկայացուցիչ եմ, սակյան լսում եմ ոչ միայն ջազ, այլեւ տարբեր ժանրերի ստեղծագործություններ, եւ այդ բոլորը, միանշանակ, ունենում են իրենց ազդեցությունն ինձ վրա։ Բնավ պետք չէ ակնկալել, որ ջազ երաժիշտները պետք է միայն ջազ երաժշտություն նվագեն եւ չեն կարող կատարել այլ ժանրի ստեղծագործություն։ Մենք լսում ենք բոլոր ժանրերի երաժշտություն՝ Լեդ Զեփելին, Մոցարտ, Դեբյուսի կամ ժամանակակից երաժշտություն, այս բոլորի բաղադրիչները կարող են միաձուլվել եւ մեր արվեստում մատուցվել»։

Սթենլի Քլարքի երեւանյան համերգին


Համերգի բացման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր խոսքում ընդգծեց.«Արդեն հասցրել եմ զմայլվել եւ վայելել Հայաստանի հարուստ ջազային մշակույթը եւ անչափ ուրախ եմ հանդիսատեսի շարքերում տեսնել ջազի երիտասարդ սիրահարների: Ջազը նորարարության հնչյուններ են, երբ երաժիշտներն ինքնաբուխ կերպով միասին ստեղծում են երաժշտություն, եւ շատ տեղին է, որ ջազը սիրված է Հայաստանում, մի երկիր, որը հայտնի է իր ստեղծարարությամբ, իր իմպրովիզացիոն ուժով եւ փոքր մասնիկներից ամբողջական պատկեր ստանալու իր կարողությամբ, ինչպես դա արվում է ջազում»։

Սթենլի Քլարքի երեւանյան համերգին


Փառատոնի ընթացքում համերգային ծրագրով հանդես կգա նաեւ շվեդ բասիստ Լարս Դանիելսոնը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կկայանա «Վահագն Հայրապետյան եւ ընկերներ» խմբի համերգը, ինչպես նաեւ կցուցադրվի ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը։ «Yerevan Jazz Fest 2019» միջազգային փառատոնը կանցկացվի մինչեւ նոյեմբերի 1-ը:

Տեքստը՝ Նանե Պետրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport