×


«Միշտ փորձում եմ անել առավելագույնը». Տիգրան Հարությունյան

2018 թվականն արդեն մոտենում է ավարտին, եւ այդ առիթով մի շարք կազմակերպություններ անցկացնում են ամփոփիչ մրցանակաբաշխություններ՝ ընտրելով լավագույններին: Օրերս նման միջոցառում էր կազմակերպել նաեւ «Հանդես» հիմնադրամը եւ պարգեւատրել արվեստի, մշակույթի ու մեդիադաշտի լավագույն մասնագետներին, ովքեր տարվա ընթացքում աչքի են ընկել տարբեր նախագծերով ու ծրագրերով: Այսպես, «Տարվա լավագույն հաղորդավար» տիտղոսին է արժանացել Տիգրան Հարությունյանը, ով հայտնի է ինչպես հեռուստադիտողին, այնպես էլ ռադիոլսողին: BRAVO.am-ը Տիգրանի հետ զրուցել է ստացած մրցանակի եւ հաղորդավարի աշխատանքի հետաքրքիր ու բարդ կողմերի մասին:

Մոտ 30 տարի է` Տիգրան Հարությունյանն աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում: Այժմ նա վարում է «Երաժշտական առավոտ» եւ «Ձեր ցանկությամբ» ծրագրերը, իսկ «Ար» հեռուստաընկերության եթերում ներկայանում է «Վերադարձ» հաղորդաշարով, որի 100-րդ թողարկումը վերջերս եթեր հեռարձակվեց: Տիգրանն ասում է, որ հաղորդավարի աշխատանքը մեծապես տարբերվում է ռադիոյի եւ հեռուստատեսության եթերում:

Արսեն Գրիգորյանը եւ Տիգրան Հարությունյանը


«Եթե հեռուստատեսության դեպքում կադրի եւ հատուկ էֆեկտների միջոցով կարելի է շեղել ակնդրի ուշադրությունը, որ լեզվական սխալները չնկատի, ապա ռադիոյում դա անհնար է. քո ամեն սխալը կարող է միանգամից զգացվել եթերում: Ինձ համար շատ ավելի բարդ եւ պատասխանատու է աշխատել ռադիոյում, քան հեռուստատեսությունում: Քո մտավոր պաշարը միանգամից երեւում է, մարդիկ հասկանում ու զգում են, թե ով է նստած բարձրախոսի առջեւ»,- նկատում է հաղորդավարը:

Ինչ վերաբերում է ստացած մրցանակին, ապա Տիգրանը նշում է, որ այն ընդամենը խթան է իր համար.«Ընդհանրապես մրցանակներին ես միշտ վերապահումներով եմ մոտեցել, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե տարիներ շարունակ ինչ սկզբունքով են մարդկանց մրցանակներ, պարգեւներ ու կոչումներ շնորհել: Իմ պարագայում սա փոքրիկ խթան է, գնահատական, որը, ի՞նչ խոսք, հաճելի է: Նույն կերպ հաճելի է ռադիոլսողի արձագանքը, երբ զանգահարում եւ ուղիղ եթերում փորձում է գնահատական տալ քո աշխատանքին, հեռուստադիտողի արձագանքը եւ, իհարկե, հանդիսատեսի, ով քեզ ծափահարում է միջոցառման ժամանակ»:

Տիգրան Հարությունյանն ընդգծում է, որ ինչպես յուրաքանչյուր հաղորդավար, ինքը նույնպես ունի մեծ ծրագրեր եւ նպատակներ, միայն թե այդ ամենը կապված է տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունների հետ.«Այն, ինչ այս պահին ես անում եմ, փորձում եմ անել որակով: Իհարկե, շատ բան կարող ես ցանկանալ, բայց հնարավորություն չլինի: Ես չեմ սիրում դոփել տեղում, միշտ փորձում եմ անել առավելագույնը»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տիգրան Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին