×


«Մտքովս չէր անցնում, որ բազմազավակ մայր կլինեմ». Նորա Գրիգորյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը դստեր ծննդից առաջ

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր, բեմադրող Նորա Գրիգորյանն այս շրջանում ապրում է կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկը՝ ընդամենը մեկ ամսից լույս աշխարհ կգա նրա երրորդ բալիկը: Նորան ընտանիքի հետ լուսանկարվել է BRAVO.am-ի համար, պատմել ապագա փոքրիկի անվան խորհրդավոր ընտրության մասին, եւ ոչ միայն:

«Անհամբեր եմ դստերս տեսնելուն, որպեսզի հորս ողջ կարոտն ու սերը նրան նվիրեմ: Իհարկե, երբ երկար եմ մտածում, ինքս ինձ վրա զարմանում եմ. տարիներ առաջ անգամ մտքովս չէր անցնի, որ բազմազավակ մամա եմ լինելու: Բայց ինձ դուր է գալիս այս կարգավիճակը, դրա համար շնորհակալ եմ Աստծուն, նաեւ գիտակցում եմ, որ միայն ու միայն ինձնից է կախված, թե ինչպիսի մարդիկ կմեծանան երեխաներս: Իսկ այն միտքը, որ հայրս ինձ հետ է թեկուզեւ երկնքում, ինձ ուժ է տալիս, որպեսզի լավ մայր լինեմ երեխաներիս համար»,- պատմեց նա:

Նորա Գրիգորյանի ընտանիքը


Նորան եւ դերասան Էրվին Ամիրյանը դստեր անվան ընտրության մասին անգամ չեն մտածել.«Հորս մահվանից հետո քույրս երազ էր տեսել. նրան հայրս ասել էր՝ Նորային ասա, որ նոյեմբերին ամեն ինչ լավ կլինի, իսկ բալիկի անունը Սաշա դնեմ, արդեն կարելի է։ Իրականում, երբ երկվորյակներիս էի սպասում, տղայիս անունն ուզում էինք Ալեքսանդր դնել, բայց հայրս չհամաձայնեց: Այս նոյեմբերին հյուրախաղերից հետո հանկարծակի իմացա, որ բալիկի եմ սպասում, միանգամից հիշեցի երազը։ Այնուհետեւ խոսեցի Էրվինի հետ, եւ միասին որոշեցինք, որ Ալեքսանդրային ենք սպասում»,- հիշեց նա:

Բազմազավակ մայրիկ լինելու հանգամանքը Նորային չի վախեցնում: Ասում է՝ օգնողներ շատ ունի.«Հետաքրքիր է, բայց անհանգստություն չունեմ, հավանաբար, առաջին ծննդաբերությունից ունեցած տպավորություններս թարմ են: Փառք Աստծո, մայրս, սկեսուրս, ամուսինս, եղբայրս, դայակս, բոլորն էլ օգնական են ինձ։ Իսկ բալիկներիս այնպես եմ դաստիարակել, որ իմ կողքին հանգիստ են, օգնող են, նրանց հետ խոսում եւ շփվում եմ գիտակից, մեծ մարդկանց նման, դրա շնորհիվ էլ ամեն ինչ հասկանում են»:

Նորա Գրիգորյանի ընտանիքը


Նորայի՝ գրեթե 3 տարեկան երկվորյակները եւս անհամբեր սպասում են քույրիկի լույս աշխարհ գալուն: Երջանիկ մայրիկի խոսքով՝ երեխաներն արդեն պատրաստ են, որ տանն իրենցից բացի, եւս մեկ փոքրիկ է ապրելու:

«Ճիշտ է՝ գիտեմ, երբ ծնվի պուճուրը, կխանդեն, ուշադրություն կպահանջեն ինձնից, եւ դա նորմալ է։ Ես կփորձեմ հնարավորինս պահպանել այն հարաբերությունները, որոնք եղել են իմ ու փոքրիկներիս միջեւ։ Հիմա արդեն նրանք պլանավորում են, թե ինչպես են երեխային լողացնելու, քնեցնելու, սայլակով զբոսանքի տանելու, մեկ-մեկ մոտենում են փորիկիս ու ասում՝ «Лялечка, выходи»»,-պատմեց Նորան:

Բեմադրիչի խոսքով՝ արդեն իսկ դեկրետային դադարի մեջ է, բայց շարունակում է աշխատել: Նորան նկատեց՝ հղիությունն աննկատ է անցնում։
«Պատահում է՝ անգամ ես ու Էրվինը մոռանում ենք, որ հղի եմ։ Հաճախ ասում եմ՝ Էրվին, հիշում ես, չէ՞, հուլիսին բալիկի ենք սպասում, ու միասին ծիծաղում ենք։ Ճիշտ է՝ նա էլ է շատ ծանրաբեռնված, սակայն համոզված եմ, որ թեւ ու թիկունքս կլինի այս դժվար աշխատանքային եւ ընտանեկան գրաֆիկում: Ընդհանուր առմամբ, փառք Աստծո, շատ թեթեւ հղիություն եմ տանում, փորձերին էլ թռվռում, ակտիվ շարժվում եմ, աստիճաններով արագ իջնում ու բարձրանում եմ բեմ, մեկ էլ նկատում եմ՝ դերասանները սառած ինձ են նայում, երբեմն էլ խրատում, որ զգույշ լինեմ։ Բայց նույնն էլ տանն է՝ ակտիվ կենցաղային գործերով եմ զբաղվում, երեխաներին եմ խաղացնում, գրկում»,- ասաց Նորան:

Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը


Նա նաեւ մանրամասնեց աշխատանքների մասին.«Ամիսներ առաջ ինձ հրավիրեցին մի ներկայացում բեմադրել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, եւ ահա հունիսի 29-ին եւ 30-ին կկայանա «Սիրելիներից մի բաժանվեք»՝ ըստ Ալեքսանդր Վոլոդինի պիեսի առաջնախաղը։ Չնայած կարգավիճակիս՝ այնքան հաճույքով եւ հետաքրքիր են անցնում փորձերը։ Այստեղ հավաքված են հիանալի դերասաններ, մեզ մոտ թեթեւ, ուրախ ու ստեղծագործ մթնոլորտ է տիրում։ Իսկ պիեսը շատ կարեւոր, հասարակ ու անկեղծ միտք է ունի՝ եթե սիրում ես, աշխատիր ամեն ինչ անել, որ չկորցնես։ Անչափ շնորհակալ եմ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ով վստահեց եւ հրավիրեց ինձ այս աշխատանքի համար։ Նրանց շնորհիվ է, որ չեմ նկատում հղիությունս, արթնանում եմ ու լավ տրամադրությամբ շտապում փորձի։ Դեկրետային դադար ինձ համար գոյություն չունի։ Աշխատանքներս շարունակելու եմ, հիմա զուգահեռ անցկացնում եմ նաեւ այլ ներկայացման փորձեր, որի առաջնախաղը կլինի սեպտեմբերին»։

Բալիկի ծննդից մեկ ամիս անց Նորան նախատեսում է վերադառնալ աշխատանքի:

Տեքստը՝ Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport