×


«Ներիր ու փրկիր քեզ». «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան համախմբել էր բազմաթիվ հայտնիների

Հայաստանյան կինոէկրաններին հայկական նոր ֆիլմ է ցուցադրվում, որն աչքի է ընկնում հատկապես հայտնի ու սիրված դերասանների ընտրությամբ եւ նրանց տարբերվող խաղով: Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լեւոնյանի, Արաբո Գրիգորյանի, Գեորգի Հովակիմյանի, Նարինե Պետրոսյանի, Աննա Դովլաթյանի եւ մյուսների մասնակցությամբ ֆիլմի` «Ա.Կ.Ա.»-ի առաջին ցուցադրությունը երեկ էր: Թե ինչ նշանակություն ունի ֆիլմի անվանումը, ինչպես են ընտրվել դերասանները, ինչպես են ընթացել նկարահանման աշխատանքները, BRAVO.am-ը պարզել է ֆիլմի ռեժիսորի, պրոդյուսերների ու դերասանների հետ զրույցներում:


Նշենք, որ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արմեն Միրզոյանն է, իսկ պրոդյուսերները՝ Սարգիս Գրիգորյանն ու Արաբո Գրիգորյանը, ովքեր մասնակցել են նկարահանումներին նաեւ որպես դերասաններ: Արմեն Միրզոյանը պատմեց, որ ֆիլմի սցենարի վրա աշխատել է 6-7 մասնագետ, իսկ գաղափարն ի սկզբանե իրենն ու Սարգսինն է եղել: Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի, իսկ նկարահանման աշխատանքները՝ 26 օր: Սկզբում ֆիլմի աշխատանքային վերնագիրն այլ է եղել, իսկ հետո ընտրվել է «Ա.Կ.Ա. Ներիր ու փրկիր քեզ» տարբերակը:

Խորեն Լեւոնյանը եւ Սարգիս Գրիգորյանը



«Ա.Կ.Ա.-ն գլխավոր հերոսների անունների առաջին տառերն են, այսինքն՝ Արամ, Կարեն եւ Արթուր: Որոշել ենք այդպիսի անվանում ընտրել, քանի որ այն կարող է հիշվել ու հետաքրքրել մարդկանց: Դուք, օրինակ, հարցնում եք, չէ՞, թե ինչու՝ «Ա.Կ.Ա.»: Այս դեպքում մենք փորձել ենք գաղտնիք թողնել հանդիսատեսի համար, որպեսզի նրանք հետաքրքրվեն ու իմանան»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արաբո Գրիգորյանը:


Սարգիս Գրիգորյանն էլ խոստովանեց, որ Արաբոն ի սկզբանե դեմ է եղել այդ անվան ընտրությանը, սակայն իրենց հաջողվել է համոզել նրան.««Երկուսը՝ մեկում» ենք արել. բացի այն, որ հերոսների անունների առաջին տառերն են, նաեւ Կալաշնիկովի ավտոմատ է նշանակում: Կերպարի ածականն էլ հենց ինքնաձիգի անունով է, քանի որ դա նրա սիրելի զենքն է»,- ասաց Սարգիսը:

Վարդան Հովսեփյանը՝ կնոջ հետ



Ֆիլմի հեղինակներն ընդգծում են, որ այն պատմում է իսկական ընկերության ու սիրո մասին: Ըստ սյուժեի՝ գեներալ Բաղրամյանի կրտսեր որդին՝ Արամը, ուսումն ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք: Այդ կարեւոր օրը, մինչ ընտանիքը նշում է Արամի վերադարձն ու գեներալի նշանակումը, Արամն իր ընկերոջ՝ Կարենի հետ գնում է ակումբ՝ չնայած ավագ եղբոր հորդորներին: Ակումբում ծեծկռտուք է սկսվում, ինչի ժամանակ Արամը կրակում է հոր նվիրած ատրճանակով: Հետեւանքը նրա յոթ տարվա ազատազրկումն է լինում եւ գեներալի հանելուկային մահը...


Խորեն Լեւոնյանն իր խոսքում նկատեց, որ հաշվի առնելով ֆիլմարտադրության ներկայիս վիճակը Հայաստանում՝ պիտի ուրախանալ գեղարվեստական ֆիլմերի ծնունդով.«Չգիտեմ՝ այդ սերիալային քաղաքականությունն ուր կհասնի: Ճիշտ է՝ աստիճանաբար կարճանում է սերիալների տեւողությունը, եւ դարձել է 16 մաս, կամ էլ 2500-ի փոխարեն՝ 400 (ժպտում է,- հեղ.): Դա լավ է, բայց ես միշտ ուրախանում եմ, որ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, քանի որ այդ մարդիկ ինձ համար խենթ ու խելառ են, եթե որոշում են փող ծախսել ֆիլմի վրա ու ակնկալել, որ ինչ-որ բան դրանից կստանան: Կարծում եմ՝ դա շատ դժվար է»:

Խորեն Լեւոնյանը, Արաբո Գրիգորյանը եւ Սարգիս Գրիգորյանը



Դերասաններից Գեորգի Հովակիմյանը, ում կինոդիտողը սովոր է տեսնել հիմնականում դրական կերպարներում, այս անգամ բացասական հերոսի է մարմնավորում: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք հեշտ է համաձայնել նման կերպարում հանդես գալ.«Ես մի բան գիտեմ, որ Ռոմեո հաստատ չէի կարողանա խաղալ նույնիսկ երիտասարդ ժամանակ, էլ ուր մնաց՝ հիմա: Բայց երբ ծանոթացա սցենարին, կերպարն ինձ շատ հետաքրքրեց: Ի վերջո կյանքում մեր կողքին այդպիսի մարդիկ կան, նրանք չեն անհետանա երբեք: Եվ դերասանի համար բավական հետաքրքիր է նման կերպարի հետ աշխատելը: Շատ մեծ հաճույքով ընդունեցի հրավերը, քանի որ ինձ էլ էր հետաքրքիր՝ ինչ կստացվի»,- պատասխանեց դերասանը:


Աննա Դովլաթյանն էլ, ում մարմնավորած հերոսուհին կուրանում է եւ երկար ժամանակ ապրում առանց աչքի լույսի, խոստովանեց, որ բավական բարդ է նման դերով հանդես գալը.«Շատ շնորհակալ եմ ռեժիսորին ու պրոդյուսերներին, որ այդ կերպարը վստահեցին ինձ: Շատ եմ աշխատել, ֆիլմեր եմ դիտել, ընթերցել եմ, ամեն բան արել եմ, որ լավ ներկայանամ: Անկեղծ ասած` չեմ էլ պատկերացնում՝ ինչպես է ստացվել, որովհետեւ դեռ չեմ դիտել ֆիլմը: Անչափ ուրախ եմ, որ նման պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատանք ունեցա, պատմություն»:

Լիդուշիկը եւ Մանո Գրիգորյանը՝ երեխաների հետ



Իսկ թե իրականում ինչպիսին է Սարգիս Գրիգորյանի եւ նրա թիմի ստեղծած աշխատանքը, կարող է գնահատել հենց կինոդիտողը: Մեծ մասամբ հանդիսատեսի արձագանքից է կախված՝ նոր դրամաներ կնկարահանվեն այս թիմի կողմից, թե՝ ոչ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին