×


«Նրանց քույրը»՝ մոնոներկայացում երեւանյան թունելում

Մանկական երկաթուղու երկաթգծի թունելում այսօր արդեն երկրորդ անգամ դերասանուհի Նորա Բադալյանը կխաղա «Նրանց քույրը» մոնոներկայացումը, որի առաջնախաղը տեղի է ունեցել «Արմմոնո» 17-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում։

Ներկայացման երիտասարդ բեմադրիչ Հռիփսիմե Շահինյանը նշել է, որ միտքն առաջացել է փորձերի ժամանակ, այսպես ասած, բեմադրելիս.«Սակայն դա էլ է ունեցել իր նախապատկերը, որն առաջացել էր պիեսի հենց առաջին ընթերցումից. ես այդ կերպարին տեսա երկու պատերի արանքում, սեղմված, կարծես, աջ կամ ձախ գնալու հնարավորությունից զրկված, իսկ առջեւում հանդիսատեսն է, ետեւում՝ խոր խավար: Հետո մոռացա այդ պատկերը, եւ երբ սկսեցինք փորձերը, այն վերադարձավ որոշ չափով՝ դերակատարման մեջ ( կերպարը միայն առաջ-ետ շարժման մեջ է):

Նորա Բադալյանը


Իսկ երբ բեմադրությունը մոտենում էր ավարտին, շարունակ մտովի փնտրում էի այն տարածքը, որը կհամապատասխաներ, եւ ունեի այն զգացումը, որ դա բեմ չէ: Անընդհատ մտածում էի թունելի մասին: Պրեմիերաները խաղացինք բեմում, սակայն հենց բեմում փորձեցինք ստանալ թունելային լուսավորություն: Միտքս շարունակ փնտրում էր: Ընկերներիս անընդհատ հարցնում էի հնարավոր թունելի մասին: Եվ շատ հետաքրքիր եւ բարեհաջող ձեւով հասանք Մանկական երկաթուղու երկաթգծի թունելին, որտեղ մեզ ընդունեցին շատ բարեհամբույր»,- պատմել է նա։

Մի շարք մոնոներկայացումներից ծանոթ դերասանուհի Նորա Բադալյանն ասել է՝ ինքն այն դերասաններից է, որը երբեք չի խուսափում փորձարարություններից.«Երբ որոշում կայացվեց ներկայացումը խաղալ թունելում, ինձ այդ գաղափարը շատ հետաքրքիր թվաց։ Մանավանդ, որ ի սկզբանե, բեմադրիչը պատկերացնում էր հերոսուհուն հենց այդտեղ։ Դա փորձեցինք ստանալ թատրոնի բեմում»։

«Նրանց քույրը» մոնոներկայացմանը


Դերասանուհին նշել է, որ իրենց, այսպես ասած, ուղեւորությունը սկսվում է Մանկական երկաթուղու կայարանից.«Ուղեւոր-հանդիսատեսին գնացքը տեղափոխում է դեպի թունել, որտեղ չկա ո՛չ լույս, ո՛չ ձայն։ Միայն մոմեր են վառվում։ Բայց որպեսզի դիսկոմֆորտի զգացողություն չլինի, մենք առաջարկում ենք աթոռներ: Ներկայացումը մոտավորապես քառասուն-քառասունհինգ րոպե է տեւում»։

Խոսելով հոլանդացի հեղինակ Լոտ Վեկեմանսի պիեսի մասին՝ Նորա Բադալյանն ընդգծել է, որ ներկայացումը սիրո, ընտրություն կայացնելու մասին է, եւ որ մարդիկ երբեմն չեն նկատում իրենց սիրող մարդկանց.«Ամբողջ կյանքի ընթացքում մեզ, կարծես, հետապնդում է ընտրություն կայացնելու հարցը։ Կարելի է ասել, որ ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան այն մեզ հետ է։ Եվ կարեւոր չէ, թե ինչ հարց է։ Այն կարող է լինել շատ պարզունակ՝ կենցաղային, եւ հակառակը՝ գլոբալ։ Եվ դու պետք է ընտրություն կայացնես»։

Նորա Բադալյանը


Նշենք, որ Լոտ Վեկեմանսի «Նրանց քույրը» ներկայացման նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, պիեսի թարգմանիչներն են Լիլիթ Ալեքսանյանն ու Նաիրա Վան Խեյնհաուզենը։

BRAVO.am
Լուսանկարները՝ ներկայացման արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW