Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմադրվել է հայ ժողովրդական էպոսը`«Սասնա ծռերը»: Նոր ներկայացման մեջ ընդգրկվել է թատրոնի երիտասարդ ներուժը, որն իր մոտեցմամբ ու իր լուծումներով է փորձել պատկերել ազգային էպոսը: Իհարկե, սա ռիսկային քայլ է թատրոնի ղեկավարության եւ հատկապես ռեժիսորի` Սամսոն Մովսեսյանի կողմից, բայց ինչպես իրենք են նշում, պատրաստ են լսել կարծիքներ ու քննադատություններ` անհրաժեշտության դեպքում որոշ դետալներ փոփոխելու նպատակով: «Սասնա ծռեր»-ի առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել ներկայացման հեղինակների հետ եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները բեմում ու ետնաբեմում:
Նշենք, որ ներկայացման գաղափարի ու բեմադրության հեղինակը ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին առաջարկել է բեմ բարձրացնել ազգային էպոսը: Վերջիններս, ինչպես հայտնի է, նպատակ ունեն խրախուսել երիտասարդ կադրերին եւ ըստ այդմ՝ համաձայնել են միասին համագործակցել ու նոր շունչ հաղորդել հերոսավեպին:
«Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերային
«Մենք բեմադրության գեղարվեստական ընթացքին չենք միջամտել, թույլ ենք տվել, որ բեմադրիչն ինքն իր միտքն արտահայտի: Կարծում եմ` հետաքրքիր ներկայացում է ստացվել՝ նոր լուծումներով ու նոր մոտեցումներով, եւ լիահույս եմ, որ մեր հանդիսատեսը կսիրի այն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Մկրտչյանը:
Ինքը՝ ռեժիսորը, համոզված է, որ «Սասնա ծռերն» արդիական է նաեւ այսօր, քանի որ այն յուրաքանչյուրիս մասին է, եւ ըստ նրա՝ չկա աշխարհում մի հայ, որին չվերաբերի այս պատմությունը. «Ցանկացած ներկայացում, որը բեմ է բարձրացվում, տարբերվում է թե՛ իր ձեւաչափով, եւ թե՛ իր լուծումներով ու ոճով: Այս դեպքում մեր բեմադրությունը տարբերվում է նաեւ աշխատանքի ծավալներով, քանի որ «Սասնա ծռերը» բավական ծանր ու մեծածավալ գործ է: Մենք անընդհատ ասում էինք` ինչ լավ է, որ վերցրինք այս գործը. ինքներս էլ վերհիշեցինք ու ճանաչեցինք մեր էպոսը: Այսինքն՝ ներկայացումը խնդիր ունի նաեւ բոլորիս հիշեցնել մեր հերոսավեպը, թե ինչ մեծ հարստություն ունենք մենք»,- նկատեց Սամսոն Մովսեսյանը:
«Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերային
Ինչ վերաբերում է բեմադրության լեզվին, ապա փորձ է արվել հնարավորինս չվնասել էպոսի կառուցվածքը: Որոշ տեղերում ռեժիսորը գտել է հոմանիշներ, որոնք հասկանալի կլինեն այսօրվա հանդիսատեսին ու միաժամանակ չեն վնասի տեքստի հանգավորմանը: Այդ նպատակով ընտրվել է այնպիսի ձեւաչափ, որում կան պատմողների տեքստեր, որպեսզի պահպանվի էպոսի ամբողջականությունը, եւ այն չդառնա պարզապես դրամատիկ ստեղծագործություն, որտեղ միայն տեսարաններ են խաղում: Դերակատարները հաճախ իրենք են պատմում՝ հետագա զարգացումներում ինչ եղավ իրենց հերոսի հետ, եւ այս առումով պետք է նկատել, որ դերասանական խաղը կենդանի էր, խոսքն էլ՝ հնարավորինս առանց պաթոսի:
Ներկայացման դերերում հանդես են գալիս Խորեն Լեւոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթեւոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Տաթեւ Հոռոփյանը եւ այլք: Նկատենք, որ երկար դադարից հետո բեմ է վերադարձել Խորեն Լեւոնյանը, ում հրավիրելու առաջարկը եղել է Արմեն Էլբակյանինը: Ի դեպ, Խորենն արդեն Մայր թատրոնի դերասանական կազմում է, եւ առաջիկայում կլինեն մի շարք նոր ներկայացումներ նրա մասնակցությամբ. «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր համագործակցություն ստացվեց Խորեն Լեւոնյանի հետ, որովհետեւ նա սիրում է աշխատանքի ընթացքում անընդհատ փնտրել, մինչեւ վերջնական եզրահանգումների գա իր կերպարի հետ կապված: Նա անընդհատ որոնումների մեջ է, ինչն էլ իր տեսակի առանձնահատկությունն է»:
«Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերային
Խորեն Լեւոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց՝ անչափ ուրախ է, որ կրկին մեծ բեմ է բարձրանում եւ ներկայանում է հանդիսատեսին նոր ներկայացմամբ ու նոր դերով: Էպոսի բեմադրությունն էլ կարեւորում է օդ ու ջրի պես, քանի որ այն մեր պատմությունն է, մեր իրականությունը եւ մեր ժամանակների ամենալավ հայելին. «Ինչքան կարդում ենք, ինչքան փորձում ենք վերլուծել, հասկանում ենք, որ ամբողջությամբ մեր մասին է: Ինչ վերաբերում է Սամսոնին, ապա ես չէի ասի, որ նա երիտասարդ ռեժիսոր է. նա բավական լուրջ, կայացած ու լավ ռեժիսոր է եւ շատ հետաքրքիր է իր տեսակով ու մտածելակերպով: Ես շատ ուրախ եմ, որ նա մայր թատրոնում բեմադրություն է անում»:
«Սասնա ծռեր»-ի առաջնախաղն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ, ինչից կարելի է ենթադրել, որ հանդիսատեսը հավանեց այն: Իհարկե, դերասաններն ու ռեժիսորները դեռ շատ դիտողություններ ու կարծիքներ կլսեն իրենց աշխատանքի մասին, բայց չէ՞ որ թատրոնը զարգանալու եւ փոփոխվելու հնարավորություն ունի, եւ այդ նկատառումները կլինեն միայն ի օգուտ ներկայացման:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: