×


«Սեզար 2019»-ի «ազնավուրյան» հուզիչ պահերն ու կինոաստղերի բարձրաձայնած խնդիրները

Փարիզի հանրահայտ «Pleyel» համերգասրահում երեկ տեղի է ունեցել ֆրանսիական կինոյի ամենամեծ իրադարձությունը` «Սեզար 2019»-ը։ Ամենամյա մրցանակաբաշխության 44-րդ արարողությունը նվիրված էր լեգենդար երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի հիշատակին։ Նա նկարահանվել է շուրջ 60 ֆիլմում եւ Սեզարի արժանացել` կինոաշխարհում ունեցած իր մեծ ավանդի համար։

Արարողության ընթացքում ցուցադրվեցին Ազնավուրի դերակատարումներով ֆիլմերից հատվածներ, որին հաջորդեց նրա «Je m'voyais déjà» երգի կատարումը` դերասան, երգիչ Էդդի դե Պրետտոյի կողմից։

«Սեզար 2019»-ը նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին


Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանին, նաեւ օրերս կյանքին հրաժեշտ տված հանրահայտ դիզայներ Կարլ Լագերֆելդին, ում ֆիլմաշխարհի ներկայացուցիչները ներկայացնում են որպես դերասանների ընկեր եւ բարեկամ։

«Ֆրանսիական Օսկարի» կարմիր գորգի վրա քայլելու համար դերասաններն ու դերասանուհիները ջանք չէին խնայել. բոլորն առանձնանում էին իրենց կերպարներով։ Հատուկ ուշադրության արժանացան Մոնիկա Բելուչին, Լիլի-Ռոզ Դեպը. նրանց լուսանկարները վայրկյաններ անց հայտնվեցին ինտերնետային կայքերում, իսկ այդ ընթացքում լարված սպասումն էր, թե ովքեր տուն կտանեն բաղձալի արձանիկը։

Ալեքս Լյուցը


Բացի շնորհակալական խոսքերը, աստղերը բազմիցս բարձրաձայնեցին ընտանեկան բռնության եւ երեխաների նկատմամբ սեքսուալ բռնությունների խնդիրները։ Լավագույն դերասանուհի մրցանակին արժանացած Լեա Դրյուկերը հենց նման դերակատարման համար ստացավ իր կինոմրցանակը. «Խնամակալություն» («Jusqu'à la garde») ֆիլմում նա մարմնավորում է ամուսնու կողմից բռնության ենթարկված կնոջ կերպար։ Քսավյե Լեգրանի ֆիլմը հեղինակներին 4 մրցանակի արժանացրեց` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սցենար» եւ «Լավագույն կին դերասանուհի»։ Լավագույն դերասան հռչակվեց Ալեքս Լյուցը։

Լիլի-Ռոզ Դեպը


Արարողությունը վարում էր դերասան Կադ Մերադը: Նա իր խոսքը կատակներով էր համեմում, իսկ վերջում հիշեցրեց, որ բոլորին ընդունելություն է սպասվում փարիզյան շքեղ ռեստորան «Ֆուքեթս»-ում։

«Սեզար» մրցանակը Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ տեխնիկայի ակադեմիայի կողմից հանձնվում է 1976 թվականից: Այն կրում է արձանիկ-մրցանակի հեղինակ, քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունը։

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW