×


«Սուսերով պարը» ֆիլմի երեւանյան պրեմիերան եւ Արամ Խաչատրյանի կյանքի երկու շաբաթը

Ինչ պետք է զգա կոմպոզիտորը, որպեսզի ութ ժամվա ընթացքում ստեղծի այնպիսի նշանավոր գործ, ինչպիսին Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» է՝ սա է այն գլխավոր հարցը, որին փորձել է պատասխանել ռեժիսոր Յուսուպ Ռազիկովն իր նոր ֆիլմը ստեղծելիս: Հայ մեծանուն կոմպոզիտորի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթել է հենց նրա աշխատանքը, որի արդյունքում էլ ստեղծվել է «Սուսերով պար» ֆիլմը: Այսօրվանից այն ցուցադրվելու է Հայաստանի բոլոր կինոթատրոններում: Իսկ պրեմիերային ընդառաջ երեկ «Սինեմա Սթար»-ում կայացել է նաեւ ֆիլմի փակ նախադիտումը լրագրողների եւ հրավիրված հյուրերի համար, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Համբարձում Քաբանյանը, Յուսուպ Ռազիկովը եւ Արման Նավասարդյանը


1942 թվական, Մոլոտով (Պերմ): Այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը (Մարիինյան թատրոն): Մի քանի շաբաթից «Գայանե» բալետի պրեմիերան է, որը դեռ պատրաստ չէ։ Ստեղծագործությունն ավարտելու փորձ կատարելու ժամանակ կոմպոզիտորը բախվում է գրաքննության խիստ պահանջներին։ Վերջին փորձից առաջ նա տնօրինությունից հրաման է ստանում՝ ստեղծել եւս մեկ պար բալետի վերջին հատվածում: Ութ ժամ անց ծնվում է Արամ Խաչատրյանի գլուխգործոցը՝ «Սուսերով պարը»: Հենց այս պատմությունն էլ ընկած է նոր ֆիլմի հիմքում, որը ներկայացնում է կոմպոզիտորի կյանքի միայն երկու շաբաթը.«Առաջարկեցի ցույց տալ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ մենք փորձեցինք տեղավորել այն խնդիրներն ու երեւույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին»,- ասաց ռեժիսորը:

Կարեւորագույն փաստը, որի վրա հիմնվել է Յուսուպ Ռազիկովը, այն է, որ «Սուսերով պարը» գրվել է հրամանի հիման վրա։ «Պարը» պլանավորված չէր ո՛չ լիբրետիստի կողմից, ո՛չ բալետմայստերի, եւ ո՛չ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերեւից»։ Թատրոնի տնօրինության հրամանը շատ է բարկացրել կոմպոզիտորին, ով ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել եւս մեկ պար՝ թվով հինգերորդը։ Էսթետիկայի տեսանկյունից կոմպոզիտորը գռեհկություն է համարել երաժշտության հանդեպ նման վերաբերմունքը.«Այդ կերպ աշխարհի ամենահայտնի գործերից մեկը գրվել է ճնշման տակ»,- նկատեց ռեժիսորը:

«Սուսերով պար» ֆիլմի պրեմիերային


Նշենք, որ դերերում հանդես են եկել Համբարձում Քաբանյանը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլին կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը եւ Վադիմ Սկվիրսկին: Արամ Խաչատրյանին մարմնավորող Համբարձում Քաբանյանը եւս ներկա է եղել ֆիլմի հայաստանյան պրեմիերային եւ պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա խոսքով՝ մեծագույն երջանկություն է Խաչատրյանի կերպարում հանդես գալը, թեեւ իր աշխատանքը խիստ պատասխանատու եւ դժվար է եղել:

«Ես ինքս ցանկացա այդ կերպարում հանդես գալ: Ռեժիսորին ասացի, որ շատ լավ զգում եմ Խաչատրյանին ու նրա երաժշտությունը, գիտեմ՝ ինչպես խաղալ այդ դերը: Հույս ունեմ՝ կարողացել եմ: Շատ քիչ ժամանակ ունեի պատրաստվելու համար, քանի որ շատ զբաղված եմ թատրոնում: Բայց իմ չքնաղ կինն ինձ համար գնել էր բոլոր օրագրերը, գրքերը, որոնք ես կարդացի այդ ընթացքում: Իսկ հետո ասացի՝ գրքերի մեջ չէ խնդիրը, հարկավոր է սցենարն ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչ է ուզում ասել ռեժիսորը: Կարծում եմ՝ դա է կարեւորը: Իհարկե, Արամ չէի կարող դառնալ, բայց փոխանցել այն, ինչ ցանկանում էր ռեժիսորը, հնարավոր էր»,- նկատեց դերասանը:

«Սուսերով պար» ֆիլմի պրեմիերային


Յուսուպ Ռազիկովն էլ իր հերթին պատմեց, որ գլխավոր դերի համար երեք թեկնածու է եղել, որոնցից ընտրել են հենց Համբարձումին, քանի որ նա կերպարին ոճ է հաղորդել, եւ ռեժիսորը հստակ պատկերացրել է, թե ինչպես է կառուցելու ֆիլմի տեսարանները նրա մասնակցությամբ.«Ցանկանում էի, որ հայերի կերպարներում հենց հայեր խաղային: Դա շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ խորթ հայրս հայ է, եւ ես շատ լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում լինել հայ եւ չլինել»,- ընդգծեց Ռազիկովը:

Ֆիլմի դերակատարներից Արման Նավասարդյանն իր խոսքում այդ առիթով շնորհակալություն հայտնեց ռեժիսորին՝ հայերի եւ հայ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի եւ Արամ Խաչատրյանին այդքան լավ իմանալու համար.«Նա այնքան լավ էր ուսումնասիրել մեր մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, որ նույնիսկ մենք այդքան բան չգիտեինք Խաչատրյանի մասին»: Նա պատմեց, որ ֆիլմում Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում, եւ այնտեղ ձեռք բերված կապերի շնորհիվ իր ղեկավարած Համազգային թատրոնն այս տարի հյուրախաղերով մեկնել է Յարոսլավլ եւ ներկայացումներ խաղացել այնտեղ:

«Սուսերով պար» ֆիլմի պրեմիերային


Նշենք, որ բալետային տեսարանները, պաշտոնյա Պուշկովի այցի եւ էպիզոդիկ մյուս մասերը նկարահանվել են Երեւանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թե ինչպես է նկարահանող խմբին եւ դերասաններին հաջողվել ներկայացնել աշխարհի ամենահայտնի երաժշտական ստեղծագործություններից մեկի՝ «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը, այսօրվանից կարող եք դիտել կինոթատրոնների մեծ էկրաններին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport