×


«Սպանդի աստվածը»՝ երեւանյան բեմում

Չորս բոլորովին տարբեր կերպար սկզբում քաղաքակիրթ զրուցում են, իրենք իրենց կեղծում, հետո բորբոքվում, իսկ վերջում՝ դիմակներից ազատվում. BRAVO.am-ը ներկա է եղել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» պիեսի առաջնախաղին՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

Բեմադրիչը Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է: Նա նշել է, որ Ռեզան աշխարհում ամենաշատ թարգմանված եւ բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, սակայն գրեթե հայտնի չէ հայ հանդիսատեսին:

«Սպանդի աստվածը» ներկայացման պրեմիերային


Ներկայացման դերակատարներն են Սերգեյ Թովմասյանը, Նարինե Գրիգորյանը, Տաթեւիկ Հովակիմյանը եւ Իշխան Ղարիբյանը։ Պիեսը չի պահանջում ռեժիսորական հատուկ լուծումներ, եւ բեմադրության ծանրությունը մեծ հաշվով ընկում է դերասանի վրա։ Սերգեյ Թովմասյանի խոսքով՝ հենց սրանում էր խաղի հիմնական բարդությունը։

«Չորս դերասան են, չորսն էլ բեմը գրեթե չեն լքում։ Եթե դուրս են գալիս, ապա ընդամենը մի քանի վայրկյանով։ Դու անընդհատ հանդիսատեսի առաջ ես ու պիտի զգաս կերպարիդ շարունակականությունը, որպեսզի կարողանաս պահպանել այն»,- մեզ հետ զրույցում նշել է դերասանը։

Նա կարծում է, որ ամենաբացասականն իր՝ Միշելի կերպարն է։ Թվում է՝ զուսպ, հավասարակշռված մարդ է, սակայն վերջում խոստովանում է՝ ինքն անկառավարելի է։

«Սպանդի աստվածը» ներկայացման պրեմիերային


«Ի վերջո, հերոսն ասում է՝ ամուսնությունն Աստծո կողմից ուղարկված ամենասարսափելի փորձությունն է։ Այս երկու ընտանիքն էլ այդ փորձությունը չեն կարողացել հաղթահարել։ Զրուցում են, բայց ոչ մի կերպ նույն հայտարարի չեն գալիս. մե՛րթ իրար պաշտպանում են, մե՛րթ հակառակվում։ Սա հենց կյանքն է»,-եզրափակել է Սերգեյ Թովմասյանը։

Ներկայացման բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի համար առաջնախաղը ստացված էր։ «Ուրախ եմ, որ իմ դերասանները պատվով հանձնեցին այս ներկայացումը։ Հատկապես այս ստեղծագործությունը դերասանի համար գրված պիես է, եւ այն թատրոնը, որ ես սիրում եմ, հենց դերասանի թատրոնն է»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ հայ հանդիսատեսը կսիրի ֆրանսիացի դրամատուրգի առաջարկած հետաքրքիր ներկայացումը։

Նույն պիեսը բեմադրվել է նաեւ բնագրով, եւ այսօր ֆրանկոֆոն հանդիսատեսի համար կխաղան հրավիրված դերասաններ Քիթ Ֆարքուարը (Ֆրանսիա), Մարժոլեն Օժերը (Կանադա) եւ Ժերալդ Բաբազյանը (Ֆրանսիա):

Սաթէ Խաչատրյանը


«Սպանդի աստվածը» ներկայացումը հոկտեմբերի 18-ին կլինի նաեւ Գորիսում, իսկ երեւանցիներն այն դիտելու եւս մեկ հնարավորություն կունենան հոկտեմբերի 20-ին։

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport