×


«Փոքր տարիքում վեց ամիս ապրել եմ «Թղթե երազանք»-ում Սեդայի կերպարի տնակում». Անի Պետրոսյան

«Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը մի քանի օր է՝ էկրաններին է, բայց արդեն հասցրել է հուզել ու գրավել հեռուստադիտողներին: Ֆիլմի մասին, եւ ոչ միայն, զրուցել ենք գլխավոր դերակատարներից Անի Պետրոսյանի հետ: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է նկարահանման ընթացքում տեղի ունեցած ամենահետաքրքիր դեպքերի, փոքրիկների հետ աշխատանքի եւ իր ապրումների մասին:

-Ինչպե՞ս ստացաք «Թղթե երազանք»-ում նկարահանվելու առաջարկը:
-Իրականում մեկ այլ ֆիլմի առաջարկով էի գնացել հեռուստաընկերության, երբ Հունան Սողոյանն ինձ տեսավ եւ ասաց՝ Մոսկվայից ռեժիսոր է եկել, պատրաստվում է բազմասերիանոց ֆիլմ նկարել, եւ առաջարկեց գնալ եւ փորձել դերը: Երբ իմացա՝ մոր կերպար է, պատմությունն էլ կապված է Գյումրիի հետ, պտտվեցի ու փախա (ծիծաղում է,-հեղ.), որովհետեւ հասկացա, որ դրամատիկ կերպար է լինելու, բայց հետո, իհարկե, փորձեցի դերը, ամեն ինչ ստացվեց, եւ հաստատվեց, որ հենց ես պետք է նկարահանվեմ:


-Ի՞նչ մտորումներ ունեցաք, երբ արդեն ծանոթացաք ֆիլմի սցենարին:
-Ինձ համոզելու համար, որ պետք է վերցնեմ այս գործը (վախեր ունեի առնչվել նման նուրբ թեմայի), ուղարկեցին ֆիլմի սցենարը՝ մինչեւ 8-րդ սերիան: Կարդալու ողջ ընթացքում լացել ու ծիծաղել եմ ու հասկացել՝ ինչ լավ է, որ հենց ես եմ խաղալու այս դերը:

Անի Պետրոսյանը



-Ինչպե՞ս էին ընթանում նկարահանումները փոքրիկների հետ աշխատելիս:
-Մեծ դժվարություններ չեն եղել. դե, բնականաբար, փոքրիկ են, դասերից հետո գալիս էին նկարահանման հրապարակ, հոգնում, բայց մինչեւ վերջ պատվով կատարեցին իրենց առաջադրանքը: Իմ փոքրիկ խաղընկերոջ՝ Մանվելի հետ կապված մի դեպք կա, որ բազմիցս պատմել եմ, քանի որ շատ ազդեցիկ էր ինձ համար: Մի տեսարան ունեինք, որտեղ պետք է հարվածեի նրան. արդեն 18 դուբլ փորձում էինք նկարահանել, բայց հենց այդ պահին երեխան սկսում էր ծիծաղել: Շատ ցուրտ էր դրսում, նկարահանող կազմում բոլորը սառել էին, ու հանկարծ մեր ռեժիսորը՝ Գարրի Զաքարյանը, մոտեցավ ինձ, ասաց՝ «Ան, խփի»: Ես չէի ուզում երեխային հարվածել, բայց քանի որ այլեւս հնարավոր չէր ցրտին դիմադրել, խփեցի, ու Մանվելն առանց կանգ առնելու խաղաց ողջ տեսարանը, ի դեպ, ինքն իրոք արտասվում է այդ տեսարանում: Այս դեպքից այնքան էի ազդվել, որ նկարահանումից հետո գնացի հյուրանոց ու սկսեցի արտասվել: Հաջորդ օրը Մանվելն ինձնից նեղացել էր, բայց հետո բարիշեցինք (ծիծաղում է,-հեղ.):


-Ինչո՞վ առանձնացավ այս աշխատանքը Ձեր գործունեության մեջ:
-Ծննդով Գյումրիից եմ. ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս արմատներով գյումրեցի են: Ես էլ մինչեւ 8 տարեկանն ապրել եմ Գյումրիում՝ երկրաշարժից հետո, եւ, բնականաբար, նախ թեման էր ինձ հարազատ: Գյումրիում շատ եմ տեսել նման պատմություններ ունեցող մարդկանց: Անգամ տնակներով թաղամասը, որտեղ պետք է նկարահանումներն իրականացվեին, ինձ համար շատ հարազատ էր, քանի որ 6 ամիս ապրել եմ այնտեղ. ֆիլմում Սեդայի կերպարի տնակում եմ ապրել: Գուցե զարմանալի թվա, բայց ֆիլմի շնորհիվ սկսեցի Գյումրին լավ ճանաչել, ուսումնասիրել քաղաքիս ծայրամասերը. մի խոսքով՝ ես նորից ծանոթացա քաղաքիս հետ:


- Ի՞նչ արձագանքներ եք ստանում գործընկերներից, հանդիսատեսից:
-Շատ դրական արձագանքներ եմ ստանում: Եթե անկեղծ՝ իմ սպասածից ավելի շատ եղան՝ իհարկե, կերպարիս մասով. համոզված էի, որ ֆիլմը հրաշալի է ստացվելու:

Անի Պետրոսյանը



-«Թղթե երազանք»-ի նկարահանումներն ավարտվել են, այժմ հեռուստատեսային նոր առաջարկ ունե՞ք:
-Ընդամենը մեկ շաբաթ առաջ եւս մեկ նախագիծ ավարտեցինք «Շանթ»-ի հետ համատեղ: Դեռեւս չեմ ցանկանում բացել փակագծերը, հեռուստադիտողը շուտով ականատես կլինի: Այս աշխատանքներին զուգահեռ զբաղվածություն ունեմ նաեւ թատրոնում: Աշխատում ենք Կեն Կիզի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության վրա, եւ ես խաղում եմ բացասական կերպար. կարծում եմ՝ «Թղթե երազանք»-ից հետո կոնտրաստային կլինի հանդիսատեսի համար (ծիծաղում է,-հեղ.):

Եվս մեկ ներկայացման մեջ եմ ընդգրկված, որն արդեն կոմերցիոն է. ավելի ուշ հանդիսատեսը կիմանա:



Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/

Լուսանկարները՝ Անի Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport