×


«3 տղամարդ պահելը, կարծում եմ, դժվար գործ է». Արսեն Լեւոնյանը՝ մայրիկի մասին

Արսեն Լեւոնյանի ընտանիքը մեր նոր խորագրի շրջանակում արդեն ներկայացրել ենք: Ինչպես Ավո Խալաթյանի, այնպես էլ Արսենի հետ զրուցել ենք նաեւ մայրիկի մասին, ով մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի դուստրն է` Թամարը:

Արսենը նախ եւ առաջ նշել է, որ մայրն իր համար հրաշալի ընկեր է.«Մորս պես ուժեղ ընկեր կյանքումս չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Իսկապես, նա իմ թույլ տեղերից է՝  ոչ միայն որպես մայր, այլեւ՝ մեծ քննադատ: Միասին ներկայացումներ ենք նայում, հաճախ ֆիլմ դիտում»:

Դերասանի խոսքով` միշտ փորձում է օգնել մայրիկին կենցաղային հարցերում. «Քանի դեռ ամուսնացած չեմ, պետք է մամային շատ օգնեմ: Առաջ, եթե ինչ-որ բան խնդրում էի, որ բերեր, տար, այժմ փորձում եմ ինքս անել, նրան ավելի քիչ նեղություն տալ, քանի որ 3 տղամարդ պահելը, կարծում եմ, դժվար գործ է: Դա հաճույքով եմ անում, որպեսզի մայրս հնարավորինս շատ ժամանակ ունենա հանգստանալու համար»:

Թամար Աբրահամյանը որդիների՝ Արսեն եւ Խորեն Լեւոնյանների հետ


Արսենն իր մանկության ամենատպավորիչ հուշերից մեկը նույնպես պատմել է BRAVO.am-ին.«Փոքր էի` 3-4 տարեկան, մամայի հետ գնացել էինք Սարյան փողոց, բայց, չգիտես ինչու, որոշեցի նրա ձեռքը թողնել եւ փախչել: Ճանապարհին անցորդներին խնդրել եմ ինձ փողոցն անցկացնել եւ միայնակ հասել եմ մեր տուն` Նալբանդյան փողոց: Դեռ փոքրուց շատ խելացի եմ եղել:): Հայրս, երբ ինձ տեսավ եւ իմացավ, որ փախել եմ, ասաց` պետք է ոտքս կտրեն, որ մյուս անգամ նման բան չանեմ: Հիշում եմ, որ խնդրել եմ՝ միայն թե ծունկս չկտրեն, քանի որ շատ եմ սիրում:)»:

Դերասանը մայրիկի մեկամսյակը շնորհավորելու իր տարբերակն ունի. «Հատուկ ինչ-որ բան չեմ անում, բայց ծաղիկները պարտադիր են: Փորձում եմ ինձ խելոք պահել եւ իմ պահվածքով շնորհավորել մամային: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ նրան եւ մեր բոլոր կանանց, աղջիկներին, տատիկներին: Ուզում եմ, որ միշտ քաջ լինեն, առողջ եւ մեր կողքին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին