×


Մերի Երեմյանը

«Այդ հարցում չափն անցնում եմ». «Էլենի օրագրի» Սոնան անկեղծանում է

«Էլենի օրագիրը» սերիալում Սոնայի դերը դեբյուտային է մասնագիտությամբ տնտեսագետ Մերի Երեմյանի համար: Մինչ այս նա նկարահանվել է տարբեր հոլովակներում, ծրագիր է վարել, սակայն, ինչպես խոստովանել է BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում, վախեցել է ուժերը փորձել որպես դերասանուհի:

«Երկար չտեւեց, բայց…»

Առաջին քայլերս հեռուստատեսությունում արել եմ ուսանողական տարիներին. 21TV-ում աշխատել եմ որպես հաղորդավարուհի: Թեպետ երկար չտեւեց, բայց հասցրի շատ բան սովորել, ինչի համար, եթե թույլ կտաք, շնորհակալություն կհայտնեմ ստեղծագործական թիմին՝ հանձին Գոռ Հարությունյանի: Սա իրեն երբեք չեմ ասել, մտածեցի՝ հարմար առիթ է:):

Մերի Երեմյանը


«Վախենում էի ձախողել»

Հաղորդավարուհուց դերասանուհու անցումը ստացվեց շատ սահուն: Բայց նաեւ հուսով եմ՝ որպես հաղորդավարուհի ներկայանալու առիթներ դեռ կունենամ: Իսկ սերիալում նկարահանվելու առաջարկները նախկինում միշտ մերժել եմ. երեւի վախենում էի ձախողել:

«Ափսոսում եմ կորցրածս ժամանակը»

Դեռ մանկուց ցանկացել եմ դառնալ հաղորդավարուհի, ասեմ ավելին` ինձ միշտ պատկերացրել եմ որպես լուրերի մեկնաբան կամ թոք-շոուների հաղորդավար:): Ինձ դեռ դերասանուհի չեմ համարում, որովհետեւ սովորելու շատ բան ունեմ, բայց աշխատանքս շատ եմ սիրում ու ափսոսում եմ կորցրածս ժամանակը:

«Իմ կյանքում ոչինչ չի փոխվել»

Նկարահանվելուն զուգահեռ իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ու դժվար էլ փոխվի: Դե, պատկերացրեք, զարթուցիչը դնում եմ մեկ ժամ առաջ, որ տրամադրվեմ ու արթնանամ, իսկ պատասխանատվության զգացումը չի ընդունում ոչ մի արդարացում, հետեւաբար, ուշացումներս հազվադեպ են լինում, ու հիմնականում խցանումների պատճառով:

Մերի Երեմյանը


«Երբեմն ծուլանում եմ»

Վստահ եմ` ցանկացած պարագայում հաջողության հասնելու կարեւոր նախադրյալն աշխատասեր ու ինքնաքննադատ լինելն է: Աշխատասիրության հարցում երբեմն ծուլանում եմ, բայց ինքնաքննադատության հարցում միշտ չափն անցնում եմ:

«Չեմ կարող...»

Սոնայի կերպարն ունի խոր կենսագրություն: Իր գործողություններն ու վերաբերմունքը ցանկացած երեւույթի այդ ամենի արդյունքն է: Ես Սոնայի կարգավիճակում չեմ ու չեմ եղել, հետեւաբար, չեմ կարող ոչ մի ընդհանրություն գտնել: Իսկ գործընկերներիս հետ հարաբերություններս շատ լավ են, ոչ ոքի հետ կոնֆլիկտային իրավիճակում չեմ եղել, ընկերներ էլ, իհարկե, ունեմ:):


«Շատ են հարցնում` ում բալիկն է»

Չէի ասի, թե շատ ակտիվ եմ սոցցանցերում, հատկապես գրառումներ հազվադեպ եմ անում: Օնլայն լինելու փոխարեն նախընտրում եմ ազատ ժամանակս ու հանգիստս անցկացնել ընկերներիս հետ, ֆիլմ դիտել կամ գիրք կարդալ: Իսկապես շատ են հարցնում` ով է այն բալիկը, ում լուսանկարները հաճախ հրապարակում եմ: Կան մարդիկ, որ մտածում են` իմ բալիկն է, բայց՝ ոչ. եղբորս աղջիկն է, «հորքուրի գանձը»:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մերիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին