×


«Ավելի հանգիստ կզգամ՝ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ». Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր եռագրության առաջին մասը, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։



Եռագրությունը ներկայացնում է երգչուհու անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք նրա համար կարեւոր են այնքան, որ ցանկություն է ունեցել ներկայացնել նաեւ հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։

«Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձեւավորվող մարդու մասին, ով թեեւ պարբերաբար մութ տեղեր է ընկել, դժվարությունների միջով ստիպված եղել անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- նշում է երգչուհին։

Եռագրության առաջին հատվածը վերնագրված եւ նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծննդից առաջ։ Թեեւ նրանք հանդիպելու եւ շփվելու հնարավորություն չեն ունեցել, այնպիսի աննկարագրելի կապ է ստեղծվել նրա եւ Իվետայի միջեւ, որ բառերով դժվար է բնութագրել.«Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»։

Իվետա Մուկուչյանի խոսքով՝ այս նախագծով ամենեւին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով.«Ավելի ճիշտ կլինի ասել՝ սա իմ արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ՝ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»։


Երգում միքսված է նաեւ փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը.«Գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Ինձ համար այն կարծես կատարսիս լիներ, մաքրագործում»։

Երաժշտությունը՝ Իվետա Մուկուչյանի եւ Բրեդ Քլերլինի, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն (Բեռլին), երաժշտական ձեւավորումն ու համագործիքավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոյի, միքս եւ մասթերինգը՝ Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Ֆիլիպ Քաշմարեկ, Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշնը»։

Եռագրության երկրորդ եւ երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայում եւ կապահովեն թեմայի ակտիվ զարգացումը։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW