×


«Ափսոսում եմ, որ դրանց վրա ժամանակ եմ ծախսել». Հայկուհի Մաթեւոսյան

Մայիսին տեղի ունեցած Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը տիտղոսին եւ թագին արժանանալուն զուգահեռ հայտնվեց տարբեր խոսակցությունների կիզակետում: BRAVO.am-ի հետ նոր զրույցում նա անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, նշել՝ արդյոք փոխվել է կյանքը հաղթանակից հետո, նաեւ ասել է, թե ինչպիսի տղամարդ է պատկերացնում իր կողքին:

- Մինչ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսին արժանանալն ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը մոդելային աշխարհում:
- Մոդելինգն առաջ, եւ թե տիտղոսին արժանանալուց հետո ինձ համար եղել եւ մնում է որպես հոբբի: Ես արդեն ընտրել եմ իմ մասնագիտությունը՝ իրավագիտությունը: Այնուամենայնիվ, մոդելինգում եւս փորձում եմ պրոֆեսիոնալ լինել:

Ամեն ինչ շատ պատահական եղավ: Այս ոլորտում առաջին քայլերս սկսել եմ 2017թ.-ին` «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթով: Բավական լուրջ գործնական առաջարկներ եղան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մտածեցի՝ ինչու ոչ: Կարելի է մի փոքր էլ մոդելինգով զբաղվել: Նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակում: Գովազդային ոչ բոլոր կազմակերպությունների հետ եմ համագործակցում: Չեմ նկարահանվի մերկ եւ կիսամերկ ֆոտոշարքերում: Մոդել դառնալն ինձ համար երազանք չի եղել: Իսկ տիտղոսին արժանանալու ցանկություն եղել է, որն էլ իրականացավ:

Հայկուհի Մաթեւոսյանը


-Ի՞նչ տվեց Ձեզ եւ ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հաղթանակը:
-Փառք Աստծո, տիտղոսը մարդկային արժանիքներ չփոխեց. նույնն եմ մնացել: Ձեռք բերեցի լավ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Շատ դժվար եւ միեւնույն ժամանակ շատ հաճելի ճանապարհ է: Բավական շատ գործնական առաջարկներ ստացա եւ շարունակում եմ ստանալ: Հաճախ միանգամից մերժում եմ, որովհետեւ այս շրջանում զբաղված եմ այլ աշխատանքով. դեռ մրցույթից առաջ էի նշել, որ պետք է զբաղվեմ բարեգործությամբ: Փորձում եմ օգնել մարդկանց:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը միջոցառում ենք նախաձեռնել. մրցույթի մի քանի մասնակցի հետ փորձելու եմ ուրախացնել երեխաներին: Ավելի ուշ սպասվում է եւս մեկ՝ ավելի մասշտաբային բարեգործական միջոցառում:

-Մրցույթից հետո քննադատությունների ու խոսակցությունների պակաս չեղան: Պատրա՞ստ էիք եւ ինչպե՞ս էիք վերաբերվում դրանց:
-Միշտ էլ մտածել եմ, որ հաղթանակից հետո ցանկացած մասնակից արժանանալու է քննադատությունների: Հաղթող մասնակիցը չի կարող բոլորի ճաշակով լինել: Այսպիսի բուռն քննադատությունների, բնականաբար, չէի սպասում: Երբ դեռ նոր, թարմ էր այդ ամենը, տխրում էի: Հետո հասկացա, որ պետք չէ տխրել: Ես դեմ չեմ առողջ քննադատություններին, բայց լինում են նաեւ էժանագին խոսակցություններ, որոնք կարդալու համար ժամանակ չեմ ծախսում: Ափսոս է այդ ժամանակը: Որոշ մարդիկ իրենց ոչ ադեկվատ են պահում վիրտուալ հարթակում միայն: Նրանցից եւ ոչ մեկը չի համարձակվի կանգնել իմ դիմաց եւ նույնն ասել ինձ: Իմ շրջապատում այնքան շատ են կիրթ մարդիկ, որոնց կարծիքներն ավելի հետաքրքիր են: Հիմա մտածում եմ` ինչու էի այն ժամանակ հուսահատվել, երբեմն տխրել: Ափսոսում եմ, որ դրանց վրա ժամանակ եմ ծախսել:

Հայկուհի Մաթեւոսյանը


- Սովորում եք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Ինչպե՞ս եք ապագայում համատեղելու մոդելինգն ու իրավագիտությունը:
-Մրցույթի ժամանակ քննությունների շրջան էր: Դժվարանում էի կողմնորոշվել: Հետո հասկացա, որ մոդելինգը ժամանակավոր է: Այո, կարելի է ժամանակ հատկացնել եւ պրոֆեսիոնալ զբաղվել այս մասնագիտությամբ, բայց առաջնայինն իմ մասնագիտությունն է, որն իմ ամբողջ կյանքի համար է:

- Առաջիկայում կրկին գեղեցկության մրցույթներում Ձեզ կտեսնե՞նք:
- Հայաստանում, բնականաբար, ոչ, որովհետեւ արդեն տիտղոսն ունեմ, իսկ միջազգային մրցույթներում կներկայացնեմ մեր երկիրը:

- Շո՞ւտ եք հիասթափվում:
- Յուրաքանչյուրն էլ ապրում է հիասթափություն: Շատ լուրջ դեռ չեմ հիասթափվել: Բավական փակ մարդ եմ: Ոչ բոլորին եմ մոտ թողնում, շփման մեջ սահման ունեմ: Կարծում եմ՝ դրանից է, որ մարդկանցից գրեթե չեմ հիասթափվում:

-Կյանքում եւ մասնագիտության հարցում ի՞նչն է Ձեզ առաջ մղում:
-Ինձ առաջ է մղում նպատակասլացությունն ու ինքնավստահությունը:

Հայկուհի Մաթեւոսյանը


-Գեղեցկուհիները հիմա հաճախ են արհեստական միջամտությունների դիմում՝ գեղեցկության ժամանակակից չափանիշներին հասնելու համար: Դուք ունե՞ք չափանիշներ: Որո՞նք են:
-Կարծում եմ՝ այն, ինչ տվել է բնությունը, դա է գեղեցիկ: Պարզապես, պետք է ճիշտ մատուցել: Արհեստական միջամտությանը կողմ եմ, եթե կա դրա խիստ անհրաժեշտություն: Կարելի է շտկումներ, փոփոխություններ անել, իհարկե, չափի մեջ: Գուցե դրանով ինքնավստահ են դառնում: Հաճախ անցնում են չափը, որը տգեղ է: Չեմ ընդունում:

- Ինչպե՞ս եք վերաբերվում էսթետիկ վիրահատություններին: Առաջիկայում բացառո՞ւմ եք նման միջամտություններ:
- Քթիս միջնապատը վիրահատված է: Առաջիկայում չեմ դիմի արհեստական միջամտությունների, որովհետեւ չեմ կարծում, որ դրա կարիքը կա:

- Ամենաանհեթեթ եւ զայրացնող մեկնաբանությունը, որ լսել եք Ձեր մասին:
-Շատ ծիծաղելի է, երբ լսում եմ, որ տիտղոսն ինձ համար գնել են: Բայց բոլորս էլ տեսանք, թե ինչպիսին էր ժյուրիի կազմը: Լսել եմ նաեւ այն, որ մարմնիս որոշ հատվածներ վիրահատել եմ: Իսկապես ծիծաղելի եւ անհեթեթ է հնչում:

- Տիտղոսին արժանանալուց հետո երկրպագուները շատացա՞ն:
-Այո, նվերներ, անանուն ծաղկեփնջեր շատ եմ ստացել: Անգամ ամուսնության առաջարկություն է եղել: Շատ վաղ է այդ մասին մտածել: Դեռ ուշադրություն չեմ դարձնում:

-Ընտրյալ ունե՞ք:
-Անձնական կյանքի մասին գերադասում եմ չխոսել:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում կամ տեսնում Ձեր կողքի տղամարդուն:
- Նա պետք է լինի դաստիարակված, ճկուն մտածելակերպով, մարդկային բարձ արժեքներով օժտված եւ, իհարկե, ներկայանալի:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկուհի Մաթեւոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին