Լյուսի Հայրապետյանի ամառային ուղեւորությունների մասին պատմել ենք: Մոդելը ճամփորդել սիրում է տարվա բոլոր եղանակներին. օրերս է վերադարձել Լոնդոնից: BRAVO.am-ի հետ զրույցում Լյուսին կիսվել է վերջին այցի տպավորություններով, խոսել «ֆեսբուքյան» նոր գրառումների շարժառիթի մասին, եւ ոչ միայն:
-Աշունը եւ Լյուսին. որքանո՞վ եք աշնանային մարդ:
-Այնքանով, ինչքանով՝ գարնանային, ձմեռային եւ ամառային: Խենթանում եմ ամեն եղանակի համար յուրովի:
-Եղանակը կարո՞ղ է ազդել Ձեր տրամադրության վրա:
-Եղանակը երբեք չի ազդում տրամադրությանս վրա, քանի որ ինձ համար չկա վատ եղանակ:
Լյուսի Հայրապետյանը՝ Լոնդոնում
-Ռոմանտի՞կ եք:
-Երբեմն պատահում է:
-Վերջերս թախծոտ, քնարական բանաստեղծություններ էիք հրապարակել:
-Թախծո՞տ :), ամենեւին: Ես կասեի ընդհակառակը` սիրահարված նույնիսկ: Կներեք, բայց փակագծերը չեմ ուզում բացել:
-Տեւական ժամանակ բացակայում էիք եթերից՝ առավոտյան ծրագրից: Ինչո՞վ էր պայմանավորված:
-Այո, բացակայում էի եւ վերջապես վերադարձա: Փակագծեր չկան: Ուղղակի բացակայում էի:
-Մոդելային գործունեության մասին. ինչպիսի՞ն է ներկան եւ ինչպիսի՞ն եք տեսնում ապագան Հայաստանում:
-Կարող եմ վստահ ասել, որ աճում ենք, եւ առաջընթաց կա:
Լյուսի Հայրապետյանը՝ Լոնդոնում
-Ճամփորդությունների սիրահար եք: Հերթական կանգառը Լոնդոնն էր, որտեղից օրեր առաջ եք վերադարձել: Ի՞նչն էր տարել կամ ո՞վ էր կանչել այնտեղ:
-Ընկերուհիներով որոշել էինք մեկնել Մեծ Բրիտանիա: Մինչեւ վերջին օրը չգիտեինք՝ կգնանք, թե ոչ: Տոմսերի ու տան ամրագրումներն արդեն արված էին, բայց թռիչքից օրեր առաջ իմացա, որ թիմը ցրվում է, քանի որ վիզայի խնդիր առաջացավ՝ մերժեցին: Մնացի մենակ՝ իմ վաղուց մնացած բազմակի մուտքի վիզայով: Որոշեցի պլանները չփոխել եւ մեկնել: Անորոշությունը տարավ, արկածները կանչեցին:
-Տրամադրության եւ տրամադրվածության փոփոխություն կա՞ր, երբ պարզվեց, որ առանց ընկերուհիների եք մեկնելու:
-Տրամադրությունս փոխվեց այնքանով, որ լիովին անտեղյակ մեկնելու էի, ու անհանգստության մի հատ փոքրիկ նյարդ, այնուամենայնիվ, ակտիվացել էր: Ընդամենը սա էր տարբերությունը: Մենակ հաճախ եմ ճամփորդում, նույնիսկ սիրում եմ: Այնպես որ, ինձ համար ծանր երեւույթ չէր:
-Իսկ ինչո՞ւ Մեծ Բրիտանիա:
-Որոշել էի Անգլիան տեսնել, հետո նաեւ Մեքսիկա մեկնել: Անգլիայի վիզայով հնարավոր է Մեքսիկա մուտք գործել: Բայց աշխատանքային գրաֆիկս համաձայն չէր ինձ հետ, չստացվեց:
- Ինչպե՞ս անցան լոնդոնյան օրերը: Առաջի՞ն անգամ էիք այնտեղ:
-Այո, առաջին այցս էր: Հանգիստս անցավ շատ կազմակերպված եւ հագեցած:
-Ինչո՞վ գրավեց, գուցե հիասթափեցրեց շատերի համար սիրելի քաղաքը:
-Սիրահարվեցի Լոնդոնին, այնտեղի բարի մարդկանց, գեղեցիկ փողոցներին, հեքիաթային շենքերին, տերեւաշատ եւ խիտ այգիներին, այգիները պահպանելու արվեստին եւ, իհարկե, արեւոտ եղանակին:
-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր եղան, որոնք ժպիտով կհիշեք:
-Հետաքրքիրն այն էր, որ մինչ գնալս այնտեղ չունեի ընկերներ, իսկ հիմա նրանց հետ ամենօրյա կապի մեջ եմ: Լոնդոնն ինձ տվեց բացառիկ ընկերներ:
- Աշնանային հանգստի Ձեր կատարյալ տարբերակը:
-Աշնանը, թե ձմռանը ինձ օվկիանոս է պետք: Իդեալական հանգստի պատկերացումն ինձ համար երբեք չի փոխվի:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լյուսիի արխիվից եւ Մարգարիտա Ավետիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: