Նրանք, ովքեր դիտել են «ԴԵՏՔ» խմբի «Մի ազգ, մի բանակ» երգի տեսահոլովակը, նկատած կլինեն, որ վերջում նշվում է՝ «Շարունակելի...»: Դեռ մեր նախորդ զրույցում խմբի պրոդյուսեր Արման Ամպ Մելքոնյանը հայտնել էր, որ շարունակելիությունը պայմանավորված է հաջորդ նոր երգով, որ կոչվում է «Իմ ընկեր»: Օրերս էլ տեղեկացանք, որ նոր երգի հիման վրա արդեն նկարահանվել է հոլովակ, որի առաջին կադրերն Արմանը տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել երգի ստեղծման պատմությունը:
«Իմ ընկեր» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի անդամ Արման Պետրոսյանն է: Պրոդյուսերի խոսքով՝ խմբի բոլոր անդամները՝ Վահանը, Միքայելն ու Արմանը, Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ընկերներ ունեն, եւ «ԴԵՏՔ»-ի նոր տեսահոլովակը նրանց է նվիրված.«Երգն անձնավորված չէ, այլ ընդհանրապես ընկերասիրությանը նվիրված ստեղծագործություն է: Բոլորն էլ ունեն զինվոր ընկերներ, որոնց կորցրել են, մանավանդ՝ Միքայելն ու Վահանը: Սա ոչ թե հայրենասիրական կամ զինվորական, այլ նեղ անձնական երգ է՝ նվիրված բոլոր զոհված ընկերներին»,- ասաց Արման Մելքոնյանը:
«ԴԵՏՔ»-ի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Նա նշեց, որ երգն իրեն շատ է դուր եկել, ու քանի որ տղաներն էլ ոգեւորված են եղել իրենց նոր ստեղծագործությամբ, որոշել են նաեւ տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա: Նկարահանումներն ընթացել են Հայաստանի եւ Արցախի տարբեր վայրերում, հատկապես Դիլիջանում, այսինքն՝ հոլովակում գերակշռում են բնության տեսարանները: Արմանն ասաց՝ նույնիսկ փորձել են տղաների հագուստը նույնությամբ պահել, որպեսզի «Իմ ընկերը» նախորդ հոլովակի տրամաբանական շարունակությունը լինի: Օրերս թողարկվելիք տեսահոլովակի ռեժիսորն ինքը՝ Արման Մելքոնյանն է, օպերատորը՝ Կարեն Գալստյանը, գործիքավորման հեղինակը՝ Տիգրան Պետրոսյանը:
«ԴԵՏՔ» խումբը
Մեր զրույցում խմբի պրոդյուսերը նաեւ տեղեկացրեց, որ շուտով կթողարկվի ԴԵՏՔ-ի նոր ձայնասկավառակը՝ «Դիտակետ 21»-ը: Ալբոմում տեղ են գտնելու տղաների՝ հայրենիքին նվիրված երգերը, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են, իսկ մյուսները նոր են.«Ալբոմում կլինի տասը երգ, որից միայն մեկն է փոքր-ինչ տարբերվում ԴԵՏՔ-ի ոճից, այսինքն՝ ավելի զինվորական է, ֆիդայական, թեեւ նոր երգ է: Մի երգ էլ կա, որ ԴԵՏՔ-ինը չէ, «Մարտիկի երգն» է, բայց մենք այն ներկայացրել ենք նոր մոտեցմամբ: Պրոդյուսերներն ենք ես եւ Մանուկ Նիգոյանը, իսկ գործիքավորումն արել է Տիգրան Պետրոսյանը: Նշեմ, որ ալբոմը թողարկվելու է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, իսկ շնորհանդեսը կլինի ապրիլի վերջին: Այն կուղեկցվի համերգային ծրագրով, որի մուտքն ազատ կլինի բոլորի համար»,- եզրափակեց նա:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արման Ամպ Մելքոնյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: