×


«Իմ կյանքում սպասում եմ կտրուկ փոփոխությունների». Ելենա Բորիսենկո

Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ զրուցել ենք էկրանային գործունեության, անձնականի, կորուստների, երեխա ունենալու ցանկության եւ, իհարկե, իր ամենասիրելի շան մասին:

- Միշտ նշում եք, որ Ձեզ համարում եք թատրոնի դերասանուհի եւ չեք սիրում հեռուստատեսությունը: Այսօր զբաղված չեք որեւէ ներկայացումում եւ հիմնականում էկրաններին եք. ինչո՞ւ:
-Այո, ես մեծացել եմ թատրոնում, շատ կարոտում եմ թատրոնը, դրա հոտը, բայց այսօր խաղացանկային թատրոններում չեմ ուզում լինել: Իհարկե, տարբեր թատրոններում կան շատ ներկայացումներ, որ ինձ դուր են գալիս, բայց գիտեմ, որ թատրոնը մեկ ներկայացում չէ, եւ ես չեմ ուզում խաղալ մի ներկայացման մեջ, որն ինձ դուրս չի գալիս: Իսկ հեռուստատեսության մասին, երբ ասել եմ՝ չեմ սիրում, նկատի չեմ ունեցել՝ չեմ սիրում խաղալ սերիալներում կամ ֆիլմերում. չէ՞ որ դա իմ մասնագիտությունն է, եւ հենց այս տարում ընդգրկված եմ հեռուստատեսային մի նախագծում, որտեղ դերս մեծ չէ, բայց շատ հետաքրքիր է, եւ մեծ սիրով պիտի աշխատեմ խաղընկերներիս ու նկարահանող անձնակազմի հետ: Ես պարզապես չեմ ցանկանում օգտագործել հեռուստատեսությունը՝ որպես ավելի հայտնի դառնալու միջոց, իսկ այսօր շատերը ընտրում են դերասանի մասնագիտությունը՝ ճանաչված լինելու համար:

Ելենա Բորիսենկոն


-Հարցին՝ կա արդյոք սեր, տարիներ առաջ պատասխանել եք՝ չգիտեք: Ի՞նչ է փոխվել այսօր:
-Չէ, իհարկե սեր կա ու առանց դրա հնարավոր չէ: Առհասարակ, ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր շատ սեր ունեն ներսում, ու ինքս եմ այդպիսին: Տղամարդ-կին փոխհարաբերություններում էլ, չեմ հերքի, սեր կա, բայց երեւի շատերին չի հաջողվում գտնել այն:

Կորուստների մասին
- Ես այլեւս չեմ հիասթափվում, քանի որ հարաբերություններում շատ բաների չեմ հավատում: Եթե կորցնում ես մի բան կամ մեկին, ուրեմն այն քոնը չէր, այլապես չէիր կորցնի: Ամեն դեպքում թանկ մեկի կորուստը միշտ ցավ է պատճառում, իսկ ես երբեք չեմ կարողանում մեկի բացակայությունը մյուսով լցնել: Կարծում եմ՝ մենք հարազատ մարդկանց բացակայությունը զգում ենք հատկապես ուրախության պահերին, տոներին, քանի որ ես սիրելիների, ընկերների ներկայությունը գնահատում եմ առավել ուրախության, քան՝ տխրության պահերին:

Ելենա Բորիսենկոն


Մայրանալու մասին
- Բալիկ ունենալն, իհարկե, հրաշալի է, բայց չեմ կարծում, որ դա կնոջ կյանքի գերխնդիրն է: Տարիներ առաջ եկավ մի պահ, որ դա հնարավոր դարձավ: Հենց այդ ժամանակ էլի սկսեցի մտածել, որ չէ, ամեն դեպքում հրաշքներ լինում են, քանի որ ունեմ առողջական խնդիր, որը նվազեցնում է մայրանալու հավանականությունը:

Երբ երեխաներ չես ունենում, շատ հեշտ է չարանալ, բայց եթե կարողանում ես հաղթահարել խնդիրը, տեսնում ես նաեւ լուծումները՝ որդեգրել, ունենալ մեկ ուրիշի միջոցով կամ առհասարակ չունենալ: Ամեն դեպքում հուսով եմ, որ այս տարին հաջողակ կլինի բոլորիս համար, եւ, իհարկե, իմ կյանքում էլ սպասում եմ կտրուկ փոփոխությունների:

Ելենա Բորիսենկոն


Ուլֆը
-Ուլֆն իմ կյանիքի պայծառ կետերից մեկն է: Անունն ընտրել է քրոջս աղջիկը. նորվեգերենից թարգմանաբար գայլ է նշանակում: Մենք իսկապես շատ կապված ենք. հաճախ անգամ նախորդ օրը կարող եմ չանել այս կամ այն բանը, որ առավոտյան կարողանամ նրան զբոսանքի տանել. կարծես երեխա լինի տանը. սա, իհարկե, կապված չէ իմ՝ բալիկ չունենալու հետ (ծիծաղում է,- հեղ.): Ես մանկուց շատ եմ սիրել կենդանիներին:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին