×


«Իրերս չեմ հավաքել ու լքել նրան». Սիրանուշ Լազյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանի եւ Սիրանուշ Լազյանի ընտանիքը 13 տարեկան է: Թե ինչպիսին է նրանց համատեղ կյանքը, ինչպես են հաղթահարել դժվարությունները, ինչով են զբաղվում նրանց դուստրերը, Սիրանուշը պատմել է BRAVO.am-ին, նաեւ խոսել սերիալային նոր դերի եւ թատրոնի մասին:

13 տարի միասին

Այս տարիների ընթացքում հասկացա, որ օր օրի ավելի շատ եմ սիրում նրան: Նա ամենակարեւոր մարդը դարձավ ինձ համար՝ ընկեր, ամուսին, լավ հայր, նաեւ իմ խորհրդատուն է, քննադատը եւ պահապան հրեշտակը: Ես իդեալականացրի նրան, բայց դա այդպես է, նրա համար չեմ խնայում ոչինչ՝ ո՛չ ֆինանս, ո՛չ առողջություն:): Տարիներ առաջ եկեղեցում օրհնություն ստացանք, բայց հարսի զգեստ չհագա, դա էլ կլինի:

Սիրանուշ Լազյանը եւ Սամվել Դանիելյանը (Արխիվային լուսանկար)


«13 անգամ ասաց՝ սիրում է»

Օրվա ընթացքում մի կերպ ժամանակ գտա եւ մեր սանիկների՝ Մարինայի եւ Սեյրանի հետ կարողացա արագ նվեր գնել: Նա հուզվեց, երբ կեսգիշերին նվիրեցի ու շնորհավորեցի, եւ 13 անգամ ասաց, որ սիրում է ինձ: Միայն այդ օրն է ասում:): Իսկ նա ինձ համար գնեց այն, ինչ ինքս էի ուզում՝ գունավոր կոշիկներ. նոր մոլուցք է ունենալ տարբեր գույների կոշիկներ:

«Վիճել ենք»

12 տարի առաջ անհամաձայնություններ ունեցել ենք, վիճել ենք շատ, բայց երբեք չեմ հիասթափվել: Մենք վիճում ենք, որովհետեւ ես չափից ավելի իրատեսորեն եմ մեկնաբանում իրադարձությունները, իսկ նա ինքնուրույն պետք է այդ համոզմանը գա: Վիճել ենք, մի քանի օր չենք խոսել, բայց իրերս չեմ հավաքել ու լքել նրան: Դա երեխայություն կլինի, փոխարենն՝ անպայման խոսում ենք շատ երկար, եւ դա լավ է ազդում մեր ընտանիքի ամրապնդման վրա:

Սամվել Դանիելյանը եւ Սիրանուշ Լազյանը՝ դուստրերի հետ


Էլենն ու Մարիան

Մեր փոքր աղջիկը՝ Մարիան, այս տարի առաջին դասարան գնաց, իսկ ավագ դուստրս՝ 12 տարեկան Էլենը, եւս միացավ նրան եւ տեղափոխվեց Կոջոյանի արվեստի դպրոց: Մեծ աղջիկս պաշտում է պարելը, հաճախում է նաեւ կիթառի դասերի, Հանրայինում կրկնօրինակումներ է անում, ինքն իր օրը կազմակերպում է: Չնայած զբաղվածությանը, դեռ սովորում է լավ գնահատականներով: Իսկ մեր փոքր աղջիկն ակտիվիստ է ամեն հարցում, նկարահանվում է, ֆոտոշարքերի մասնակցում, նաեւ պաշտում է թատրոնը:

Նոր կերպարներ

Նկարահանվում եմ «Անավարտ երազ» նոր սերիալում, որն «Այրված անուրջների» կարճ եւ փոփոխված տարբերակն է: Լրագրող Անիտային եմ մարմնավորում, այստեղ կերպարս հստակ գիտի՝ ինչ է ուզում եւ ինչի համար է պայքարում: Ինքնավստահ, իր գործում պրոֆեսիոնալ կին է եւ ամենակարեւորը՝ արդար քաղաքացի, ով զոհ չի գնում կեղծիքին: Իսկ թատրոնում շատ կարեւոր դերեր ունեմ, որոնք պետք է պատվով կատարեմ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիրանուշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW