×


«Կանանց 50 երանգները», կամ երբ զրուցում են հաջողակ հայուհիները

Տղամարդիկ հաճախ են նեղսրտում, որ մենք` կանայք, շատախոսում ենք: Այո՛, խոսում ենք: Բայց որքան հաճելի է, երբ տղամարդու ներկայությամբ ուղղակի մենախոսության փոխարեն գտնում ենք զրուցակիցներ ու քննարկում հնարավոր եւ անհնար ամեն բան: Հենց նման զրույցներից են ծնվում գաղափարներ, իրականություն դառնում երազանքներ, եւ կինը, իր առաջ տեսնելով մեկ այլ կայացած, բազմազբաղ ու նպատակասլաց կնոջ, վարակվում է նրա օրինակով: Այն ընթացքում, երբ տղամարդիկ հումորախառն լեգենդներ կմտածեն կնոջ տրամաբանության մասին, կանայք իրենց տրամաբանությամբ կարծրատիպ են կոտրում՝ հասցնելով անել միանգամից մի քանի բան. խնամել բալիկներին, կերակրել ամուսնուն, գնալ աշխատանքի, զբաղվել բիզնեսով, մշակույթով եւ բարեգործությամբ, իսկ գիշերն էլ՝ ոչ մի քնել. ժամանակ կա գրելու ու ստեղծագործելու համար: Ահա հենց այսպիսի երկու ուժեղ, կայացած եւ ստեղծագործող կանայք իրենց փորձով կիսվեցին IQOS ապրանքանիշը ներկայացնող «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» (PMI) ընկերության կազմակերպած «Կանանց զրույցներ» նախաձեռնության շրջանակում, որը կրում էր «Կանանց 50 երանգները» խորագիրը:


«Նախաձեռնությունը փորձել է իր շուրջ միավորել կանանց, ովքեր պատրաստ են խոսել իրենց հաջողության մասին, եւ ոչ միայն: Հայաստանում կան բազմաթիվ կանայք, ովքեր հաջողակ են իրենց ոլորտում՝ սկսած բիզնեսից, վերջացրած մշակույթով, տանը փոքրիկներին դաստիարակելով: Կանայք իրենց հոգու, սրտի խորքում պահում են այն փոքրիկ աղջնակին, որը հավատում է արքայազնին, կամ սպասում է նրան, կամ ամեն օր այդ արքայազնի համար փլավ է պատրաստում, տարբերություն չկա: Կանայք ամենուր են: Մենք փորձում ենք մեկ տեղում հավաքել կանանց, որոնք կարող են օրինակ ծառայել երիտասարդ աղջիկների համար, ովքեր ունեն կասկածներ՝ արդյոք Հայաստանում հնարավոր է հեքիաթն իրականություն դարձնել, հասնել երազանքներին: Այստեղ կգտնեք կանանց, ովքեր առանց սեփական արժեքները դավաճանելու, հետեւելով սրտի կանչին, հասել են իրենց ցանկությանը: «Women Talks», «Говорят женщины» կամ հայերեն ասած` «Զրուցում են կանայք»՝ նախաձեռնություն, որը շարունակական է լինելու: Հետեւեք թարմացումներին. յուրաքանչյուր միջոցառումից առաջ սոցիալական ցանցերում անպայման կտեղեկացնենք: Մուտքն ազատ է, իսկ մենք էլ ուրախ ենք տեսնել բոլորին»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին կապերի հաղորդակցության գծով գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Արդեն իրականություն դարձած առաջին միջոցառման խոսնակներն էին երաժիշտ եւ սոցիալական գործիչ Սոնա Ազարյանն ու նկարչուհի Մարգարիտա Գեւորգյանը: Նրանք կանայք են, ովքեր հասցնում են անել այն ամենն, ինչ իրենց համար կարեւոր է՝ ընտանիքից մինչեւ հասրակական ու սոցիալական ոլորտ:

«Իսկապես շատ հետաքրքիր նախաձեռնություն է, եթե չեմ սխալվում` նախադեպը չունեցող: Սա, որպես այդպիսին, խոր սոցիալական չէ, այլ ավելի լայն է: Օրինակ` կին, որն իրեն կարող է գտնել տարբեր ոլորտներում, չվախենա լինել բնական իր թերություններով, իր հետաքրքրություններով, փորձի լինել ե՛ւ գործարար կին, ե՛ւ մայր: Հիմնական հարցը, որը ես էլ իմ խոսքում բարձրացնում եմ, այն է, թե ինչպես է հայ հասարակության մեջ կինն իր տեղը գտնում, ինչ կցանկանար փոխված տեսնել, որ իրեն էլ ավելի ուժեղ զգար»,- մինչ ելույթը BRAVO.am-ի հետ կիսվեց բանախոսներից Սոնա Ազարյանը:


Մարգարիտա Գեւորգյանն, ով նույնպես միջոցառման բանախոսն էր, վստահ է` լավ օրինակը վարակիչ ու ոգեւորող է.«Հոյակապ գաղափար է, բացի այն մեր տեղային հավաքներից՝ երկուսով, չորսով, շփումն այն կանանց հետ, ովքեր այս պահին համարում են, որ ունեն բավարարվածության զգացում, որ իրենք որեւէ բան կարողացել են ստեղծել ե՛ւ ընտանիքում` որպես մայր, ե՛ւ մասնագիտության մեջ: Երբ կողքիդ է բավարարված, ուրախ, երջանիկ մարդ, անկախ քեզնից` գալիս է մոտիվացիան, ձգտումը: Ամենքս, ի վերջո, մեր ճանապարհով ենք գնում, բայց մեկը մյուսին իր լավ օրինակով կարող է մոտավոր նպատակ տալ: Ուրախ եմ, որ կարելի է խոսել եւ կիսվել ներկա կանանց հետ թե՛ իմ կյանքում եղած դրական փորձով, ե՛ւ, ինչո՞ւ ոչ, նաեւ բացասականով: Հասցնել կանանց այն, որ բացասականը դեռ աշխարհի վերջը չէ՝ դա ուսուցողական ընթացք է. այն ի հայտ է բերում մեր մեջ եղած խնդիրները, որոնց ճիշտ ըմբռնելու, ընդունելու պարագայում կկարողանաս շտկել եւ շարժվել առաջ: Ընկճվել պետք չէ ոչ մի պարագայում: Երբ փոքրիկ երեխան ընկնում է, նա չի ընկճվում, վեր է կենում եւ շարժվում է առաջ: Նույն սկզբունքով էլ պետք է կինը շարժվի առաջ՝ առանց ընկնելու վախի եւ ընկնելու դեպքում էլ բարդույթավորվելու»:

Հետաքրքիր ելույթներ, որոնցից ներկա կանայք իրապես ոգեշնչված էին.«Շատ հետաքրքիր ձեւաչափ է: Մեզ մոտ արդեն քանի տարի տարբեր հարթակներում փորձեր արվում են նման բան ստեղծելու, բայց հենց այս ձեւաչափը, որ կանայք հավաքվեն եւ ուղղակի կիսվեն իրար հետ, շատ լավ միտք է: Դժվարությունների, հաջողությունների մասին խոսել, իրար խորհուրդներ տալ, ստեղծել համատեղ ծրագրեր, խոսել դրանց մասին, եւ գուցե հենց այս շրջանակներում էլ հնարավոր լինի ռեսուրսներ հայթայթել ու մտքերն իրականություն դարձնել»,- իր տպավորություններով BRAVO.am-ի հետ կիսվեց Լիլիթ Մաթեւոսյանը:


«Նախաձեռնությունը շատ հետաքրքիր է: Դե, փորձով կիսվելն էլ միշտ դրական արդյունքների է բերում: Ամեն դեպքում ներկաները լսելով վերցնում են այն, ինչն իրենց հարազատ է: Կարող ենք ասել, որ առաջինն է, բայց կլինի շարունակական, իսկ նախաձեռնողներն ու մտքի հեղինակները կհասնեն իրենց առաջ դրված նպատակին»,- ասաց միջոցառման մասնակիցներից Նանա Հովհաննիսյանը:

Գոհար Ալեքսանյանը նույնպես մեզ փոխանցեց իր տպավորությունները.«Եթե հաջողակ կանայք կիսվում են իրենց հաջողության բանաձեւով, դա ամենալավ մոտիվացիան կարող է լինել ցանկացած աղջկա կամ կնոջ համար: Ըստ իս` ցանկացած կին իր համար օգտակար մի բան կքաղի` ներկա գտնվելով նման ձեւաչափի միջոցառման: Հուսով եմ` շարունակական կլինի»:

Սոնա Ազարյանը


Ոչ միայն հաճելի մթնոլորտ, փորձի փոխանակում, այլեւ լավ երաժշտություն ու հյուրասիրություն: Ահա այսպիսինն էր «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» (PMI) ընկերության նոր նախաձեռնությունը` հատուկ կանանց համար, որը, վստահաբար, դեռ կունենա շարունակություն եւ նոր խոսնակներ:

Հ.Գ. Այնպես որ, մենք՝ կանայք, ոչ միայն ոգեշնչում ենք տղամարդկանց, այլեւ ոգեշնչում ենք մեկս մյուսին:

Տեքստը` Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին