Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-ամյակի առթիվ Երեւանում այս օրերին իրականացվում են համերգներ՝ հանրահայտ արտիստների մասնակցությամբ:
Միջոցառումների շարքի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 8-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ իսրայելցի ջազ կոնտրաբասահար, երգիչ Ավիշայ Քոենի եւ դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգով: Նրանց նվագակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Ավիշայ Քոենը եւ Սերգեյ Սմբատյանը
Համերգը մեկնարկեց սիմֆոնիկ նվագախմբի կատարումներով, հետո բեմ բարձրացան նաեւ Ավիշայ Քոենը եւ Վահագն Հայրապետյանը:
«Անչափ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Ես սիրում եմ այստեղ գալ, սա արդեն իմ 3-րդ այցն է»,- ասաց երաժիշտը սոլո կատարումից հետո:
Նա բեմից շնորհավորեց Լեւոն Մալխասյանին 75-ամյակի առթիվ, այնուհետեւ սկսեց ներկայացնել ծրագրով նախատեսված ստեղծագործությունները:
Ավիշայ Քոենի երեւանյան համերգին
Հայ հանդիսատեսը Ավիշայ Քոենին բարձր ծափողջույններով մի քանի անգամ ետ կանչեց կուլիսներից, եւ նա կատարեց նաեւ մի քանի ստեղծագործություն, որոնք դեռեւս չեն ձայնագրել:
Հավելենք, որ Լեւոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հաջորդ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա Գրեմմիի 10-ակի դափնեկիր Take 6 ակապելա խումբը:
Լեւոն Մալխասյանը, Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը
Բացի այդ, դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո, որի շրջանակում ընկերների հետ հանդես կգա նաեւ Լեւոն Մալխասյանը:
Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:
Տեքստը՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Prime Production-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: