×


«Նրան վաղն ավելի շատ եմ սիրելու, քան` երեկ». Գագիկի եւ Լիդիայի ընտանիքը 9 տարեկան է

Գագիկ Մկրտչյանի եւ Լիդիա Գրիգորյանի համար նոյեմբերի 10-ը տոնական է: 2010 թվականին նրանք միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել ու մինչ օրս հավատարիմ են դրան: Նրանց ընտանիքում այս տարի ծնվել է երկրորդ որդին:

Դրամատիկական թատրոնի դերասաններն ամուսնության օրն անցկացրել են Գյումրիում, իսկ BRAVO.am-ի հետ Լիդիան ամփոփել է միասին ապրած տարիները` խոսելով ձեռքբերումների եւ անցած երկար ճանապարհի մասին:

Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը


«Մեր միության 14 տարին է լրանում այս տարի: 2005 թվականին ծանոթացել ենք, 2010-ին՝ ամուսնացել: Հետհայացք գցելով անցյալին` կարող եմ ասել, որ երկուսս էլ կայացանք, ձեւավորվեցինք, մեծացանք՝ մեկս մյուսին աջակցելով, սխալներ գործելով, քննարկելով, միմյանց կարծիքը հարգելով ու իրար անսպառ սիրելով: Սովորեցինք իրար հետ դժվարություններ հաղթահարել եւ միշտ նայել մի ուղղությամբ՝ հարթելով մեր համատեղ կյանքի ուղին»,- ասել է դերասանուհին:

Հոբելյանական օրը Գյումրիում են անցկացրել.«Դրամատիկական թատրոնն այդ օրը հյուրախաղերով այնտեղ էր, խաղում էինք «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը, որից հետո էլ որոշեցինք մնալ ու նշել մեր օրը՝ զբոսնելով, թանգարաններ այցելելով, վայելելով քաղաքի գեղեցկությունը»,-նշել է նա:

Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը


Լիդիան ասում է՝ հարաբերություններ կառուցելն ու պահպանելը դժվար գործ է. «Դիմացինը միշտ պետք է գիտակցի, որ պատասխանատու է այն մարդու համար, ում ընտելացրել է: Մեր հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում փոխվստահությունն ու փոխզիջումը: Ամեն բան անում ենք, որ վեճերն ու տարաձայնությունները մեր հարաբերությունների վրա վատ ազդեցություն չունենան: Ցանկացած խնդիր քննարկում եւ պարզաբանում ենք: Վերջերս հաճախ ենք հիշում մեր միասին անցած ճանապարհը: Հարսանիք կազմակերպելու արարողությունը մեր համատեղ կարեւոր որոշումներից ու առաջին ամենամեծ ինքնուրույն քայլերից է եղել»:

Լիդիան նշել է, որ ժամանակը հետ տալու եւ իր կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն չունի.«Եթե անգամ նման բան անելու հնարավորություն ունենամ, կրկին նույն ուղին կընտրեմ, նույն մասնագիտությունն ու նույն ամուսնուն, ով օգնել է ինքս ինձ գտնել, ձեւավորել է էությունս: Նրան վաղն ավելի շատ եմ սիրելու, քան՝ երեկ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին