×


«Շաբաթօրյակ». Շեյքի չերեւացող զգեստը, արեւայրուքով Քիմը, էլեգանտ Փիթն ու ամեն ինչ հասցնող Լոպեսը

Դե ինչ, տոները պաշտոնապես ավարտվեցին, աշխատանքային եռուզեռը սկսելու եւ նոր մտահղացումները կյանքի կոչելու ժամանակն է: Հայտնիները մեզ հենց տարեսկզբից են ցույց տալիս, որ առանց հատուկ առիթների էլ կարելի է ժամանակ գտնել զվարճանալու, գեղեցիկ հագնվելու ու մրցանակներ ստանալու:

Եթե պատրաստ եք, Իրինա Շեյքի ու ընկերների հետ Հին Նոր տարին նշենք, Բրեդ Փիթի պես անկրկնելի տեսք ունենանք, Լոպեսից վարակվենք ու հաջողակ դառնանք եւ Քիմ Քարդաշյանի պես թանկ ու յուրահատուկ նվերներ ստանանք: Ընթացքում կհետեւենք նաեւ կինոաշխարհում հանձնվող մրցանակներին:

Տարբերվող գեղեցկուհին

Սկսենք գեղեցկուհի, մոդել Իրինա Շեյքից: Նա իր ընկերուհի Ինգա Ռուբինշտեյնի հետ հավաքել է մտերիմներին ու Հին Նոր տարի նշել: Կոստա Ռիկայում հանգստից վերադառնալուց հետո Շեյքը մեծ երեկույթ է կազմակերպել: Հայտնի հյուրերը պարել են ռուսական երգերի ներքո, շամպայն խմել ու շատ հրապարակումներ արել սոցցանցերի իրենց էջերում: Նրանցից շատերը ներկայացել են սեւ զգեստով, իսկ երեկոյի տիրուհին տարբերվել է բոլորից: Ահա թե ինչպիսի մարմնագույն զգեստով է եղել նա:


Շեյքն ուրախանալուց բացի, գիտի նաեւ լավ աշխատել: Նա շարունակում է ներկայացրել իտալական Furla-ի պայուսակները: Այս անգամ դրանք «Նորաձեւությունը ժամանակից դուրս» անվան տակ են ու բրենդի նախորդ տարվա սեւուսպիտակ աշուն-ձմեռ հավաքածուի շարունակությունն են: Ամենից ուշագրավը հոլովակի վերջին հատվածն է:



Էլեգանտ Փիթը

Brioni բրենդը դեռ 2019-ի նոյեմբերին էր հայտարարել Բրեդ Փիթի հետ համագործակցության մասին: Մի քանի օր առաջ էլ հրապարակվել են գովազդային նոր արշավի առաջին կադրերը: Փիթը հաճախ է կարմիր գորգին հայտնվում այս ապրանքանիշի կոստյումներով: Դերասանը Կաննի ու Վենետիկի փառատոններում «Մեկ անգամ Հոլիվուդում» ու «Դեպի աստղերը» ֆիլմերը ներկայացնելիս ու Ոսկե գլոբուսի այս տարվա մրցանակաբաշխությանը Brioni-ի սեւ սմոքինգով է եղել:


Փիթի հետ համատեղ Brioni-ն թողարկելու է նաեւ մի քանի կոստյում, որոնք հասանելի կլինեն նոյեմբերին:



Արեւայրուք, բասկետբոլ եւ նվեր

2020-ին դեռ չենք հիշատակել հայկական արմատներով Քիմ Քարդաշյանի մասին, իսկ նրա կյանքում այս օրերի ընթացքում այնքան բան է տեղի ունեցել:

Նախ՝ համացանցում են հայտնվել 39-ամյա Քիմի՝ Մեքսիկայում հանգստի ժամանակ արված լուսանկարները: Նա մարմինն ընդգրկող լողազգեստով է ու, ինչպես միշտ, հիասքանչ տեսք ունի: Երկրպագուները չեն հավատում, որ լուսանկարներն առանց ֆոտոշոփի են: Նրանք դեռ հիշում են մի քանի տարի առաջ Քիմի հանգստի պատահական կադրերը:


Մի լավ արեւայրուք ընդունելուց հետո Քարդաշյանին ամուսնու հետ նկատել են NBA-ում «Լոս Անջելես Լեյքերսի» ու «Քլիվլենդ Քավալերսի» խաղին: Նրանք առաջին շարքում են հետեւել «Լեյքերսի» 128:99 հաշվով հաղթանակին:

Բացի այդ էլ իմացել ենք, թե յուրահատուկ ինչ անակնկալ է Քանյե Ուեսթը պատրաստել կնոջ համար: Տարբերվող նվերների մասնագետ երգիչը Cartier-ի շղթայով կախազարդ է նվիրել Քիմին, որի վրա կնոջ հետ իրենց նամակագրությունից հատվածներ է փորագրել:

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on


Ամեն ինչ հասցնող Լոպեսը

Ջեննիֆեր Լոպեսը գեղեցիկ, ազդեցիկ ու հաջողակ կնոջ իսկական օրինակ է: Թվում է՝ նա ամեն ինչ հասցնում է, հարցազրույցներ է տալիս, գեղեցիկ զգեստներով հիացնում, ապա ժամանակ անցկացնում իր երեխաների հետ:

Սկսենք նորաձեւությունից. Լոպեսը դարձել է Versace-ի նոր դեմքը: Նախորդ տարի իտալական բրենդի հագուստով երգչուհու ելույթն ամենաքննարկված իրադարձություններից մեկն էր:

«Versace-ում կանանց ավելի ուժեղ են դարձնում»,- այսպես է նոր համագործակցության մասին ասել Լոպեսը:


Հավաքածուի դեմքն է նաեւ Քենդալ Ջենները: Մոդելների այդպիսի ընտրությամբ Դոնաթելա Վերսաչեն փորձել է ցույց տալ, որ իր հագուստը համապատասխանում է տարբեր տարիքի կանանց:

Նախորդ ամռանը 50-ամյակը նշած Լոպեսը, սակայն, այդքանով չի սահմանափակվել: Նա վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն 3-րդ անգամ է նորաձեւության գովազդում հայտնվել: Այս անգամ՝ Guess-ի համար:

2020-ի գարուն-ամառ հավաքածուի կադրերում նա ասես 1960-ականների ֆիլմերից լինի, բայց որոնցում Սոֆի Լորենը հանդիպել է 1980-ականների Մադոննայի հետ: Ստացվել է համարձակ ու գեղեցիկ:


Սակայն սա էլ վերջը չէ. Լոպեսն այս շաբաթ երեկույթի ժամանակ փայլել է իր բաց երկնագույն զգեստով, ինչպես նաեւ երեխաների հետ ստուգել նրանց տնային աշխատանքները:

Նոր կինոմրցանակներ

Հոլիվուդում մրցանակներ հանձնելու ազդանշանը տրված է հունվարի սկզբից: Ոսկե գլոբուսից հետո աստղերը հիմա էլ Սանտա Մոնիկայում էին հավաքվել՝ Critics’ Choice Awards-ի մրցանակակիրներին 25-րդ անգամ պարզելու համար:

Այս տարի էլ մի քանի անվանակարգերում 2 հաղթող եղավ: Լավագույն ռեժիսորի կոչմանն արժանացան Պոն Ջուն Հոն՝ «Մակաբույծները» ֆիլմի համար ու Սեմ Մենդեսը՝ «1917»-ի:


Մրցանակները շատ են, դրա համար էլ կնշենք նրանից մի քանիսի հաղթողներին: Լավագույն ֆիլմը «Մեկ անգամ Հոլիվուդումն» է, դերասանի ու դերասանուհու մրցանակը ստացան Խոակին Ֆենիքսն («Ջոքեր») ու Ռենե Զելվեգերը («Ջուդի»): 2-րդ պլանի լավագույն դերասաններն էլ Բրեդ Փիթն («Մեկ անգամ Հոլիվուդում») ու Լորա Դերն («Ամուսնական պատմություն») են: Լավագույն երիտասարդ դերասանը Ռոման Գրիֆիինն է («Ջոջո նապաստակը»):

Օսկարի թեկնածուները

Տարվա ամենասպասված կինոմրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 9-ին, իսկ այս շաբաթ հայտարարվել են Օսկարի գլխավոր թեկնածուները:

Ամենաշատ՝ 11 անվանակարգերում ներկայացված է «Ջոքերը», ինչը շատ մասնագետների համար զարմանալի է:

Լավագույն ֆիլմ՝ «1917», «Իռլանդացին», «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի», «Ջոջո նապաստակը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «Մակաբույծներ», «Մի անգամ Հոլիվուդում»:

Լավագույն դերասան՝ Անտոնիո Բանդերաս («Ցավ ու փառք»), Լեոնարդո ԴիԿապրիո («Մեկ անգամ Հոլիվուդում»), Ադամ Դրայվեր («Ամուսնական պատմություն»), Խոակին Ֆենիքս («Ջոկեր»), Ջոնաթան Փրայս («Երկու Պապ»):


Լավագույն դերասանուհի՝ Սինտիա Էրիվո («Հարրիեթ»), Սքարլեթ Յոհանսոն («Ամուսնական պատմություն«), Սիրշա Ռոնան («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոն («Սկանդալ») եւ Ռենե Զելվեգեր («Ջուդի»):

Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանա լայստեղ:

Դեռ մրցանակաբաշխությունը չի եղել, սակայն այն արդեն հասցրել է քննարկումների կենտրոնում հայտնվել: Բանն այն է, որ թեկնածուների մեծ մասը սպիտակամորթներ են, Օսկարի ակադեմիային մեղադրում են ռասիսմզի մեջ: Արդեն հասցրել են հաշվել, որ լավագույն դերասանների 20 հավակնորդներից միայն երկուսը չեն սպիտակամորթ:

Պատմություն է կերտում մակեդոնական կինոն, որի «Մեղրի երկիր» ֆիլմը միանգամից 2 Օսկարի է առաջադրվել՝ լավագույն արտասահմանյան ու վավերագրական ֆիլմ:


Միանգամից 2 անվանակարգում է ներկայացված նաեւ Սքարլեթ Յոհանսոնը: Նրա նորամուտը Օսկարում կրկնակի է եղել: Նա պայքարում է նաեւ 2-րդ պլանի լավագույն դերի համար՝ «Ջոջո Նապաստակը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար: Վերջին անգամ նման բան 12 տարի առաջ Քեյթ Բլանշեթի հետ էր եղել:

Սփայք Լին՝ Կաննում

Օսկարակիր Սփայք Լին մայիսի 12-ից 23-ը կայանալիք Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ է նշանակվել: Նա առաջին աֆրոամերիկացին է, որը գլխավորելու է կինոաշխարհի կարեւորագույն միջոցառումներից մեկը:

«Կաննի կինոփառատոնը մեծ ազդեցություն է ունեցել իմ կարիերայի վրա: Այդ ամենը սկսվել է դեռ 1968 թվականին: Հենց Կանն է ինձ դարձրել այնպիսին, ինչպիսին ես հիմա կամ»,- ասել է Լին:


Նա խոստովանել է, որ առաջարկը ստանալիս զարմացած է եղել, երջանիկ ու հպարտ միաժամանակ:

Տարբեր տարիներին փառատոնում ռեժիսորի 7 ֆիլմի պրեմիերա է կայացել, 2018-ին նրա «Կլանի սեւ անդամ» ֆիլմը Գրան պրիի է արժանացել: Իր ֆիլմերում ռեժիսորը հիմնականում անդրադարձել է ռասայական խտրականությանը, աղքատությանն ու տարբեր ռասաների ներկայացուցիչների հարաբերություններին:

Բլանշեթն էլ կլինի Վենետիկում

Օսկարակիր դերասանուհի ու պրոդյուսեր Քեյթ Բլանշեթն էլ կգլխավորի Վենետիկի 77-րդ փառատոնի միջազգային ժյուրիի կազմը:


Ամեն տարի աշնան սկզբին իտալական Լիդո կղզում տեղի է ունենում ամենահին կինոփառատոններից մեկը: Այս տարի այն նշանակված է սեպտեմբերի 12-ին:

«Ամեն տարի ուշադիր ուսումնասիրում եմ փառատոնի ծրագիրն ու այն անընդհատ զարմացնում է ինձ: Այն ամենահագեցածներից ու գեղեցիկներից է: Ժյուրիի կազմը գլխավորելն ինձ համար առավելություն ու հաճույք է»,- ասել է Բլանշեթը:

Պատրաստեց` Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW