×


«Շատ ցավոտ թեմա է ինձ համար». Հասմիկ Կարապետյան

Հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Հասմիկ Կարապետյանը, ով վերջին տարիներին նույնքան ակտիվ չէ երգարվեստում, այժմ ամուսնու եւ երկու տարեկան դստեր հետ վայելում է ընտանեկան կյանքի լավագույն պահերը: Ինչպես ինքն է նշում, անձնազոհ մայրերից չէ, բայց նախընտրում է ինքնուրույն մեծացնել դստերը եւ վայելել նրա հետ անցկացրած ամեն վայրկյանը, ինչպես յուրաքանչյուր սրտացավ մայր: BRAVO.am-ը Հասմիկի հետ զրուցել է անցնող տարվա դժվարությունների եւ հաջողությունների, առաջիկա անելիքների մասին, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե որտեղ եւ ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը:

- Հասմիկ, քանի որ տարին արդեն մոտենում է ավարտին, հետաքրքիր է իմանալ, թե ինչ դրվագներ կառանձնացնեք, եթե փորձեք ամփոփել 2018 թվականը. ի՞նչ հաջողություններ կամ գուցե հիասթափություններ ունեցաք անցնող տարում:
- Ճիշտն ասած՝ անցած տարին ինձ համար ե՛ւ դրական էր, ե՛ւ մի քիչ էլ բացասական: 2018-ին ես երկար ժամանակ՝ մոտ 6 ամիս, ընտանիքիս հետ բնակվեցի Կանադայում` Սարնիա քաղաքում, որտեղ, պատկերացրեք, ոչ մի հայ չկար մեր հարեւանությամբ: Ես կտրվել էի իմ հայրենիքից եւ երեխայիս ու ամուսնուս հետ ձմռանը մեկնել արտերկիր: Իհարկե, շատ լավ որոշում էր, որովհետեւ մենք ընտանիքով միասին էինք, ինչը շատ կարեւոր է, սակայն չեմ թաքցնի` շատ դժվար էր: Ունեցել եմ շատ բացասական ապրումներ օտարության մեջ, դեպրեսիայի աստիճանի հասնող. միայնակ, առանց օգնության երեխային մեծացնելն այդքան էլ հեշտ չէ: Այստեղ գոնե ընտանիքս ու ընկերներս ինձ հետ են, շրջապատում էլ հայեր կան, որոնց հետ պարզապես կարող ենք շփվել: Ես խոսում եմ մարդկային ջերմության մասին, որ այնտեղ չկա: Այդ առումով ինձ համար բացասական էր տարվա առաջին փուլը: Հատկապես որ արդեն սկսվել էր հեղափոխությունը, բայց մենք չէինք կարողանում ֆիզիկապես ներկա լինել, թեպետ ամեն օր հետեւում էինք իրադարձություններին: Այդ էմոցիոնալ փուլը մենք վերապրեցինք յուրաքանչյուր հայի հետ:

Շանթն ու Հասմիկն՝ իրենց դստեր հետ


Հաջորդ փուլը, երբ հունիս ամսին արդեն վերադարձանք, սկսվեցին իմ պայծառ օրերը: Իհարկե, այս դեպքում էլ ամուսնուս համար է դժվար, որովհետեւ իր ծնողներն ու հարազատներն էլ ԱՄՆ-ում են: Բայց նա այնքան դրական անձնավորություն է եւ այնքան շատ է գնահատում իր ընտանիքը, որ համաձայն է գալ, միայն թե իր ընտանիքի կողքին լինի: Չնայած՝ արդեն փորձն ունի այստեղ ապրելու. մինչ այս ամենը մենք հինգ տարի բնակվել ենք Հայաստանում, այնպես որ, ինքն էլ այստեղ իրեն լավ է զգում արդեն:

- Վերջնակա՞ն եք վերադարձել Հայաստան, թե՞ դեռ հնարավոր են տեղափոխություններ:
- Գիտեք, նախկինում հստակ պատասխաններ էի տալիս նման հարցերին, բայց հետո հասկացա, կյանքն ինձ ապացուցեց՝ ես ո՞վ եմ` ինչ-որ բան ասելու համար: Չգիտեմ` երեւի նախախնամություն է: Ես հավատում եմ, որ բոլորիս կյանքն էլ ինչ-որ առումով գծագրված է, որովհետեւ հաճախ պատահել է, որ ինչքան էլ փորձել եմ՝ ինչ-որ բան իմ ուզածով լինի, չի եղել: Կամ եղել են այնքան լավ բաներ, որ ես երբեւէ չեմ պատկերացրել` այդպես կարող էր լինել: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ ունի կյանքի ուրվագծված ճանապարհ, բայց նաեւ ունի ընտրության իրավունք ամեն վայրկյան:

- Չնայած անձնական զբաղվածությանը` անցնող տարում ներկայացաք նոր տեսահոլովակով, որը նվիրված է Ձեր դստերը` Տաթեւին: Կարո՞ղ ենք ասել, որ առաջիկայում էլ կլինեն նոր գործեր կամ ավելի ակտիվ կլինեք երգարվեստում:
- Շատ ցավոտ թեմա է ինձ համար, որովհետեւ իրականում ամբողջովին տրվել եմ մայրությանը եւ ինձ մի քիչ վատ եմ զգում, որ չեմ կարողանում երկրպագուներիս սպասումներն արդարացնել: Ես այնքան լավ եմ զգում, որ այսօր լինելով այդքան պասիվ երգարվեստում, իմ լսարանը կա այնպես, ինչպես եղել է միշտ: Այնքան լավ եմ զգում, որ մարդիկ ինձնից պահանջում են նոր ստեղծագործություններ: «Իմ Տաթեւը» հրաշքով ստացվեց թե՛ ժամանակի առումով, թե՛ ընկերներիս եւ ամուսնուս շնորհիվ, որ կողքիս էին եւ ամեն ինչ արեցին տեսահոլովակի նկարահանման համար:

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը


Ես շատ մեծ հույս ունեմ, որ շուտով ակտիվորեն կվերադառնամ իմ աշխատանքին, որովհետեւ Տաթեւն արդեն մեծ է, երկու տարեկանը լրացել է, եւ եկող տարվանից արդեն մանկապարտեզ պետք է գնա: Ցավոք, ծնողներս էլ այդքան երիտասարդ չեն, որ կարողանամ երեխային երկար ժամանակով թողնել նրանց խնամքին: Իհարկե, նրանք ինձ շատ են օգնել, եւ առանց իմ ծնողների ինձ համար շատ դժվար կլիներ: Սակայն հիմա ես արդեն փորձում եմ նրանց քիչ նեղություն տալ: Իսկ դայակ չեմ ուզում ունենալ, որովհետեւ ինքս եմ ուզում մեծացնել իմ երեխային եւ ամեն քայլը տեսնել, վայելել, ինչո՞ւ ոչ` տանջվել, ինչպես բոլոր սրտացավ մայրերը: Սակայն ես անձնազոհ մայրերի դասին չեմ պատկանում, որովհետեւ մի քիչ էլ մեծանա ու մանկապարտեզ հաճախի, պետք է լիովին վերսկսեմ երգարվեստում իմ գործունեությունը: Արդեն խոսել եմ մի քանի երաժիշտների հետ, ու պետք է կազմվի բենդ, որի հետ պիտի հանդես գանք երեւանյան ակումբներում ու փաբերում: Մի հետաքրքիր ծրագիր ենք մտածել, տեսնենք` ինչպես կստացվի:

Արի ու տես, որ իմ մատուցած երաժշտությունը կնունքներին, ծնունդներին եւ հարսանիքներին այնքան էլ պետք չէ: Գիտեք՝ ինչ, ակտիվ չեմ նաեւ այդ պատճառով, որովհետեւ ասենք մի տեսահոլովակ էլ, մի համերգ էլ ունեցա, բայց հետո՞: Չէ՞ որ իմ ստեղծագործությունները կոմերցիոն չեն: Իսկ ես չեմ ուզում փոքրիկ քայլերով կառուցածս փլուզել գումարների համար: Ես ինքս եմ ընտրել այս ճանապարհը, ինքս չեմ փոխել իմ ոճը: Չնայած՝ ասեմ, որ ոճային փոփոխություններ սպասվում են: Արդեն փորձ ունեցել եմ հանդես գալ Գյումրիի ջազ-ակումբներից մեկում եւ իմ մատուցմամբ եմ ներկայացրել հայկական ժողովրդական երգերը: Կարծում եմ` շատ հետաքրքիր էր ստացվել: Եվ հետո ո՞վ է ասել, որ որակով չես կարող գումար աշխատել: Օրինակ՝ մենք ունենք Արամ Mp3, Իվետա Մուկուչյան եւ տաղանդավոր այլ արտիստներ, որոնք, կարծում եմ, շատ հետաքրքիր են իրենց ոճով ու բավական պահանջված են այսօր: Այսինքն՝ իմ ասածն ապացուցվում է` միայն տաշի-տուշի երգելով չէ, որ կարելի է գումար աշխատել: Այո, միանշանակ կակտիվանամ, բայց իմաստավորված, ոչ թե ուղղակի:


- Հասմիկ, հետաքրքիր է իմանալ նաեւ, թե որտեղ եւ ինչպես եք պատրաստվում դիմավորել Ամանորը: Տոնական գիշերը կլինեք ընտանիքի հետ տա՞նը, թե՞ գուցե որեւէ տեղ մեկնեք:
- Գիտեք, եթե միայն ես եւ Շանթը լինեինք, միանշանակ կգնայինք հետաքրքիր որեւէ վայր, միասին ռոմանտիկ Նոր տարի կդիմավորեինք մինչեւ լույս (ժպտում է,- հեղ.): Բայց հիմա մեր ընտանիքն արդեն համալրված է, եւ Տաթեւն է հաճախ թելադրում՝ ինչ անել, ուր գնալ: Այդ պատճառով ամենաճիշտն այն է, որ այս տարի իմ ընտանիքի, այսինքն՝ մորս, հորս եւ քրոջս հետ դիմավորենք Ամանորը, մանավանդ նրանք էլ մենակ են տանը: Ուրախ տրամադրությամբ լավ ժամանակ կանցկացնենք միասին: Տաթեւն էլ երեւի մեզ կխղճա ու մի քիչ շուտ կքնի, եւ մենք կկարողանանք վայելել այդ հեքիաթը: Հետո, իհարկե, կայցելենք հետաքրքիր, լավ վայրեր:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին