×


«Շոու բիզնեսում դեռեւս հնարավոր է ընկերությունը»՝ Քրիստինե Պեպելյանի մենահամերգի հայտնի հյուրերը

Երեւանյան ժամանցի վայրերում սիրահարների տոնի առթիվ համերգային տարբեր երեկոներ էին կազմակերպվել, որոնցից ամենառոմանտիկը Քրիստինե Պեպելյանի ակումբային մենահամերգն էր: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է եւ, իհարկե, զրուցել երգչուհու հետ:

Հնչեցին Քրիստինեի սիրված ու հայտնի երգերը, ինչպես նաեւ արտասահմանյան հիթերի քավերներ: Նա ընտրել էր հիմնականում մեղեդային գործեր՝ օրվա թեմային համահունչ: Եղան նաեւ երկու-երեք ռիթմիկ երգեր, որոնց ժամանակ ներկաները սիրով պարեցին:

Քրիստինե Պեպելյանի մենահամերգին


«Շատ սպասված ու հաճելի հանդիպում է ինձ համար, քանի որ պիտի երգեմ իմ ռոմանտիկ, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր երգերը: Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ: Սա սիրո տոն է, իսկ սեր պիտի լինի ամեն տեղ»,-իր ողջույնի խոսքում նշեց երգչուհին:

Ի դեպ, համերգին ներկա էին նաեւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ՝ իրենց կանանց ու ամուսինների հետ, մասնավորապես՝ Արամեն, Նունե Եսայանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք: Քրիստինեն այս առիթով նկատեց՝ ուրախալի է, որ իրենց բնագավառում դեռեւս հնարավոր է ընկերությունը.«Ուրախություն է տեսնել մարդկանց, ովքեր ինձ ուղղակի կարող են ժպտալ, եւ ամեն ինչ հասկանալի կլինի, եթե անգամ ոչ մի բառ էլ չասեն: Այսօր դահլիճում են իմ ընկերներից մի քանիսը՝ ինձ համար շատ թանկ ու հարազատ մարդիկ, որոնց ես շատ սիրում եմ, եւ որոնց մասին կարող եմ անվերջ խոսել: Իսկապես ուրախ եմ, որ այսօր այստեղ եք՝ իմ կողքին»:

Նունե Եսայանը


Նշենք, որ երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը, ով իր խոսքում ընդգծեց՝ պետք է ապրել այնպես, որ ամեն օրն էլ սիրո տոն լինի.«Շատ են խոսում այն մասին, թե Վալենտինը մեզ պետք չէ. մենք Սուրբ Սարգիս ունենք: Ես կարծում եմ՝ ինչքան շատ լինեն սիրո տոներն ու առիթները, որ հայ տղամարդը ծաղկեփունջ նվիրի իր կնոջը, այդքան ավելի լավ»:

Քրիստինե Պեպելյանը


Մինչ համերգի սկսվելը, սակայն, հասցրինք զրուցել Քրիստինեի հետ եւ լսել սիրահարներին ուղղված նրա բարեմաղթանքը.«Ովքեր սիրահարված են, թող փորձեն հնարավորինս երկար պահել այդ հաճելի զգացմունքը: Սերը միայն տղամարդու եւ կնոջ մասին չէ. սերն ամեն ինչի մեջ պիտի լինի: Ասում են՝ երբ մի բան սիրով ես պատրաստում, համեղ է ստացվում, երբ սիրով ես անում աշխատանքդ, ավելի արդյունավետ ու լավ է ստացվում: Ամեն ինչի մեջ սեր ու սիրտ պիտի լինի, այլապես ինչ-որ բան սխալ կլինի: Մաղթում եմ բոլորին, որ իրենց այդ գեղեցիկ զգացողությունները երկար տեւեն»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին