×


«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնին

«Ոսկե ծիրան 2018»-ը՝ Արոնոֆսկու ջրային անակնկալով ու Փաշինյանի տեսաուղերձով

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ Երեւանը կլինի կինոսեր հանրության ուշադրության կենտրոնում: Հոբելյանական փառատոնի բացման պաշտոնական արարողությունը հուլիսի 8-ին էր, երբ Հայաստանում նշվում էր նաեւ Վարդավառը: Իհարկե, հյուրերի մեծ մասին հաջողվել էր առանց թրջվելու տեղ հասնել, բայց Ֆրանսիայի հրապարակում եւ Արամ Խաչատրյան համերգասրահում լրագրողներին ու հանդիսատեսին անակնկալ էր սպասվում: Կարմիր գորգի արարողությանը, հետաքրքիր մանրամասներին ու փառատոնի հանդիսավոր բացման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:

Տոնական միջոցառմանը ներկա էին հարյուրավոր դերասաններ, ռեժիսորներ եւ կինոսերներ, ովքեր նախ լուսանկարվեցին Ֆրանսիայի հրապարակում բացված կարմիր գորգով անցնելիս, ապա իրենց տեղերը զբաղեցրին Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճում: Նրանց թվում էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Դե իսկ արտասահմանցի հայտնի ու սպասված հյուրերից էին աշխարհահռչակ կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ասղար Ֆարհադին, Ջանֆրանկո Ռոզին, Ճաո Լյանը, Բորիս Խլեբնիկովը եւ այլք:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնին


Ի դեպ, Դարեն Արոնոֆսկին, ով այս տարի փառատոնի պատվավոր հյուրերից մեկն է, անմասն չմնաց Վարդավառի տոնից եւ իր նախաձեռնությամբ ջրեց նախ իր հետ զրուցող լրագրողներին, ապա նաեւ հանդիսատեսի առաջին շարքերում նստած հյուրերին: Նա ասաց, որ երկու օրով է եկել Հայաստան եւ շատ ուրախ է այստեղ գտնվելու առիթով: Ռեժիսորը պատմեց, որ երբ ժամանել է Երեւան, իր հետեւից են ընկել մի քանի երեխաներ՝ դույլերը ձեռքներին, եւ փորձել ջրել իրեն: Այդպիսով ինքը պարզել է, որ Հայաստանում ջրի տոն է, եւ որոշել է անմասն չմնալ Վարդավառից: Իսկ երբ Արոնոֆսկու «Սեւ կարապը» ֆիլմի հայտնի հերոսուհու կերպարով պարուհին նրան բեմ հրավիրեց, նա շնորհակալություն հայտնեց աղջկան եւ նկատեց, որ պարուհին նույնքան խենթ էր, որքան իր ֆիլմերը. «Շատ գեղեցիկ էր ու հմայիչ»,- ասաց ռեժիսորը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը Արոնոֆսկուն պարգեւատրեցին «Փարաջանովյան թալեր»-ով` համաշխարհային կինոյում նշանակալի վաստակի համար: Նշենք, որ 1976թ.-ին Սերգեյ Փարաջանովն իր բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել է դրամներ եւ անվանել դրանք «Թալերներ»: Այսօր Թալերները Փարաջանովի թանգարանում են, իսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակն այդ դրամներից մեկի արծաթյա պատճենն է:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնին


Մինչ այդ, սակայն, էկրաններին ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, որը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ֆորմատով էր նկարահանված. «Ես ուզում եմ շնորհավորել նաեւ փառատոնի այն հյուրերին, ովքեր եկել են մի երկիր, որն ապրում է նոր հույսով, նոր շնչով եւ նոր էներգիայով ու լավատեսությամբ նայում է դեպի ապագա: Ես հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտահայտությունը կգտնեն կինոյում եւ նոր ստեղծագործական էներգիա կհաղորդեն մեր կինոգործիչներին` ստեղծելու նորանոր գլուխգործոցներ»,- իր խոսքում նշեց վարչապետը:

«Մենք միշտ սպասում ենք մեծարգո վարչապետի հետ օնլայն հանդիպումներին, քանի որ դա ոչ միայն շփման շատ անմիջական ու ժողովրդավարական ձեւ է, այլեւ շատ կինեմատոգրաֆիկ է, ինչն ավելի կարեւոր է մեզ համար»,- կեսկատակ ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հետ վարում էր փառատոնի բացման երեկոն:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնին


Նշենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ: Հետահայաց ցուցադրություններն այս տարի ընդգրկում են համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկու եւ Ջանֆրանկո Ռոզիի ֆիլմերի ընտրանին։ Փառատոնի շրջանակում կլինի նաեւ հատուկ ծրագիր՝ նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65-ամյակին: Հատկանշական է, որ խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի նախագահում է կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան), իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին՝ նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը (Չինաստան): Այնպես որ, փառատոնային ամենահետաքրքիր օրերը դեռ առջեւում են. շտապեք դիտել հայկական ու արտասահմանյան ժամանակակից լավագույն ֆիլմերը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Ոսկե ծիրան» փառատոնի կայքէջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին