×


«Սա իմ հնարավորությունն ու փրկությունն է». Շուտով կծնվի Նորա Գրիգորյանի երրորդ երեխան

Երկվորյակների մայրիկ Նորա Գրիգորյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է: Բեմադրիչ-ռեժիսորի եւ դերասան Էրվին Ամիրյանի ընտանիքում ամիսներ անց կծնվի երրորդ երեխան: BRAVO.am-ի հետ զրույցում Նորան խոսել է հղիության ընթացքի եւ ապագա փոքրիկի մասին:


Հղիության 5-րդ ամսում գտնվող բեմադրիչն ասել է, որ իրեն շատ լավ է զգում, աշխատում է, ակտիվ կյանք վարում, նաեւ ժամանակը փոքրիկների հետ է անցկացնում՝ նրանց նախապատրաստելով ընտանիքի նոր անդամի լույս աշխարհ գալուն.«Աշխատանքս չի խանգարում, ավելին՝ նոր նախագծեր էլ կան: Ապրիլի 6-ին եւ 7-ին բոլորին հրավիրում եմ Ռուսական դրամատիկական թատրոն՝ «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղին: Շարունակելու եմ աշխատել մինչեւ բալիկիս ծնունդը, քանի որ ինձ համար հղիությունը հիվանդություն չէ:)»:

Նորա Գրիգորյանը՝ երկվորյակների հետ



Նորան նշել է, որ ապագա բալիկին վերաբերող խորհրդավոր պատմություն կա. «Ամիսներ առաջ քույրս երազ էր տեսել, որում հայրս ասել էր՝ «Նորային կասես, որ նոյեմբերին ամեն ինչ լավ կլինի, եւ բալիկի անունը արդեն կարող է Սաշա դնել: Արդեն կարելի է»: Եվ երբ նոյեմբերի 29-ին իմացա հղիությանս մասին, միանգամից հիշեցի հորս խոսքերը»,-ասել է նա եւ ավելացրել, որ իրենց երրորդ երեխան աղջիկ կլինի, ով անպայման կստանա Ալեքսանդրա անունը.«Անչափ երջանիկ եմ: Սա ինձ համար եւս մեկ ապացույց է, որ հայրս լսում է ինձ, եւ մեր կապը չի կորել»:


Նա խոստովանել է, որ հղիության լուրն իմանալուց հետո խառնվել է իրար, հուզվել. «Երբ հայտնեցի ամուսնուս, նրա երջանկությանը չափ ու սահման չկար: Այդ երջանկությունը ինձ ուժ տվեց, քանի որ կարիերիստ եմ եւ շատ եմ սիրում աշխատանքս, մի քիչ դժվար էր գիտակցելը, որ կարող է դադար ունենամ: Բայց այս երեխան իսկապես Աստծո կողմից ուղարկված է, իմ փրկությունն է, իմ չասված սիրո խոսքերը կրկին ասելու հնարավորությունն է»:

Նորա Գրիգորյանը



Նորան նշել է նաեւ, որ շատ լավ օգնականներ ունի, ովքեր էլ կօգնեն իրեն հաղթահարել այս փուլը, ժամանակ տրամադրել փոքրիկներին եւ աշխատանքին:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ է մաղթում Նորային:


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Նորայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին