×


«Օ՜, քամի, քամի». Աստղիկ Սաֆարյանն անակնկալ կմատուցի երկրպագուներին

Աստղիկ Սաֆարյանի համար այցեքարտ դարձած «Օ՜, քամի, քամի» երգի քավեր տարբերակը կունենա տեսահոլովակ: Երգչուհու սոցցանցային էջերում տեղ գտած մեկնաբանություններից էլ կարող ենք ենթադրել, որ սա ամենասպասված ստեղծագործությունն է երկրպագուների համար: Ոչ միայն նոր գործիքավորում, որն Աստղիկն իրականացրել է դեռ տարիներ առաջ, այլեւ նկարահանված նոր տեսահոլովակ ու նոր կերպարներ: Իսկ մինչ պրեմիերան BRAVO.am-ը զրուցել է երգչուհու հետ:

-Դեռ 2017 թվականին ընդամենը մի քանի օրում նկարահանեցիք երեք տեսահոլովակ՝ «Ստանդարտ», «Alone» եւ … Եվ այն տեսահոլովակը, որի պրեմիերան կլինի այսօր: Ինչո՞վ է պայմանավորված ավելի քան մեկ տարի դադարից հետո ներկայացնելը:

-Պատճառը մեկ այլ տեսահոլովի առաջ գալն էր։ Քանի որ մինչ այս հոլովակս պատրաստելը, ամռանը նոր՝ «Դու ուժես ես» երգի հիման վրա Փարիզում նկարահանեցի նոր հոլովակ, որն ավելի շուտ ներկայացրի, քան նախատեսվում էր, բայց փաստորեն ճիշտ ժամանակին էր, քանի որ նույնպես անչափ սիրվեց շատերի կողմից։ Նոր տեսահոլովակս նկարահանվել է «Օ՜, քամի, քամի» երգի հիման վրա եւ նկարվել է իմ լսարանի բազմաթիվ խնդրանքներով եւ հորդորներով, քանի որ իմ երգացանկի ամենասիրված երգերից է։ Այն, ինչ նկարահանվել էր 2017-ին՝ «Ստանդարտ»-ի եւ «Alone»-ի հետ, կմնա այդպես, քանի որ ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիի հետ որոշեցինք բոլորովին նոր նկարահանումներ անել՝ երիտասարդ թիմով, որը կունենա ավելի թարմ եւ աշնանային տրամադրություն։

Աստղիկ Սաֆարյանը


-Սա մի գործ է, որին շատ-շատ են սպասել հատկապես Ձեր երկրպագուները: Ինչպիսի՞ն է լինելու այն եւ ի՞նչ համագործակցություններ ենք տեսնելու:

- Իսկապես իմ լսարանը շատ է սպասել այս գործին։ Ամեն անգամ տեսնելիս միշտ բոլորն ասել են, որ շատ կուզեին տվյալ երգս ունենար տեսահոլովակ, նույնատիպ խնդրանքներով ստացել եմ նաեւ բազմաթիվ նամակներ: Ես լսել եմ նրանց բոլորի առաջարկները, հորդորները, ու ահա վերջապես եկել է օրը. այսուհետ իմ «Օ՜, քամի, քամի»-ն կներկայացնեմ նաեւ տեսահոլովակով։ Ինչպես արդեն նշեցի՝ ռեժիսորն է Արմեն Փիրիմասիհին, օպերատորը՝ շատ տաղանդավոր երիտասարդ Հովհաննես Պողոսյանը, ով նաեւ լուսանկարիչ է, սյուժետային գծով զբաղվել է Վարուժան Գալտակյանը, դիմահարդարումն արել է Մարի Աբելյանը, իսկ կերպարներիս ոճով զբաղվել եմ ինքս։

-«Օ՜, քամի, քամի»՝ արդեն սիրված երգ, որը Ձեր մատուցմամբ երկրորդ շունչ ստացավ: Ի՞նչ ռիսկեր են լինում, երբ հենց սիրված երգն եք փորձում ներկայացնել նորովի եւ ի՞նչ աշխատանքներ են տարվում, որ այն ընդունվի մելոմանների կողմից:

- Իհարկե, առաջին անգամ, երբ փորձում ես մոտենալ մի երգի, որն արդեն քեզնից առաջ երգվել է, այն էլ այնպիսի մեծ կատարողների կողմից, ինչպիսիք են՝ Հարութ Փամբուկչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Էլվինա Մակարյանը, «Empyray» խումբը, բնական էր, որ բավական ռիսկային էր։ Սակայն 12 տարի առաջ առաջին անգամ մրցույթի շրջանակներում մեծ պատասխանատվությամբ համարձակվեցի ես էլ կատարել այդ երգը, եւ, հուրախություն ինձ, երգի իմ մոտեցումն այնքան սիրվեց շատերի կողմից, որ երգն ակամայից դարձավ այցեքարտս։ Քանի որ իմ մեկնաբանությամբ այն այդքան սիրվեց, պարտավորվեցի իմ սեփական գործիքավորումը ստեղծել դրա համար ու դիմեցի «Empyray»-ին, եւ «Օ՜, քամի, քամի» երգի նոր տարբերակը ներառվեց իմ առաջին ձայնասկավառակում։ Ուրախ եմ, որ կարողացել եմ ոչ միայն չվնասել երգը, այլեւ նոր շունչ տալ դրան եւ անել այնպես, որ առաջին երգը, որով ինձ ճանաչում են, հենց «Օ՜, քամի, քամի» -ն է:

Աստղիկ Սաֆարյանը


-Վերջին հինգ տարիների կտրվածքով հայրենական շոու-բիզնեսում կարող ենք մեկ ձեռքի մատներին հաշվել այն կատարողներին, ովքեր սկավառակ են ներկայացրել: Դուք հենց այդ երգչուհիներից մեկն եք` Ձեր «Better Way» ալբոմով: Ի՞նչ նախագծեր կան ապագայում եւ գուցե լինի չորրո՞րդ ալբոմը:

- Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, քանի որ գրել եմ շատ նոր երգեր եւ պատրաստվում եմ անել դրանց ձայնագրությունները, ավելի ուշ պարզ կդառնան նոր CD-ի հետ կապված պլանները։

-Ինչպես սկզբում Ձեզ տեսել ենք, հենց այդ նույն սկզբունքներով շարունակել եք առաջնորդվել՝ ստեղծել երգեր, որոնց ուղեկցությամբ դժվար թե կոմերցիոն միջոցառումներ անցկացնեն, ինչն էլ երգից հիմնական եկամտի աղբյուրն է լինում: Չե՞ք մտածում նման ստեղծագործություններով եւս ներկայանալու մասին:

- Ես ունեմ իմ լսարանը եւ ունենում եմ համերգային երեկոներ, որոնց ընթացում երգացանկի 90% -ը երգում եմ իմ սեփական երգերը, իսկ մյուս 10%-ը փորձում եմ ներկայացնել քավերներ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի կամ համաշխարհային դասականների գործերից, բայց նկատել եմ, որ երբ անցնում եմ իմ սեփական երգերին, հանդիսատեսն ավելի է ակտիվանում եւ ավելի հաճույքով է վայելում հենց իմ երգերը։ Դա ամենամեծ գնահատականն է հեղինակ-կատարողի համար։ Հատկապես այն դեպքում, որ ինքս կարծում եմ՝ իսկական արտիստի համերգը չպետք է բաղկացած լինի միայն ու միայն քավերներից։ Դրանք, իհարկե, ցանկալի են եւ հաճելի են ամեն համերգին, բայց ընդամենը 20% չափաբաժնով, այլ ոչ՝ 100%։ Ուրախ եմ, որ իմ լսարանը գալիս է համերգիս՝ հենց իմ երգերը լսելու, ես էլ ազնվորեն միշտ ստեղծում եմ նոր երգերը, ներկայանում դրանցով՝ կցելով 2-3 քավեր, որոնց համար անգամ արվել է իմ մոտեցմամբ նոր գործիքավորումներ:

Զրույցը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին