Բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը
Նոյեմբերի 24-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարիչ եւ բանաստեղծ Արեւշատ Ավագյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ նկարչի կտավները լրացնում են իր պոեզիան. “Ավագյանը գեղանկարիչ է պոեզիայում եւ պոետ է գեղանկարչության մեջ: Նա հրաշալի բանաստեղծ է և ինքնատիպ նկարիչ: Նրա ինքնաբուխ արվեստն ուրախացնում է մեզ”:
Արեւշատ Ավագյանը ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Կիեւում, Վիլնյուսում, Կաունասում, Լոս-Անջելեսում, Բոստոնում, Փարիզում եւ այլուր:
Ցուցահանդեսին ներկայացված 88 աշխատանքները հիմնականում վերջին տարիների գործեր են, կան նաեւ հին կտավներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում:
Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը եւս մասնակցեց ցուցահանդեսի բացմանը. “Արեւշատ Ավագյանի մասին ֆիլմ եմ նկարել, նաեւ միասին ցուցահանդես ենք բացել Ֆրանսիայում: Նրան ցանկանում եմ քաջառողջություն, որպեսզի մեզ ուրախացնի իր յուրահատուկ կտավներով ու հիանալի բանաստեղծություններով”:
Արեւշատ Ավագյանը Նկարիչների, Գրողների, Ժուռնալիստների միության անդամ է:
Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 1973 թվին “Գարուն” ամսագրի խմբագրությունում:
“Փորձում եմ կտավներիս միջոցով ավելի գեղեցկացնել ու բարիացնել այն առօրյան, որում ապրում ենք: Միայն բարության ու գեղեցկության շնորհիվ մարդիկ իրենց միջից կհանեն չարությունը”,- ասաց նկարիչը:
Արեւշատ Ավագյանը 20-ից ավելի բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնք ինքն է նկարազարդել ու ձեւավորել:
Գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արեւշատ Ավագյանը պայծառ գույներով արտահայտում է իր հոգեվիճակը . ““Սրբազան Հողատարածք” կտավի մասին մի անգամ ասել էի, որ եթե Հայաստանն ավերվի, Արեւշատի այս կտավով կարելի է հավաքել մեր երկիրը: Նա կարողանում է նկարել երեխայի նման, պահպանել մաքրությունն ու պարզությունը: Իսկապես ինքնատիպ է գույնով, փիլիսոփայությամբ եւ ոճով: Արեւշատը տաղանդավոր է եւ պոեզիայում, եւ նկարչության մեջ”:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 3-ը:
Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի


×
16,442






