Ճանաչված հայերը ընդդեմ ՁԻԱՀ-ի
Դեկտեմբերի 1-ին ժամը 19:30-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ “Մոսկվա” կինոթատրոնում կբացվի “Ճանաչված հայերը ընդդեմ ՁԻԱՀ-ի” խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Հայ մշակութային գործիչներին նկարում է Կարեն Գրիգորյանը: Գաղափարը լրագրող Մհեր Բաղդասարյանինն է:
“Առաջարկը դուր եկավ: Մի երկու փորձնական նկարահանում կատարեցի եւ հասկակացա, որ կարելի է հետաքրքիր բան ստանալ: Սկսեցի լուրջ վերաբերվել, դարձավ նախագիծ: Առաջինը գաղափարի հեղինակին` Մհերին նկարեցի, հետո Աստղիկ Սաֆարյանին, Ջուսին, Շուշան Պետրոսյանին: Թեման ավելի շատ երիտասարդներին է վերաբերում, դրա համար երիտասարդներին եմ ներգրավել, բացառությամբ մի քանիսի, որոնք հոգով են երիտասարդ :)”,- Bravo.am-ի հետ նախագծի մանրամասներով կիսվեց Կարեն Գրիգորյանը:
Շուշան Պետրոսյանը, Անդրեն, Էրիկը, Նուռը, Լիլուն եւ շատ ուրիշներ իրենց նկարներով “ոչ” են ասում ՁԻԱՀ-ին եւ առողջ ապրելակերպ քարոզում: 50 հայտնի է նկարվելու նախագծի համար` երգիչ-երգչուհիներ, դերասաններ, գուցե նաեւ լուսանկարիչներ: “Բոլորը իմ ընկերներն են, սիրով հանագործակցում ենք, շատերը անգամ նեղանում են, որ բոլորին չեմ հիշում: Նկարահանումները տարբեր վայրերում են իրականացվում: Աստղիկ Սաֆարյանը Սեւանում է նկարահանվել, Ջուսը` Չարենցավանում, լքված վայրերում”,- ասում է Կարենը:
Ամսից ավել է` աշխատանքները ընթանում են, այս շաբաթվա մեջ 35 հոգու նկար պատրաստ կլինի: “Օրվա ընթացքում մի քանի հոգու ենք նկարում, բայց դա որակի վրա, բնականաբար, չի ազդում: Նախապատրաստվել ենք վաղուց, պարզապես ֆիքսելու պահն է մնացել: Սա գեղագիտական ցուցահանդես չէ, նպատակ չեմ դրել ցույց տալ` ինչ լավ լուսանկարիչ եմ, առաջին հերթին ես նկարիչ եմ, չնայած լուսանկարներն էլ գեղագիտական առումով լավն են”,- նշում է Կարենը:
Սեքս. գուցե բռնությամբ, բայց ապահով
Անդրեի` երեխայի հետ նկարի եւ Շուշան Պետրոսյանի ու որդու նկարի հիմքում առողջ սերունդ ունենալու գաղափարն է: Ջուսի ֆոտոսեսիան է վատ արձագանքների արժանացել: “Չէր կարող նման ֆոտո չլինել, որովհետեւ խոսքը սեքսի միջոցով ՁԻԱՀ-ի մասին է, իմաստը հումորային է. սեքս. գուցե բռնությամբ, բայց ապահով: Իմ գաղափարն էր, արեւմտյան լրատվամիջոցներին հենց այս ֆոտոն դուր կգա, ոչ թե նրանց, ովքեր աթոռից չեն ուզում պոկվել”,- անկեղծանում է Կարեն Գրիգորյանը:
Նուռը, ինչպես միշտ, ինքնատիպ է. աչքերից արցունքի տեղ նուռ է թափվում: “Այն արվեստագետներից է, ում գույնը անհրաժեշտ է մեր հայկական ժամանակակից արվեստում: Նուռին Ավետ Բարսեղյանն էր խորհուրդ տվել այդ կերպ նկարահանվել”,- ասում է Կարենը:
Ազատությունը չափ ունի
Լիլույի նկարը ազատություն է խորհրդանշում, բայց չափավոր: “Ամեն ինչի մեջ գեղեցկություն եւ համեստություն է պետք գտնել: Կերպարին բնորոշ նկար է, շատ ազատ է, համարձակ, բայց շատ հարցերում շատ զուսպ ու զգույշ”:
Մանեքենուհի Մարի Ակսելը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում է ռոքի միջոցով, Էրիկը լույսի եւ ստվերի մեջ կոչ է անում` զգույշ լինել եւ պահպանակ օգտագործել:
Դեկտեմբերի 1-ին ցուցահանդեսից բացի հայկական Կարմիր խաչի կողմից կկազմակերպվի արշավ, պահպանակների բաժանում: Պահպանակների բաժանում կլինի նաեւ ցուցահանդեսի ժամանակ: Նախատեսվում է ՁԻԱՀ-ի, դրա կանխարգելման միջոցների մասին պատմող ֆիլմի ցուցադրում:
Դիջեյ Վակցինայի գլխավորությամբ Kami ակումբում փարթի կկազմակերպվի, կհնչեն Կարեն Գրիգորյանի հեղինակած երգերը Էրիկի, Սոնա Շահգելդյանի, Մհերի կատարմամբ:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի


×
16,805





