×


Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյան

“Աշխարհը կվերանա, հայկական շոու-բիզնեսը` չէ:)” Օրերս Bravo.am-ը Արսեն Գրիգորյանի հետ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի կտուրին էր բարձրացել:): Դերասան Արսենի մասին է խոսքը, որ երգում է, հաղորդում է վարում, նաեւ պարում է պարային ներկայացման մեջ:): Շոգ է, բայց գանգուրներից չենք դժգոհում:), ընկերուհի իրականում չունի, բայց ո՞վ իմանա :): Դեռ “Ռուբիկոնն” անցնել չի լինում, իսկ Արսենի նոր տեսահոլովակը հաստատ “Դու, դու, դու” երգի հիման վրա է նկարահանվելու: Դերասան, երգիչ, հաղորդավարի հետ հենց կտուրին ենք զրուցել. հայկական շոու-բիզնեսին չափազանց ձեռնտու աշխարհի վերջի մասին կարդացեք հարցազրույցի վերջում :): Arsen Grigoryan - Կտուրին ենք, որովհետեւ ուզում ես բոլորին վերեւից նայե՞լ :): - :) Ուղղակի պատանեկությանս տարիները հիշեցի, երբ վերցնում էի փլեյերս ու բարձրանում Քանաքեռում գտնվող մեր շենքի տան կտուր: Ինձ հետ կտուր էին բարձրանում Ռեյ Չարլզը, Էլլա Ֆիջերալդը, Լուիս Արմսթրոնգը, Նինա Սիմոնն ու, իհարկե, Ջեյմս Բրաունը: Նրանք այդ տարիների իմ լավ ընկերներն էին ու միշտ ինձ հետ էին: - Փաստորեն, Կառլսոնը ոչ մի կապ չունի՞ կտուրներին քայլել, պառկել սիրելուդ հետ:): -12-13 տարեկան էի, կարող է ենթագիտակցորեն ինչ-որ ազդեցություն թողել է, բայց սիրում էի, ու երբ ուզում  էի առանձնանալ, բարձրանում էի շենքի կտուր: Հիմա Ավան թաղամասում եմ ապրում, մեր շենքի կտուրը երբեք չեմ բարձրացել, որովհետեւ այնպես է ստացվել, որ աշխատանքից ուշ եմ տուն գնում. անգամ հինգերորդ հարկից վերեւ չեմ բարձրացել:): Երբ հարցազրույցի հրավերն եղավ, վաղուց կտուրին չէի եղել, կարոտել էի շատ, ու հաճելին օգտակարի հետ համատեղվեց:): Arsen Grigoryan - Կտուրի բնակիչների հետ ինչպիսի՞ն են հարաբերություններդ:): - Շատ լավ եմ, կտուրում մի տեսակ այնպես լավ է` համ բարձր ես, բոլոր իմաստներով ներքեւում չես: Հետաքրքիր է, նույն այդ ալեհավաքները, թռչունները: - Այս կտուրից առաջինը ի՞նչ նկատեցիր: - Քաղաքը, որ շատ սիրուն է, Երեւանը առհասարակ այդպիսի քաղաք է, երբ իրեն մի քիչ հեռվից ես նայում, այդքան իր մեջ չես, ավելի ես սիրում, քան երբ ներսում ես շատ ժամանակ լինում: Դրա համար, եթե առիթ չկա քաղաքից դուրս գնալու, լավ առիթ է ուղղակի վերեւից նայել, սիրել, հիանալ: - Թռչելու ցանկություն չի՞ առաջանում :): - Միշտ :): Ոչ թե կտուրից  թռչելու, փառք Աստծո, չունեմ այդ ցանկությունը: Բայց միշտ եմ ցանկացել թռչել: Ու հիշում եմ, որ ժամանակին երազում հաճախ թռչում էի, այդ ինչ զգացողություն էր… Նույնիսկ երազներ էին լինում, որ թռչում էի, հետո գետնին վայրէջք անում ու նորից թռչում էի: Arsen Grigoryan - Հիմա նման սովորություն չունե՞ս:): - Դադարել եմ թռչելը, ավելի դաժան երազներ եմ տեսնում, չգիտեմ, կարող է շոու-բիզնեսն է մեղավոր:)… Սարսափելի իրավիճակներ եմ տեսնում: Դարչնագույն, դեղին երազներ են լինում: - Փոքր ժամանակ փորձե՞լ ես ինձ պես աթոռին կանգնել ու թռչելու պատրաստվել:): - Իհարկե, անձրեւանոցով էի փորձում թռչել: Հիշում եմ` փորած տեղ կար, որ հիմա ավտոտնակներ են, մոտ երեք մետր խորություն ուներ, ու տակը ավազ էր լցրած, երեխեքով թռնում էինք :): Բայց սարսափելի վայրէջքներ էլ էին լինում, որ ընկնում ու ծնկով խփում ես աչքիդ :)… - Ընկերուհուդ համար հենց այս կտուրին ռոմանտիկ երեկո կկազմակերպե՞ս: - Սիրով, եթե իմանայի, որ իրեն էլ դուր կգա: Սեղան կբերեի` երկու հոգու համար, գեղեցիկ, շամպայնով: -Իսկ եթե բարձրությունից վախենա՞ :): -Ինձ հետ չի վախենա:): Arsen Grigoryan - Ոչ ոք գոհ չէ իր դրությունից, բայց ամեն մարդ գոհ է իր խելքից: Ինչպե՞ս է դասավորվել կյանքդ: - Ես դժգոհ չեմ իմ դրությունից, փառք Աստծո, խելքից էլ չեմ բողոքում:): Առհասարակ, կյանքն այնպիսին է, որ չի կարող ամեն ինչ քեզ գոհացնի: Ուղղակի իմ աշխարհայացքը տարիների ընթացքում որոշակի իմաստով փոխվել է: Գուցե լինում են իրավիճակներ, որ այդ պահին ինձ չեն գոհացնում, ես նյարդայնանում եմ, տխրում եմ, բարկանում, անհարմարավետ է լինում, բայց հետո ժամանակ է անցնում, հետ եմ նայում ու հասկանում` պետք է այդպես լիներ: Մեզ ձեռքբերում թվացող ամեն ինչ չէ, որ իրականում ձեռքբերում է, կորուստի դեպքում էլ է նույնը: Իմ կյանքում շատ է եղել, որ հետո հասկացել եմ` կորուստը ձեռքբերում էր: Ի՞նչ ես ձեռք բերում ու ի՞նչ ես կորցնում, դա է խնդիրը: Հնարավոր է` որոշակի կարողություն ձեռք բերես, բայց կորցնես մարդկային այնպիսի հատկանիշներ, որոնք մեծ կորուստ են քո ձեռքբերած նյութականի դիմաց: - Ի՞նչ կորուստ ես ունեցել: - Հիմնականում գործի հետ կապված խնդիրներ են լինում: Ինչ-որ բան պետք է անես, քեզ խոստացել են, որ դա կարվի եւ չի արվում: Այնպես է, որ դա պետք է լինի, ու չի լինում: Իսկ ինչի՞ չի լինում: Որովհետեւ հնարավոր է` ինչ-որ մեկը խառնվել է, նման պրիմիտիվ բաներ, որ ինձ զայրացրել են, ու մեջս բարձրացել է այդ հարցը` ինչու պետք է այդպես լինի: Հետո ժամանակ է անցել, հասկացել եմ` այնքան ճիշտ է, որ այդպես եղավ: Arsen Grigoryan - Դեպք եղե՞լ է, որ աշխատանքից հեռացնեն: - Ոչ, եղել են իրավիճակներ, երբ ինձ խոսակցություններ են հասել, իսկ դրանց միշտ չէ, որ լուրջ եմ վերաբերվում, որովհետեւ այնքան հիմար խոսակցություններ կան, որոնք գալիս են հերքելու այն խոսքը, որ առանց կրակ ծուխ չի լինում. մեր հայկական իրականության մեջ մեկ-մեկ մոգական կերպով ծուխ է դուրս գալիս:): Եղել են դեպքեր, որ իմացել եմ` ինձ նախատեսել են այդտեղ, բայց որոշ մարդիկ այնպես են արել, որ չլինի: Դրան լուրջ չեմ նայել, ոչ էլ վերաբերմունքս է փոխվել նրանց նկատմամբ: Ի վերջո, այդ մարդիկ առավոտն արթնանում են, նայում հայելու մեջ, մի օր իրենց կճանաչեն: - Կյանքից էինք խոսում, գանգուրներդ կյանքդ “չե ՞ն ուտում”:): - Չէ,  չեմ էլ շոգում, սիրում եմ խուճուճ մազեր, մանավանդ որ փոքր ժամանակ երազում էի ուղիղ մազեր ունենալ: Հաճախ չէ, բայց որ Արսեն Գրիգորյանները շատ են, տարբերելու համար ասում են` խուճուճը:): Ուղիղ մազերով մարդիկ էլ գանգուրների մասին են երազում: Փոխանակ մարդիկ գնահատեն այն, ինչ ունեն, սկսում են մտածել` ով ինչ ունի ու ինչու դա իրենք չունեն: Գուցե մարդիկ ունեն շատ բան, որ ես չունեմ, ես ուրախ եմ, որ ունեն: Arsen Grigoryan - Բայց դու էլ ես չէ՞ ուզում շքեղ ջիպ:): - Իսկ ինչո՞ւ պետք է չուզեմ, դա հարմարավետություն է, որ, բնականաբար, ուզում եմ: Բայց այնպես չէ, որ ես տառապեմ դրա համար: - Արդեն գումարը հավաքե՞լ ես գնելու համար: - Չէ, ես շատ եմ ծախսում ու, կարելի է ասել, անկազմակերպ: - Խմիչքի վրա՞ ես ծախսում :): - Չէ, հենց խմիչքի վրա չեմ ծախսում, չեմ խաղում, հիմնականում դրսում եմ սնվում, մեր Երեւանն էլ թվային քաղաք է, մանավանդ, երբ համեղ ես սիրում սնվել: Առհասարակ, գումարը որ գալիս է, պետք է ծախսեմ, ընկերներով ժամանակ ենք անցկացնում, ուրախանում ենք: - Աշխատավարձիցդ գո՞հ ես: - Այո, բայց գիտեմ, որ պետք է շատ ավելի լավ լինի: Arsen Grigoryan - “Ռուբիկոնը” անցնել չի ստացվո՞ւմ :): - :) Եթե հեռուստատեսությունում ինձ տեսնում են այդտեղ, չեմ հակառակվում իրենց ընտրությանը: Տվյալ պարագայում Մանե Գրիգորյանի հանգամանքն էլ կա, շատ եմ սիրում որպես գործընկեր ու հաճույքով եմ աշխատում: Այլ նախագծերի մասին մտածում եմ: “Ռուբիկոնը” երեւի ֆորմատային որոշ փոփոխությունների կենթարկվի, հնարավոր է` նաեւ անունը փոխվի: Էլի երաժշտական կլինի: Ուղղակի գաղափարներ կան, որ մտածում ես` իրագործել հնարավոր չի, ու խնդիրը ֆինանսական չէ. բոլորս այնքան մոտ ենք, ծանոթ, հարեւան, բարեկամ, որ երբեմն ուղիղ խոսք ասելն տվյալ մարդու գործի վերաբերյալ դժվար է դառնում, դու այդ մարդու հետ լավ հարաբերությունների մեջ ես, բայց չես սիրում իր արվեստը, ու քանի որ լավ հարաբերությունների մեջ ես, չես ասի` այն, ինչ անում ես, լավ չի: - Հիմա դո՞ւ էլ անուններ չես նշի: - Բոլորի դեպքում էլ կան գործեր, որ սիրում եմ կամ տանել չեմ կարող: Arsen Grigoryan - “Ռուբիկոնի” շրջանակներում նոր տեսահոլովակների հետ կապված պետք է հարցեր տաս արտիստներին: Կրկնվող չե՞ն դարձել հարցերդ: - Իհարկե, շաբլոն են դարձել: Ու ոչ թե հարցերի պակասն է, այլ երբ մարդուն այլ հարց ես տալիս, ոջիլի նման վերադառնում է իր տեսահոլովակին, մազերին, make up-ին, բոլորից շնորհակալություն են հայտնում, թե ոնց մեկն եկավ նկարահանման հրապարակ ու իրենց սուրճ բերեց: Հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք օգնել են, նույնիսկ այդ շնորհակալությունը կարելի է կենցաղային մակարդակից մի քիչ այլ կերպ հնչեցնել: Հարցնում ես` ինչի՞ ես արել սա, պատասխանում է. “Ես արել եմ, որովհետեւ… Ու դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել”. փախչում է հարցից: Ուզում եմ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ասել` բաց լինեն: - Դու էլ ես տեսահոլովակներ նկարահանում, հրապարակայնորեն շնորհակալություն ոչ մեկին չե՞ս հայտնում: - :) Տարիներ առաջ Գոհար Գասպարյանը հարցազրույց վերցրեց ինձնից, ներկայացրի իմ “Տես” տեսահոլովակը: Նկարվել էին մեր արտիստները. առաջին անգամ էր, որ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները մեկտեղվել էին, ու ես իսկապես եթերի մեծ մասը շնորհակալություն եմ հայտնել:): Arsen Grigoryan - Դու հաղորդավա՞ր ես, ով դերասանություն է անում ու նաեւ երգում է: - Ես դերասան եմ, որն երգում է, նաեւ հաղորդում է վարում, նաեւ կա պարային ներկայացում, որում պարում է: Չեմ գրում, ցավոք սրտի: Փոքր ժամանակ էլ գրում էի, մի երկու օր հետո կարդում ու ճղում. պրիմիտիվ էր շատ: Հիմա էլ լիքը մարդ պետք է ճղեր իր գրածները, բայց ավաղ… - Երգերդ հավանո՞ւմ ես: - Եթե դուր չգար, չէի երգի: Ժամանց ապահովող, տրամադրություն հաղորդող երգեր են: Այլ հարց է, որ այն, ինչ լսում եմ ու երգում եմ, մոտ չեն: Հիմնականում սիրում եմ ջազ, բլյուզ: Մի նոր երգ ունեմ` “Դու, դու, դու”: “32 ատամ”-ից Գարիկն է գրել, խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Ալտերնատիվ փոփ-ռոք է, թեման էլ` խիստ ժողովրդական, կենցաղային խնդրի մասին եմ երգում, արդիական է, հաստատ կան աղջիկներ, որ պայուսակի, մեքենայի, տան խնդիր են դնում: - Այո, նաեւ առանձին ապրել է պետք: - Ամեն դեպքում, առանձին ապրելը ճիշտ է: - Մենակ ես ապրում, տնային գործերում ընկերուհի՞դ է օգնում: - Քույրս է օգնում, հրաշալի հարեւաններ ունեմ, հիմա ժամանակ չունեմ, որ ես զբաղվեմ այդ հարցերով, իսկ ավելի մեծ գործերը… Arsen Grigoryan - Ընկերուհիդ է անո՞ւմ :): - Չէ, կան մարդիկ, որոնց առաջարկած նման ծառայություններից կարող ես օգտվել: - Դու չհասկացա՞ր` ինչու եմ անընդհատ ընկերուհի բառը շեշտում:): - Հաաա :): Դե, ես էլ խուսափում եմ: Չեմ կարող ասել` նա կա, թե չկա: Որովհետեւ իրականում չկա, բայց համ էլ ո՞վ իմանա: Ինչ-որ հարաբերություն կա, որ մի քիչ այլաբանական է: Ես չգիտեմ` այն ինչի կվերածվի: - Երգչուհի՞ է: - Չէ, ազգությամբ էլ հայ չի: Ուղղակի շփվում ենք, այստեղից չի: Մենք պայմանավորվել ենք, որ պետք է լինենք լավ ընկերներ: Հիմա կամ կմնանք լավ ընկերներ, կամ էլ` ո՞վ իմանա: Դե ինքը կգա ստեղ, ու կսկսենք իրար հետ ֆռֆռալ, կգնանք` ուր որ պետք է: - Սեւամո՞րթ է: - Չէ, լաավ սպիտակ:): - Կարո՞ղ է ուկրաինուհի է:): - (Ծիծաղում է): Չէ, ուկրաինուհի չի: - 2012-ին “Աշխարհի վերջ” դրաման դիտելու ե՞ս :): - Եթե աշխարհի վերջն է լինելու, ինչ որ տեղ գնալ պետք չէ: Այնպես չի, որ մի մասը կփրկվի: Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից` հասկանում եմ, որ մոտ է այդ օրը, բայց թե երբ կլինի, չգիտեմ: Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, խիստ համապատասխանում է Աստվածաշնչում գրվածին, ես հավատում եմ Աստվածաշնչին, Աստծուն, Հիսուս Քրիստոսին: Այդ հավատն էլ ապահովության զգացում է տալիս: Arsen Grigoryan - Այդ համատեքստում` կորչի՞ շոու-բիզնեսը :): - Չէ, բայց այնպես էլ չի, որ ասես` վայ, ինչ ափսոս էր մեր շոու-բիզնեսը: Այ, թող աշխարհը վերանա, բայց հայկական շոու-բիզնեսը` չէ: Չնայած` ասեմ, որ հնարավոր է այդպես էլ լինի:): (Ծիծաղում է :) :) :) ): - Շպռօտին կարոտե՞լ ես: - Մի քանի օր առաջ էի իր մասին մտածում` տեսնես ի՞նչ եղավ էդ աղջիկը: Գիտեմ, որ հիմա Ամերիկայում է, լավ է իրեն զգում, հակառակ դեպքում հետ կգար: Մարդը որտեղ իրեն լավ է զգում, այնտեղ էլ պիտի ապրի: - Կարոտի նոտայով ավարտենք. ծնողներդ արտասահմանից ի՞նչ են քեզ ուղարկում: - Շատ եմ կարոտում, վերջին անգամ տեսել եմ հունվարին, երբ գնացել էի ծնունդս նշելու: Պերմ քաղաքում են: Մի քանի օրից մայրս կգա ինձ մոտ: Օգոստոսին էլ կհասցնեմ ինչ–որ տեղ հանգստանալ, մարդ ենք էլի` մի քիչ էլ մենք հանգստանանք :): Զրուցեց Լիլիթ Բաբայան /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW