Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի “Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել մոսկովյան հեղինակավոր «Կոմերսանտ» թերթին, որտեղ պատմել է ներկա եւ ապագա ծրագրերի մասին: Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ հանդիսանում է “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” հիմնական սեփականատերը, որոշակի մասնաբաժին պատկանում է Գարիկ Մարտիրոսյանին: Վերջերս հայտնի դարձավ, որ “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնը” պայմանագիր է կնքել “Տաշիր” ընկերության հետ` “Քոմեդի Քաֆե” անունով 50-ից ավելի սրճարաններ բացելու վերաբերյալ: Առաջին սրճարանն արդեն գործում է Մոսկվայի Դմիտրովսկ մայրուղու վրա գտվող “Ռիո” առեւտրի կենտրոնում, որտեղ ամեն երեկո տեղի են ունենում տարբեր երեկույթներ, ինչպես նաեւ գործում է “բաց խոսափող” քաստինգը: Եվս երեք սրճարաններ արդեն բացվել են Բելգորոդում, Կալուգայում եւ Ռեուտովում: Բիզնեսի հիմնական սեփականատերն է Արթուր Ջանիբեկյանը, մյուս մասը պատկանում է Գարիկ Մարտիրոսյանին: Ֆինանսական ճգնաժամն անմասն չթողեց նաեւ "Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” նախագիծը: 2009թ. ընթացքում ստացված հասույթը հավասարվեց 2008թ. մակարդակին: Հիմնական գործընկեր “ТНТ” հեռուստաալիքին ընդառաջ գնալով` “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” տղաներն իջեցրեցին ծրագրերի գինը: Արթուրի խոսքերով, եթե չլիներ այդ հանգամանքը, 2009թ. "Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” հասույթը կարող էր կազմել $70-80մլն: Վերջերս տեղի ունեցավ "Քոմեդի Քլաբ Պրոդաքշն”-ի “Նաշա Ռաշա. Ճակատագրի հավկիթները” ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմից ստացված հասույթը մոտենում է 720 մլն ռուբլուն (մոտ $25 մլն), որը, Արթուր Ջանիբեկյանի խոսքերով, «բացարձակ ռեկորդ է» ռուսական ֆիլմերի շուկայում 2010 թ-ին: “Մենք եւ ТНТ-ն նպատակ ունեինք նկարահանել մի ֆիլմ, որը մեծ շահույթ ստանալուց բացի, կունենա նաեւ գրադարանային արժեք, այսինքն` մի քանի տարի անց բարձրակարգ հումորի շնորհիվ կրկին հետաքրքիր կլինի հեռուստադիտողի համար եւ լավ կվաճառվի շուկայում»,- ասել է պրոդյուսերը: Արթուր Ջանիբեկյանը խոսել է նաեւ սցենարների մասին` ասելով, որ շատ խիստ ընտրություն է կատարվում, թե որ մտքերը եւ դրվագները պետք է հայտնվեն հաղորդումների ընթացքում: 12-14 փորձնական նկարահանված «պիլոտներից» ցուցադրության համար լավագույն դեպքում ընտրվում են միայն 3-4-ը: Բնականաբար, նույնիսկ փորձնական նկարահանումների համար բավական գումար է ծախսվում: Սակայն, եթե “աստղ” ձեւավորելու նպատակ կա, ապա նա պետք է ապահովվի թե ֆինանսավորմամբ, թե համապատասխան մտքերով` հետագա ստեղծագործական աճի համար, վստահ է Արթուր Ջանիբեկյանը: Արդեն մեկ տարի է, ինչ “НТВ-Պլյուս” հեռուստաալիքների փաթեթում գործում է “Քոմեդի Քլաբ Պրոդաքշնի” “Քոմեդի TV” կաբելային հեռուստաալիքը: Իսրայելական, եվրոպական, ամերիկյան եւ մի շարք այլ կաբելային օպերատորներ հետաքրքրված են “Քոմեդի TV” հեռուստաալիքով: Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ բացի “Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” նախագծի սեփականատերը լինելուց նա նաեւ “7 Аrt” ընկերության համասեփականատերն է, որը զբաղվում է “Ունիվեր” եւ “Ինտերնի” հեռուստասերիալների արտադրությամբ: Հայաստանում Արթուրը հանդիսանում է “ATV” հեռուստաալիքի եւ “Ջազզվե” սրճարանային ցանցի սեփականատերը: Ի դեպ, վերջինս տարածվել է նաեւ Ռուսաստանի հարավային քաղաքներում, իսկ Մոսկվայում արդեն գործում է երեք “Ջազզվե” սրճարան: Նման սրճարաններ բացվել են նաեւ Լոս Անջելեսում: «Եվ ես դեռ բազմաթիվ այլ ծրագրեր ունեմ»,- ասել է Արթուր Ջանիբեկյանը: Աղբյուրը` “Կոմերսանտ” օրաթերթ Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: