×


Աստղիկ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյան

“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք” Փոփ-ռոք ոճում իրեն “գտած” Աստղիկ Սաֆարյանը սիրահարված է… Այո, երգչուհին շատ է սիրում Փարիզը, Իսպանիայի հետ էլ “վատ” չի: Երեկ` մարտի 8-ին մեկնել է Իսպանիա, հավատացրել է, որ ոչ մի իսպանացի մաչոյի չի սիրահարվի, գուցե նոր տեսահոլովակ հետը բերի: Կվերադառնա մեկ ամսից, բայց հաշվի առեք, որ այս տարի նրան Երեւանում հազվադեպ “կգտնեք”. համերգների մեջ է լինելու արտասահմանում: Bravo.am-ը զրուցեց երգչուհու հետ մինչ մեկնումը, լուսանկարեց: Ի դեպ, լուսանկարվելուց առաջ Աստղիկ Սաֆարյանը ոչ թե շպարը թարմացրեց կամ վարսերը ուղղեց, այլ օծանելիք ցանեց. պարզապես թուլություն ունի օծանելիքի հանդեպ: Astghik Safaryan - Անցյալ տարի “Քեզ երգը գտավ”, այս տարի դու ի՞նչ ես գտել: - 2010-ին ինձ Երեւանում հազվադեպ կգտնեք: Մարտի 8-ն օդանավի մեջ կանցկացնեմ, բայց հետո ամեն ինչ լավ կլինի: Իսպանիայում հրավիրված եմ ինձ համար շատ թանկ մարդու ծննդյան տարեդարձին: Հետո ամսվա վերջ կվերադառնամ եւ կնկարահանեմ երրորդ տեսահոլովակս: Արդեն սցենարային մասը մտածել եմ, հագուստները, կերպարային մասն էլ Իսպանիայում կմտածեմ: Երեւի “Գալիս եմ քո ետեւից” երգի հիման վրա կնկարահանեմ: Այնքան շատ պլաններ ունեմ այս տարի, արդեն ինչ-որ չափով գրաֆիկս կազմել եմ: Չգիտեմ նույնիսկ` որտեղից սկսել: Երեւի նորից ասեմ, որ ավարտեցի իմ երգերի առաջին հավաքածուն, առաջին գլուխը, որ անվանեցի “Ինձ երգն է գտել”: Հաշվի առնելով լավ արձագանքները` ի ուրախություն ինձ կարող եմ ասել, որ հաջողված ձայնասկավառակ է: CD-իս վաճառքով զբաղվող ընկերությունն էլ փաստում է, որ այն բավական մեծ պահանջարկ է վայելում: Ինձ համար շատ ուրախալի է. ռիսկային էր նոր ոճում հանդես գալն եւ փոփ-ռոք ոճում ձայնասկավառակ ներկայացնելը: Իմ երկրպագուներն իմ կողքին են, ուրախանում եմ: Astghik Safaryan - Հիմա էլ արտասահմա՞նն է քեզ գտել: - :) Չէ, ուղղակի շատ առաջարկներ եմ ստացել: Բավականին լուրջ են, Հունաստանի հայ համայնքն է հրավիրել: Գերմանիայից, Ֆրանսիայից համերգային հրավերները շատ են: Ուզում եմ այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի: Հուլիսին էլ Երեւանում Սփյուռքի նախարարությունը եւ “Music of Armenia”-ն համատեղ մշակութային երեկո են անցկացնելու, որին համաձայնել եմ մասնակցել. բարեգործական նպատակներով համերգ է… - Կարծես` չավարտեցիր: - Շատ-շատ են պլանները: Փոքրիկ մենահամերգներ էլ ենք ծրագրավորում: Արտասահմանում տեղյակ են իմ գործունեությանը, լսել են ձայնասկավառակս, տեսահոլովակներս էլ են դիտել: Պաշտոնական կայք ունեմ: Մի նորություն էլ կարող եմ ասել. մոտ մեկ ամսից ձայնասկավառակս հասանելի կլինի նաեւ itune-ում: Այստեղի ռոք ակումբներում էլ ելույթ պետք է ունենամ: - Նոր երգեր “ծնվե՞լ” են: - Մոտ հինգ-վեց նոր երգ ունեմ, որոնց երաժշտությունն ու խոսքերը գրված են: Շուտով գործիքավորումն ու ձայնագրությունները կանենք: Հեղինակներին կներկայացնեմ, երբ երգերը վերջնական պատրաստ լինեն, ու նաեւ նոր ձայնասկավառակիս մասին կխոսեմ: Պլանավորում եմ այս տարի էլ CD թողարկել: Դիջեյ Սերժոյի հետ եմ համագործակցել: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակն ես եմ, գործիքավորումը Սերժոն է արել: Շատ հետաքրքիր ոճում է. պարունակում է եւ իմ փոփ-ռոք տարրերը, եւ  սերժոյական էլեկտրոնային ոճը: Astghik Safaryan - Էլի փոփ-ռոք ոճու՞մ ես հանդես գալու: - Այս անգամ ավելի կոմերցիոն երգեր են լինելու` մոդեռն ռոքի մեջ:  Պահպանելու եմ իմ ոճը, բայց ավելի նոր ու մոդեռն վիճակներում երգեր կլինեն: Ես ինքս մոդեռն ռոքի մեծ սիրահար եմ: Մոդեռն ասելով` 90-ականներից սկսած հնչող մյուզիքը նկատի ունեմ, շատ-շատ կատարողների երգերը ամբողջ օրը մեքենայիս մեջ հնչում են, ու ես չեմ հոգնում: “The Killers” խմբի երգերն եմ շատ սիրում: Իմ շատ սիրելի “Jonas Brothers” խմբի բոլոր ձայնասկավառակներն ունեմ: Ի դեպ, օրիգինալ ձայնասկավառակներն են, որ այստեղից չեմ ձեռք բերել: Շնորհակալ եմ, որ այդքան լավ երաժշտություն են ներկայացնում, եւ ես սնվում եմ դրանցով: Փոփ-ռոք ոճն եմ ընտրել, ուրեմն ամենայն ճշտությամբ պետք է ներկայացնեմ, որ մարդիկ եթե նույնիսկ նոր են ծանոթանում այդ ոճին, ճիշտ ձեւով ծանոթանան: - Ի՞նչ գույնի է քո ոճը: - Բենետոնյան երանգների մեջ է: Իմ սիրելի գույնը դեղինն է, որ չեմ օգտագործում: Փոքր ժամանակ նկարելիս դեղինով շատ էի ներկում, որ լուսավոր լինի: Հիմա էլ եմ նկարում, երազում եմ հագուստի, կեդերի, կապ չունի` ինչի, սեփական հավաքածու եմ ուզում թողարկել: Իմ բրենդային նշանն էլ աստղն է, որին հայերեն –իկ եմ ավելացնում: Այդ լոգոյով շապիկներ էլ կան: Astghik Safaryan - Ռոքի սիրահարները վայրենի՞ գեղեցկություն են նախընտրում: - Ես նուրբ եւ դասական ոճն եմ սիրում: Եթե շպարիս նայելով ես հարցնում, ասեմ, որ այն ոչ միայն ռոքի ֆորմատի, այլեւ դասականի մեջ է: Ես մնայունի կողմնակից եմ: - Երգերիդ թեմաները փոխվե՞լ են: - Ավելի անկեղծ են, ազնիվ, սրտից եկած: Մեկը Փարիզում եմ գրել: Կարեւորի, գլխավորի մասին երգեր են: - Անգլերե՞ն երգերն են էլի գերակշռելու երգացանկումդ: - Հայերեն էլ կլինեն: Այս անգամ եւս կաշխատեմ “32 ատամ”-ցի Գարիկի հետ: Ինձ շատ մտերիմ եւ հարազատ Գարիկի հետ: Չնայած իր զբաղվածությանը` նոր երգերիս գործիքավորումը կանի: Հոգնել եմ արդեն բամբասանքներից, երկուսս էլ բազմաթիվ անգամներ նշել ենք, որ ոչ մի սիրավեպ չկա: Մենք լավ, մտերիմ, մեկս մյուսի համար թանկ ընկերներ ենք: Կարիք չկա հորինել: Astghik Safaryan - Ամուսնությանդ ժամանակ  “32 ատամ”-ցի  Գարիկը քավորի կարգավիճակում կլինի:): - Ես սիրով կառաջարկեմ, եթե, իհարկե, ամուսինս արդեն այլ տարբերակ չունենա: Նա լավագույն հյուրերի շարքում կլինի, որոնք իսկապես ուրախ կլինեն ինձ համար, դրանում համոզված եմ: - Իմացանք` ինչ երգեր ես լսում ավտոմեքենայումդ, բայց մակնիշը չասացիր: - Մակնիշը չեմ ուզում նշել, արտասահմանյան մեքենա է, ընտրել եմ սեւ, դասական գույնը: Կարեւորը` կանոնները պահպանելով եմ վարում: - Ուզում ես ասել` ղեկին խմած չե՞ս նստում:): - Չէ, ալկոհոլի հետ չունեմ: - Իսկ եթե իսպանացի մաչոյի սիրահարվե՞ս ու էլ չվերադառնաս:): - Չեմ կարծում, ժամանակ չունեմ սիրահարվելու: Բայց խորհուրդ եմ տալիս բոլորին սիրահարվել. գարուն է, չեմ սիրում ձմեռը, երբ ավարտվեց, շատ ուրախացա: Բարսելոնայում եմ մնալու, ավելի շատ հանգստանալու եմ, կաշխատեմ նոր երգեր գրել: - Իսպանական մշակույթը սիրո՞ւմ ես: - Միշտ սիրել եմ ֆրանսիական ամեն ինչը: Հիացած եմ, իմ Երեւանից բացի առաջին տեղում Փարիզն է: Ուղղակի սիրահարված եմ, ամեն տեղ այցելել եմ, մանրամասն եմ սիրում Փարիզը, շատ անգամներ եմ եղել: Գուցե մի քանի տարի հետո էլ Գերմանիայով հիանամ: Պետք է հաճախեմ իսպաներենի եւ ֆրանսերենի դասընթացների: Astghik Safaryan - Մեկ էլ տեսար` վերադարձար ու սկսեցիր իսպանական ոճում երգել: - Իմը չեմ համարում այդ ոճը: Բայց լսել եմ իսպանական ռոք, հիացած եմ. ռոքի մեջ իսպաներենը շատ գեղեցիկ է հնչում: Եվրոպական ռոք եմ շատ լսում: Վերջերս հասկացա, որ անգլիական կատարողների ներկայացրած երաժշտությունն եմ սիրում: - Ասացվածք կա` ինչպես տարին դիմավորես, այդպես էլ կանցկացնես: Արտասահմանու՞մ ես դիմավորել Ամանորը: - Չէ, Երեւանում` քրոջս հետ: Մի քիչ տխուր ու անսովոր էր. երկուսով, մենակ: Ի դեպ, ամբողջ պատրաստությունը մենք ենք տեսել: Ասում են` խոհանոցում  լավ եմ ինձ դրսեւորում: Պապայի, մամայի տեղն երեւում էր: Հետո մեզ միացան մեր ընկերները: - Կարեւորը` ծնողներդ Իսպանիայից լավ նվերներ բերեցին: - Բնականաբար: Շատ-շատ հետաքրքիր նվերներ են, բայց չառանձնացնեմ: Astghik Safaryan - Թանկարժեք նվերներ ե՞ս սիրում: - Օրիգինալ բաներ եմ սիրում, գինը կապ չունի: Նույնիսկ ծաղկեփնջի դեպքում գերադասում եմ յուրահատուկը, քան թե իմ բոյի վարդեր նվիրեն: Ավելի հասարակի ու օրիգինալի կողմնակիցն եմ: Իմ նկարով puzzle եմ նվեր ստացել, որ դեռ չեմ հասցրել հավաքել: Երկրպագուներս էլ DVD են նվիրել, ուր իմ բոլոր ելույթներն ու եթերներն են ձայնագրված. փոստով էին ուղարկել: Շատ զգացված էի: - Մայրիկիդ ի՞նչ ես նվիրելու մարտի 8-ին: - Իմ ու քրոջս` Համեստի ներկայությունը. կմիանանք իրեն :): Հուսով եմ` լավ կանցկացնենք: Կարոտել ենք, Ամանորից մինչ օրս չենք տեսել: Չենք բողոքում, բայց կարոտել ենք: - Ծնողներդ Մոսկվայու՞մ են բնակվում: - Պապայի բիզնեսը այնտեղ է, բնականաբար, մայրս էլ հետն է: Մենք էլ փոքր չենք, կարողանում ենք մենակ մնալ: Իրենք են գալիս, մենք ենք գնում: Ես Մոսկվան չեմ  սիրում, հանգիստ չեմ լինում, խեղդվում եմ: Մաման շատ-շատ է սիրում: - “Աստղիկացված” մարտիության շնորհավորանք եմ ուզում ասես: - Շնորհավորում եմ, սիրուն եղեք, սիրահարվելու ժամանակ գտեք: - Նույնն էլ քե՞զ ես ցանկանում: - Այո: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսկանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW