×


AZATURE

Ներկայացնում է WOW ամսագիրը Սեւ ադամանդի հայ արքան Հոլիվուդում ապրող մեր հայրենակցի նրբագեղ զարդերի համար «խելագարվում» են Beyonce-ն, Rihanna-ն, Fergie-ն, Քիմ Քարդաշյանն ու այլ մեգաաստղեր: Նա հասցրել է աշխատել ոճաբան Անդրեա Լիմբերմանի ու Alexander McQueen, Dior նորաձեւության տների համար: New York Daily News-ը նրան անվանել է «նորաձեւության ապագա աստղ», նրա աշխատանքները վաճառվում են Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Տոկիոյում, Մոսկվայում եւ նույնիսկ Հոնգ Կոնգում: Թեեւ AZATURE-ը հաճախ է հայնտնվում համաշխարհային տարածում ունեցող ամսագրերի էջերում, նա մեծ ոգեւորությամբ բացառիկ հարցազրույց տվեց իր առաջին հայկական ամսագրին: AZATURE - Այս աշխատանքը Ձեր պապիկի թողած ժառանգությունն է: Ի՞նչ ազդեցություն են ունեցել ընտանիքդ ու արմատներդ աշխատանքիդ վրա: - Պապիկիս հայրը Բեյրությում մեր առաջին արհեստանոցն է ստեղծել, հետո 1900-ականների սկզբին տեղափոխվել է Հայաստան: Հետագայում թանկարժեք եւ յուրահատուկ զարդերի իր ընկերությունն է բացել: Մարդիկ գիտեին, որ իրենց համար զարդեր գնելու լավագույն վայրն է: Նա այսօր էլ շարունակում է յուրահատուկ զարդեր ստեղծել, որոնք մեր ընկերության լավագույն աշխատանքներն են: Այսօր ես իմ ընտանիքի պատմության մի մասն եմ եւ յուրահատուկ ու մանրակրկիտ ուշադրությամբ պատրաստված զարդեր եմ ներկայացնում: Ես յուրահատուկ մշակումներ եմ առաջարկում, որոնք զարդերին կամ թանկարժեք քարերին նոր տեսք են հաղորդում, ու միաժամանակ պահպանվում են հին մոտեցումները, որոնք ես հիմնական ու կարեւոր եմ համարում: Արդյունքում AZATURE ապրանքանիշն այսօր կատարելության է հասել եւ նույնացվում է զգացմունքայնության հետ: AZATURE Մանուկ հասակում միշտ ցանկանում էի տարբեր լինել եւ հաջողության հասնելու իմ սեփական ճանապարհն ընտրել: Այսօր AZATURE ապրանքանիշի հետ ես ունեմ իմ սեփական ազդեցիկ «խոսքը», որը շատ կարեւոր է ինձ համար: Եվ իմ աշխատանքներն ու աշխարհայացքը դուր են գալիս շատ հայտնի մարդկանց` Beyonce, Rihanna, Fergie, Լինդսեյ Լոհան, Քելի Քլարքսոն, Քիմ Քարդաշյան եւ այլք: Ես ավելի քան երջանիկ ու հպարտ եմ: - Դու համարվում ես “Black Diamond King” («Սեւ ադամանդի արքա») եւ աշխատում ես ադամանդների հետ, որոնք հավերժություն են խորհրդանշում: Հաճա՞խ ես մտածում հավերժության մասին: - Ես միշտ էլ սեւ գույնով տարված եմ եղել: Երբ ընդունվեցի Parsons Design School, հասկացա, որ պետք է միայն սեւ գույնի հետ աշխատեմ: Հագնում եմ միայն սեւ գույնի հագուստ. իմ ողջ զգեստապահրանը սեւ է: Իսկ երբ սկսեցի աշխատել թանկարժեք զարդերի հետ ու հայտնաբերեցի սեւ ադամանդը, միանգամից սիրահարվեցի: Արտասահմանում ապրող իմ հաճախորդները զանգահարում են Լոս-Անջելես ու իրենց “Black Diamond King”-ին հրավրում են նոր ինչ-որ զարդ ներկայացնելու: Աշխարհի բոլոր ծայրերում ապրող իմ հաճախորդները հավատարիմ են AZATURE lifestyle-ին: Ես շատ հպարտ եմ կրում իմ կեղծանունը եւ հույս ունեմ` այն հավերժ կապրի: AZATURE - Ծնվել ու մեծացել ես Հոլիվուդում: Դա՞ է պատճառը, որ մանկուց հենց այս ճանապարհն ես ընտրել: - Ես սիրում եմ Հոլիվուդը, իսկապես սիրում եմ: Անցած տարի ողջ աշխարհում եմ եղել` Թուրքիայից մինչեւ Սաուդյան Արաբիա, Մոսկվա: Ամեն տարին հրաշալի է եւ մարդիկ, ում հանդիպում եմ` ոգեշնչող, բայց ես միշտ Լոս-Անջելես եմ ձգտում վերադառնալ: Սա ինձ համար խելահեղ վայր է: Այստեղ շատ իրադարձություններ են կատարվում, որոնք, անխոս, մեծ տպավորություն են թողնում ինձ վրա: AZATURE - Համագործակցել ես նորաձեւության ասպարեզում լեգենդների հետ` ոճաբան Անդրեա Լիմբերման, Րիչարդ Թայլեր, Alexander McQueen, BCBG եւ Dior… - Ես աշխատել եմ շատ տարբեր նախագծերի շրջանակներում եւ համագործակցել եմ վերոնշյալ նորաձեւության տների եւ անհատների հետ: Համագործակցել եմ կերպարի ստեղծման, հագուստի եւ զարդերի համար: Կալիֆորնիայի համալսարանն ավարտելուց հետո ընդունվեցի Parsons Design School-ի հագուստի դիզայնի ասպիրանտուրա: Հենց այնտեղ էլ հայտնի ոճաբան Անդրեանա Լիբերմանի հետ աշխատեցինք Ջենիֆեր Լոպեսի, Գվեն Սթեֆանիի ոճերի վրա: Հետագայում ավելի փոքր նախագծեր եղան Dior եւ Alexander McQueen նորաձեւության տների համար: AZATURE - Rihanna-ն, Fergie-ն, Beyonce-ն եւ այլ աստղեր քո պատրաստած զարդերն են կրում: Ինչպե՞ս ստացվեց նրանց հետ համագործակցությունը: - Եթե աստղերն ինչ-որ բան հավանում են, ապա դա ձեռք բերելու տարբերակներ են փնտրում: Առաջին աստղը, ում հետ համագործակցել եմ, Rihanna-ն է: Նա նկարահանվեց AZATURE բրենդի զարդերով իր մի քանի տեսահոլովակներում, որից հետո մենք աշխատեցինք նրա համաշխարհային պրոմո-տուրի համար: Հետագայում ցուցակն ավելացավ` Beyonce, Fergie, Kelly Clarkson, Քիմ Քարդաշյան, Լինդսեյ Լոհան եւ այլք… Ես մեծ պատիվ եմ համարում նման տաղանդների հետ համագործակցելը: AZATURE - New York Daily News-ը քեզ անվանել է «նորաձեւության ոլորտում ապագա աստղ»: Ի՞նչ զգացողություններ ունեիր նրանց գնահատականը կարդալիս: - Ես չէի հավատում, իրոք չէի կարողանում հավատալ աչքերիս: Այդ ամենն ինձ երազ էր թվում, որը երբեք չէր կարող իրականանալ: Այդ ժամանակ Նյու Յորքում էի ապրում, ընտանիքիցս հեռու: Հենց այդ պահին ընտանիքիս զանգահարելու ցանկություն առաջացավ: Մայրս նույնպես չէր հավատում: Ես շատ մտերիմ եմ ընտանիքիս հետ, հատկապես մորս: AZATURE - Ո՞ւմ հետ կցանկանայիր աշխատել եւ ո՞ւմ հետ երբեք չէիր համագործակցի: - Ես զարդեր եմ պատրաստել տարբեր երկրների նախագահների, աստղերի ու ազնվական ընտանիքների համար: Երկար ժամանակ աշխատել եմ Մոսկվայում, Չինաստանում, Դուբայում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Հայաստանում եւ այլուր… Ես երբեք չեմ երազում ինչ-որ մեկի համար զարդ պատրաստել, ես պարզապես աշխատում եմ նրանց համար, ովքեր ցանկանում են այն կրել: Ես երբեք ոչ ոքի չեմ մերժում: AZATURE-ում բոլորը հավասար են, եւ արդյունքում չինական FORBES ամսագիրն իմ բրենդն ընդգրկել է թոփ 10-ում: AZATURE - Դու բազմաթիվ ամուսնական մատանիներ ես պատրաստում: Իսկ ե՞րբ այն քեզ համար կպատրաստվի: - Ես դեռ շատ երիտասարդ եմ եւ ամուսնության մասին մտածելուց առաջ դեռ շատ բանի պետք է հասնեմ: Բայց կարծում եմ` դրա ժամանակն էլ կգա: - Ե՞րբ կրկին կայցելես Հայաստան: - Որոշ ժամանակ առաջ էի Հայաստանում եւ հիանալի տպավորություններ ունեմ: Հուսով եմ` մոտ ապագայում կրկին այցելություն կունենամ: Ես միշտ մտածում եմ Հայաստանի մասին ու պատրաստ եմ հայկական համայնքի հետ շփվել: Զրույցը` Մհեր Բաղդասարյանի Նյութը եւ լուսանկարները` WOW ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին