×


Բա իմացա՞ր

Բա իմացա՞ր

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Ի՞նչ են խոսում. երգչուհի Նունե Եսայանը եւ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մտերիմ ընկերուհիներ են: Իրականում. երգչուհու եւ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի միջեւ հարաբերություններն ուղղակի մտերմիկ են, ջերմ, սակայն, ինչպես երգչուհին է բնորոշում, «իրար տուն գնալ գալ չկա»: Վերջերս ակումբներից մեկում երգչուհու կազմակերպած, ըստ իրեն, «ամերիկյան ջազային չափանիշներով» համերգին ներկա են եղել նաեւ Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այդ օրը Հայաստանի առաջին տիկինը նշելիս է եղել իր ծննդյան տարեդարձը: Rita Sargsyan and Nune Yesayan «Այսօր ով մոտենում է, ծնունդս է շնորհավորում: Օգոստոսի 5-ին եմ ծնվել: Մեր տիկին Ռիտայի ծնունդն է: Մերիլին Մոնրոն նախագահի համար է երգել ծննդյան կապակցությամբ, ես էլ նախագահի տիկնոջ համար եմ երգում: Ձեզ շատ սիրում եմ»,- ՀՀ առաջին տիկնոջը դիմելով շնորհավորել է Նունե Եսայանը եւ իր համերգների հավաքածուի CD-ն նվիրել նրան: Մեզ հետ զրույցում երգչուհին ոգեւորությամբ նշեց, որ համերգն իսկապես հրաշալի է անցել, հատկապես, երբ երեկոյի ընթացքում ցուցադրվել են երգչուհու` 20 տարիների ընթացքում հագած բեմական տասնյակ հագուստները, եւ որ ինքը վաղուց նմանատիպ կատարումներով հանդես չէր եկել: Ավո Խալաթյանն էլ կնոջը մարտի 8-ի կապակցությամբ նվեր-անակնկալ է մատուցել, սակայն երգչուհին նախընտրում է չբացահայտել դա: Ի՞նչ են խոսում. «Հավատում եմ» երգից հետո համառ լուրեր պտտվեցին, թե Սիրուշոն ու Լեւոն Քոչարյանն ամուսնալուծվել են: Sirusho Իրականում. շտապենք ասել, որ լուրը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: «Հավատում եմ» երգի մեջ երկրպագուներն ինքնակենսագրական տարրեր են փորձել գտնել, սակայն երգչուհին բազմիցս նշել է, որ երբեմն երգում է իր ընկերների, հարզատների կամ էլ հենց երգի հեղինակի կյանքից վերցրած դեպքերի մասին, եւ որ այն բացարձակապես կապ չունի իր անձնականի ու կենսագրականի հետ: «Ամեն բան շատ նորմալ է, ստեղծագործական բուռն շրջանը շարունակվում է, եւ այդ լուրն ուղղակի անհեթեթություն է»,- մեզ հետ զրույցում նկատեց երգչուհու մենեջեր Արեւիկ Ուդումյանը: Նշենք, որ երգչուհին ու իր ամուսինը վերջերս միասին երեւանյան բուտիկներից մեկի, որը պատկանում է մի բարձրաստիճան պաշտոնյայի, բացման արարողության պատվավոր հյուրերի թվում էին: Ներկա էին նաեւ Comedy Club-ի հայաստանյան կորպորատիվ երեկոյին: Երգչուհու եւ անձնական, եւ ստեղծագործական կյանքում ամեն բան հիանալի է: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սիրուշոն «Եվրատեսիլ-2010»-ի Մալթայի նախընտրական փուլի հատուկ հյուրն էր: Նա ներկայացրել է Եվրոպայում այցեքարտ դարձած «Քելե, քելեն» ու «Հավատում եմ» երգը, ինչը Youtube կայքում դիտողականությամբ գերազանցում է բոլոր ռեկորդները: Մալթայում հաղորդավարի հարցին, թե` «Կարո՞ղ է եւս մեկ անգամ էլ Սիրուշոյին տեսնենք «Եվրատեսիլում», երգչուհին պատասխանել է. «Գիտեք, ես հիմա սարսափելի զբաղված եմ իմ համերգային շրջագայություններով: Ով գիտե, եթե մեկ անգամ եւս մասնակցեմ, պիտի ամեն բան հազար անգամ լավ կազմակերպեմ»: Այժմ երգչուհու մասին նկարահանվում է հեռուստաֆիլմ: Ի՞նչ են խոսում. Էմմին եւ Միհրանը «Եվրատեսիլ 2010»-ին կներկայացնեն Գերմանիան: Mihran and Emmy Իրականում. Նադեժդա Սարգսյանը` երգչուհու մայրն ու պրոդյուսերը, ասաց, որ այս պահին նման բան չկա, քանի որ նախ` ժամանակի առումով չեն հասցնի այդպիսի քայլի գնալ ու նոր երգ գրել, ինչպես նաեւ զույգի համար այս ժամանակահատվածում ավելի կարեւոր է «Հեյ» երգի տեսահոլովակի նկարահանումներն ավարտելը, որոնք ԱՄՆ-ում սկսվել են անմիջապես նախընտրական փուլից հետո: Տիկին Սարգսյանը պատմեց, որ Գերմանիայից պրոդյուսեր Ուլի Դել Անտոնիոն երկու տարի շարունակ Էմմիին առաջարկել է մասնակցել «Եվրատեսիլի» գերմանական նախընտրական փուլին, ինչը երգչուհին մերժել է: «Հետագայում ի՞նչ կլինի` չեմ կարող ասել, գուցե վերանայենք որոշումը, հստակ չեմ կարող պատասխանել»,- ասաց Նադեժդա Սարգսյանը: Զույգն այժմ տեսահոլովակի նկարահանումներին զուգահեռ պատրաստվում է երեւանյան համատեղ մենահամերգին, որը հավանաբար կլինի հունիսին: Արդեն ընդլայնված կազմով կրկին Հայաստան կժամանեն Մադոննայի, Ռիկի Մարտինի, Բրիթնի Սփիրսի խմբի պարողները: Հետաքրքվեցինք նաեւ, թե արդյոք արդեն «Ինտերմոբ» ընկերությունը տրամադրե՞լ է նախընտրական փուլի քվերակության արդյունքները. ըստ տիկին Նադյայի` ոչ մի փաստաթուղթ իրեն դեռ չեն փոխանցել: Ի՞նչ են խոսում. երգչուհի Ջուսին «Բլեֆի» թիմակից Արթուրը ծեծի է ենթարկել ու ջարդել քիթը: Juice Իրականում. էլեկտրոնային կայքերում այս դեպքը ներկայացվեց որպես միտումնավոր ծեծ, սակայն անզգույշ հումորի հետեւանքով է վնասվել Ջուսի քիթը: «Բլեֆ» հաղորդաշարի կազմակերպիչ Արթուրը մեզ պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել «Սայաթ Նովա» համալիրում, որտեղ ինքն աշխատում է որպես հաղորդավար, իսկ Ջուսն էլ երգում է: «Բեմական ապտակ, բեմական հարված-հնարքներ կան, որ սովորում ենք թատերական ինստիտուտում, եւ այդ հնարքները մինչ դեպքը շատ անգամներ էինք փորձել: Դեպքից առաջ եւս մեկ անգամ հնարքը փորձեցինք դիմահարդարման սենյակում: Բոլորը, նաեւ պարուհիները սենյակում էին. Ջուսին ասացի` բռնի, խփում եմ, ու ձեռքս միամիտ կպավ նրա քթին: Ես զգացի, որ ցավեցրել եմ ու ներողություն խնդրեցի, անընդհատ ասում էի, որ միամիտ ստացվեց: Բոլորը տեսան, որ միտումնավոր չարեցի: Բայց Ջուսը հիստերիայի մեջ ընկավ, ու սկսեց բարձր գոռալ, ոչ ոք չկարողացավ նրան հանգստացնել: Բացի այդ, սկսեց տարբեր հայհոյանքներ տեղալ իմ հասցեին: Ասացի` հանգստացիր, կներես, միամիտ եղավ, բայց նա հայհոյանքների շարանը շարունակեց եւ անդրադարձավ ծնողներիս, ինչն էլ չհանդուրժեցի ու մի հատ ապտակեցի: Մենք հրաշալի հարաբերություններ ունեինք միմյանց հետ, բայց չեմ հարգի այն տղամարդուն, ում ծնողներին հրապարակավ հայհոյեն, նա էլ զսպի իրեն: Այսքանն է եղել: Ես հո հոգեկան հիվանդ չեմ, որ դիտավորյալ հարվածեմ աղջկան: Բոլորն են տեսել, որ միամիտ է եղել»,- մանրամասնեց Արթուրը: Ըստ նրա` պատրաստ էր հատուցել նաեւ բժշկական ծախսերը, մինչդեռ Ջուսը այդ ամենին հասարակական հնչեղություն տվեց: «Դա չի նշանակում, որ ինքը պետք է հեռուստատեսությամբ խոսեր դրա մասին կամ կապտուկներով լուսանկարները տարածեր»,-նկատեց Արթուրը: Ջուսը մեզ հետ զրույցում եւս հաստատեց կատարվածը, ինչպես նաեւ, որ իսկապես հայհոյել է Արթուրին: «Երբ խփել է, ես փիս-փիս բառեր եմ ասել,- նկատեց երգչուհին` չմանրամասնելով, թե հատկապես ինչ հայհոյանքներ է տվել եւ հավելեց,- «Բլեֆ» ծրագրի նկարահանումները չէին: Տհաճ միջադեպ եղավ, չէի կարող գաղտնի պահել, քանի որ իրական շոու եմ անում”: Նա նշեց, որ վիրահատության չի ցանկանում դիմել, քանի որ բժիշկը վստահեցրել է, որ քթի միջնապատն այնքան էլ չի տուժել, իսկ եթե հետագայում շնչառական խնդիրներ առաջանան եւ երգչուհին էլ ցանկություն ունենա, կարող է վիրահատության դիմել: Ի՞նչ են խոսում. Արմինկան որդուն` Ալեքսին, ֆոտոսեսիայի է տարել լուսանկարիչ Վիգեն Մնոյանի մոտ եւ պայմանագրով արգելել լուսանկարչին` որեւէ մեկին փոխանցել կամ վաճառել այդ լուսանկարները: Arminka Իրականում. երգչուհին իսկապես փոքրիկ Ալեքսին տարել է Վիգեն Մնոյանի ստուդիա` ֆոտոսեսիայի, որը, ըստ նրա, նախատեսված է ընտանեկան ֆոտոալբոմի համար: Վիգեն Մնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց ֆոտոսեսիայի փաստը, բայց նշեց, որ որեւէ հատուկ պայմանագիր չի կնքվել, եւ որ լուսանկարները տնօրինելու իրավունքը ամբողջովին Արմինկայինն է, քանի որ նա է պատվիրատուն: «Բոլոր ֆոտոսեսիաների դեպքում էլ այսպես է, եթե պատվիրում են եւ լուսանկարվում, բոլոր լուսանկարները փոխանցում եմ հաճախորդին, ինչպես այս պարագայում»,- հայտնեց Վիգենը: Թե որքան հոնորար է նա ստացել դրանից, լուսանկարիչը նախընտրեց չհրապարակել, միայն նշեց, որ լավ բալիկ էր, շատ գեղեցիկ` ինչպես մայրն ու մորաքույրը: «Ես պարզապես ցանկացա, որ երեխայիս լուսանկարները պրոֆեսիոնալ լինեն, իսկ թե ինչ պայմաններով ենք դա արել, խնդրում եմ, թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, չեմ ցանկանում բացահայտել ամենը»,-ընդգծեց Արմինկան եւ խորհուրդ տվեց բոլոր լուսանկարիչներին երբեք չփորձել որեւէ տեղից հայթայթել երեխայի լուսանկարը: Չնայած երգչուհու խիստ հետեւողականությանը` կարծես թե որեւէ լրատվամիջոց մտադիր չէ գնել այդ լուսանկարները, այլապես դրանք վաղուց հայտնված կլինեին որեւէ ամսագրի շապիկին: Ի՞նչ են խոսում. երգիչ Արսեն Սաֆարյանը բենդ է ստեղծել: Arsen Safaryan Իրականում. երգիչը, որ այլեւս չի աշխատում ակումբներում, որոշել է չորս երաժիշտներից բաղկացած ակուստիկ խումբ հավաքել: Այս կերպ երգիչը նպատակ ունի ավելի մոտ լինել լավ` որակյալ երաժշտությանը, երգել այն, ինչ ինքն է ցանկանում եւ նախընտրում, ինչպես նաեւ` համերգներ կազմակերպել հենց իր նվագախմբի հետ: Խումբը դեռ անուն չունի, հնարավոր է հետագայում կազմն ընդլայնվի: «Սա նոր փուլ է, որեւէ խնդիր չի եղել ակումբից դուրս գալու համար, ուղղակի ցանկացա մի քիչ այլ որակով աշխատել, ստեղծագործել»,-ասաց Արսենը եւ նշեց, որ մտադիր է նոր խմբով համերգներ կազմակերպել մարզերում: Ըստ նրա` փոքրիկ համերգներ կկազմակերպվեն նաեւ երեւանյան տարբեր ակումբներում, կհնչեն նոր ու սիրված երգեր` կենդանի նվագակցությամբ: Եթե ստացվի, որ արտերկրյա շրջագայություններին հրավիրող կողմը հոգա նաեւ խմբի ծախսերը, երաժիշտները նույնպես կմասնակցեն դրանց: Երգչի հետ զրույցի ընթացքում կարեւորեցինք նաեւ նրա կարծիքը «Եվրատեսիլի» մասին. «Ես հարգում եմ բոլորին, ինձ համար հրաշալի մարդ է Ռազմիկը, փայլուն շոու էր ներկայացնում Էմմին, գրագետ էին աշխատել Եվայի թիմակիցները: Ճիշտ աշխատանքը բերեց հաղթանակ, պետք չէ մեղադրել ու ասել` այս եղավ, այն եղավ: Ինչո՞ւ, մեր շոու-բիզնեսն այդքան արդա՞ր է, որ մեկ էլ եկան ու բերեցին անարդարություն: Բնավ, մարդիկ գրագետ աշխատանք են կազմակերպել, մյուսներն էլ չեն զիջել: Կարծում եմ` Օսլոյոմ ամեն բան լավ կլինի»: Ի՞նչ են խոսում. Արամ MP3-ն «32 ատամ» ակումբից տեղափոխվել է Comedy Club: Aram MP3 Իրականում. Արամն ուղղակի մասնակցություն է ունեցել Comedy Club-ի հերթական հաղորդումներից մեկի նկարահանումներին` ներկայանալով տարբեր համարներով: Հրավերքը եղել է հայրենակիցներ Գարիկ Մարտիրոսյանի եւ Արթուր Ջանիբեկյանի կողմից: Հումորիստն ասում է, որ նկարահանումները շատ լավ են անցել, հանդիսատեսը լավ է ընդունել իր կատարումները: Նա ներկայացրել է «բոյս բենդի» նմանակումներ եւ այլն: Հումորները եղել են հորինված երգեր, այլ ոչ թե որեւէ երգի բառերի փոփոխություն: «Ռուսերենի խնդիր չունեմ: Մի պահ, այո, մատծում ես, որ երկար ժամանակ չես օգտագործել, հնարավոր է` որոշ տառեր կոշտացնես, բայց ոչ մի խնդիր չառաջացավ: Ելույթն ինձ փորձ տվեց, տեխնիկական առումով պրոֆեսիոնալ էր, օպերատորական աշխատանքը բարձր մակարդակի, մենք էլ մի օր կհասնենք դրան,- ասաց Արամը` նախընտրելով չբացահայտել հոնորարի չափը: - Ինձ համար կարեւորը հոնորարը չէր, ես դրա համար չէի գնացել»: Հետագա համագործակցության մասին խոսելիս «32»-ցին ասաց, որ ամեն բան հնարավոր է, եթե տվյալ համարը համապատասխանի Comedy Club-ի ձեւաչափին, բացի այդ, պետք է հաշվի առնել հեղինակային իրավունքի հարցը: Մշտապես տեղափոխության մասին Արամն ասաց, որ դեռ նման մտադրություն չունի, առաջարկի դեպքում էլ ամեն բան լավ ծանրութեթեւ կանի: Ի՞նչ են խոսում. Լիլի Էլբակյանը եւ «Հայ թիմի» Համոն ընկերություն են անում: Իրականում. Լիլին եւ Համոն ոչ միայն ընկերություն են անում, այլեւ, դերասանուհու խոսքերով, ապրիլի 9-ին տեղի կունենա նրանց նշանադրությունը: Մայիսին էլ զույգը պատրաստվում է ամուսնանալ: Լիլին ասում է, որ իրենք սնահավատ չեն եւ կդիմեն մայիսին ամուսնանալու «չընդունված» քայլին: Lili Elbakyan and Hamo «Ընկերություն` որպես այդպիսին, չենք արել: Մինչ այդ ես մի փոքր անկումային տրամադրություն ունեի, քանի որ բաժանվել էի նախկին ընկերոջիցս եւ միանշանակ որոշել էի, որ այսուհետեւ երկարատեւ ընկերություն, հարաբերություններ պետք չեն: Կգա ժամանակը եւ կորոշեմ ամուսնանալ: Համոյի հետ ծանոթացել ենք մի ֆիլմի նկարահնումների ժամանակ: Այդպես սկսվել են մեր շփումները, նա անընդհատ պատրվակներ էր փնտրում ինձ հետ խոսելու, հանդիպելու, ինչը ես չէի ցանկանում, բայց հետո հասկացա, որ չէ, նա իսկապես ուրիշ մարդ է, բարի, այլ ներաշխարհով, եւ որ բացարձակ կապ չունի այն կերպարի հետ, ում բոլորը գիտեն: Մի անգամ էլ նկարահանումների ժամանակ նա վնասեց քիթն ու ձեռքը, ես օգնություն ցույց տվեցի եւ այդպես ամեն բան գնալով լրջացավ»,- պատմում է Լիլին եւ հավելում, որ «երկուսի հետաքրքրություններն էլ նույնն են, եւ որ Համոյին իրենից շատ է սիրում»: Զույգի նախնական շփումները եղել են sms-ների, սոցիալական կայքերի միջոցով, Համոն անգամ Լիլիենց մուտքն է զարդարել ծաղիկներով: Կարեւորագույն որոշումը` սիրո խոստովանությունը, երկար սպասեցնել չի տվել. Համոն խոստովանել է, որ շատ է սիրում Լիլիին: Վերջինս էլ երկար մտածելուց հետո հասկացել է, որ իսկապես նա է այն ասպետը, ով արժանի է իր սիրուն: Ի՞նչ են խոսում. դերասանուհի-հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանն ամուսնացել է եւ բալիկի է սպասում: Narine Sultanyan Իրականում. գեղեցիկ արտաքինով հաղորդավարուհին, ԱՅՈ, ամուսնացել է, այն էլ մեկ տարի առաջ եւ այժմ բալիկ է ունենալու: Նարինեն պատում է, որ իր ամուսնության մասին լուրերը ժամանակին արագ չեն տարածվել, քանի որ չի սիրում հրապարակել անձնական կյանքը. դրան նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ ամուսինը շոու-բիզնեսից չէ: 36-ամյա բիզնեսմեն Արմանի եւ Նարինեի պսակադրությունը տեղի է ունեցել Զուրբ Զորավոր եկեղեցում` ընկերների, հարազատների, բարեկամների մասնակցությամբ: Հայտնիներից ներկա են եղել դերասան Արսեն Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը, «32 ատամից» Կարենը եւ այլք: Դեռ պարզ չէ երեխայի սեռը, զույգն ասում է, որ կարեւորը` առողջ բալիկ լինի: Նա լույս աշխարհ կգա օգոստոսին: Նարինեն ասում է, որ անչափ երջանիկ է, քանի որ լավ ամուսին ունի, լավ ընտանիք, եւ որ իր համար այս որոշումը իսկապես շատ կարեւոր քայլ էր կյանքում: Մեր հարցին` հնարավո՞ր է բալիկի ծնունդը խանգարի մասնագիտական գործունեությանը, հաղորդավարուհին ի պատասխան ասաց, որ բացակայությունը երկարատեւ չի լինի, եւ ամուսինն էլ օգնում է իրեն աշխատանքում, քաջալերում, իսկ բալիկի խնամելուն էլ կօգնեն նաեւ հարազատները: Գիտեր ու բոլորին իմաց տվեց Էդգար Ամիրխանյանը Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW