×


Բա իմացա՞ր…

Բա իմացա՞ր…

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը Ի՞նչ են խոսում. Մարիաննա Հովհաննիսյանը հայտնի գործարարի դուստր է: Մարիաննա Հովհաննիսյան Իրականում. երիտասարդ երգչուհին չի հերքում այս լուրը, սակայն նախընտրում է չբացել փակագծերը, թե ստույգ ինչ բիզնես ունի հայրը` 41-ամյա Գագիկ Հովհաննիսյանը: Բացի այն, որ Մարիաննայի հայրը սեփական բիզնես ունի, նա նաեւ Հայաստանի սուսերամարտի հավաքականի ճկասուսերաձեւի ավագ մարզիչն է: «Մեր ընտանիքը սպորտսմենների ընտանիք է: Հայրս աշխարհի, Եվրոպայի մրցանակակիր է, սպորտի վարպետ: Մայրս եւս սպորտսմեն է` լողորդուհի: Նա 400մ ազատ ոճում Հայաստանի ռեկորդակիրն է, որը մինչ օրս գերազանցող չի եղել: Եղբայրս էլ շարունակում է հայրիկի ուղին, ով նաեւ նրա մարզիչն է»,- ասաց Մարիաննան: Ի դեպ, երգչուհու մայրն այսօր մանկական նորաձեւության տան տնօրեն է: Մարիաննայի պնդմամբ` այդ նորաձեւության տունն իրենց ընտանիքին չի պատկանում: Ըստ երգչուհու` ընտանիքի անդամներն իրեն օգնում են թե ֆինանսապես, թե կազմակերպչական բոլոր հարցերում` տեսահոլովակների նկարահանման, ձայնագրությունների ժամանակ: Marianna & Gagik Անդրադառնալով ստեղծագործական նորություններին` Մարիաննան նշեց, որ պատրաստվում է այս ամռանը կամ սեպտեմբերին մասնակցել միջազգային մրցույթի Իտալիայում, որտեղից երկու առաջարկ է ստացել: Այժմ երգչուհին ծանրութեթեւ է անում, թե դրանցից որին մասնակցի: Ի՞նչ են խոսում. հաղորդավար Դինան եւ սկսնակ դերասանուհի-հաղորդավարուհի Արմենուհի Սուքիասյանը քույրեր են. նույն հորից, սակայն տարբեր մայրերից: Diana & Dina Իրականում. ոչ Դինան եւ ոչ էլ Արմենուհին չեն հերքում մեր ունեցած տվյալներով այս հավաստի լուրը, սակայն անմիջապես հավելում, որ խոսքը ոչ թե հարազատ քույրեր լինելու մասին է, այլ բարեկամուհիների` հորեղբոր երեխաների: «Զարմուհիս է, փոքրիկ քրոջ պես եմ վերաբերվում եւ միշտ նորմալ հարաբերությունների մեջ ենք, շփվում ենք: Արմենուհին բարի մարդ է»,- մեզ հետ զրույցում ասաց Դինան: Արմենուհի Սուքիասյանն ու Դինան «Հորեղբոր երեխաներ ենք` քրոջ պես: Դինան ինձ միշտ լավ խորհուրդներ է տալիս, նա շատ կանացի, կիրթ ու բարի անձնավորություն է. ինձ համար նաեւ հետաքրքիր մարդ: Միշտ հետեւում եմ նրա խորհուրդներին: Մանկության տարիներին միասին խաղում էինք պապիկի տանը` Բյուրականում. պահմտոցի էինք խաղում, տիկնիկների համար հագուստներ կարում: Մեր խաղն ավելի հաճելի էր դառնում, երբ հորաքրոջ երեխաներն էլ էին հյուր գալիս պապիկին ու միանում մեզ»,- հիշեց Արմենուհին` եւս նշելով, որ իրենց հարաբերությունները միշտ նորմալ են եղել: Ըստ նրա` այժմ միայն ժամանակի սղությունն է պատճառը, որ չեն կարողանում հաճախ հանդիպել. եւ ինքն է շատ զբաղված նկարահանումների պատճառով, եւ Դինան: Ի՞նչ են խոսում. երգչուհի Սիլվա Հակոբյանը ընտանիքով մեկնում է բնակվելու ԱՄՆ-ում: Սիլվա Հակոբյան Իրականում. շտապենք ասել, որ նման բան չկա: Սիլվան խոստովանում է, որ Երեւանը շատ է սիրում եւ որ ընտանիքի անդամները նման մտադրություն չունեն: Ըստ նրա` այս խոսակցությունների առիթը հավանաբար այն է, որ վերջին շրջանում ողջ ընտանիքով շատ են մեկնում շրջագայությունների, հասցրել են լինել Սիրիայում, Հալեպում, Իրանում, Բեյրութում եւ այլուր: Երգչուհին պատրաստվում է առաջիկայում մենահամերգով հանդես գալ ԱՄՆ-ում եւ Երեւանում, այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Համերգները կլինեն կենդանի նվագախմբով, կընդգրկվեն հիթային բոլոր երգերը, կհնչեն նորերը: «Պատրաստվում ենք քույրիկիս ու հայրիկիս հետ Սիրիա մեկնել, այնուհետեւ Ռուսաստանի մի քանի քաղաքներ: Համերգներին Ռուսաստան կմեկնի նաեւ Ռազմիկ Ամյանը: Այդ ընթացքում թե համատեղ համերգներ կլինեն, թե մենահամերգներ»,- ասաց Սիլվա Հակոբյանը: Հակոբյան երաժշտական ընտանիքի նորություններն այսքանով չեն ավարտվում. Սիլվան ասաց, որ այս տարի նաեւ բնակարան գնելու մտադրություն ունեն: Ի՞նչ են խոսում. Մանե Գրիգորյանն ու երգիչ-դերասան-հաղորդավար Արսենը սիրավեպ ունեն եւ պատրաստվում են նշանադրվել: Արսեն Գրիգորյանն ու Մանե Հակոբյանը Իրականում. հայտնի հաղորդավարները լուրը լսելուն պես զարմացան եւ երկուսն էլ հերքեցին լուրը: «Ինձ էլ են սոցիալական կայքերում գրում, բայց այդպիսի բան չկա, մենք զուտ լավ ընկերներ ենք»,- ասաց Արսենը, իսկ Մանեն լուրը որպես «աբսուրդ» որակեց: «Մենք լավ ընկերներ ենք եւ երբեւէ առիթ չենք տվել նմանատիպ խոսակցությունների` չնայած միշտ միասին երեւալը նման խնդիր է առաջացնում»,- նկատեց Մանեն: Նրա խոսքերով` Արսենի հետ իրենց ընկերությունը երկար տարիների պատմություն ունի, իսկ հարաբերությունները «քույր ու եղբոր» նման դարձան, երբ սկսեցին միասին աշխատել հեռուստաեթերում: Ինչ վերաբերում է Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը հաղորդավարների դարձյալ միասին հայտնվելուն, որից հետո հատկապես տարածվեցին այս լուրերը` Մանեն նկատեց, որ ուղղակի երկուսն էլ Մայքլ Ջեքսոնի երկրպագուն են եւ կերպարների ընտրությունն ու միասին ներկայանալը պայմանավորված էր զուտ այդ հանգամանքով: Հետաքրքրվեցինք նաեւ, թե Արսենի ու Մանեի սրտում ով կա: Ի պատասխան Արսենն ասաց, որ դեռ որեւէ մեկը չկա: «Դա պատվերով չէ, գուցե նա հիմա Հայաստանում չէ կամ «Ե՞ս Yes» է կարդում»,- ասաց դերասանը: Մանեի սիրտը եւս դեռ ազատ է: Ի՞նչ են խոսում. Սպիտակցի Հայկոյի վրա կրակել են երգի պատվերը չկատարելու համար: Սպիտակցի Հայկո Իրականում. մեր հեռախոսազանգին նախ պատասխանեց երգչի կինը` Կարինե Ղեւոնդյանը, ով անմիջապես հերքեց իր ամուսնու վրա կրակելու մասին լուրերը` դրանք որակելով «աբսուրդ»: «Չգիտեմ ինչու են նման լուրեր տարածում, չի կարելի նման կերպ վարկաբեկել մարդուն: Հայկը ամեն օր գործի է գնում, այն մարդկանց անունները (նա ակնարկում է մեր երկրի առաջին դեմքերից մեկի եղբոր անունը), որոնք շոշափվում են, շատ մոտիկ ենք, այդպիսի բան չէր կարող լինել: Հայկոն ոչ բիզնեսմեն է, ոչ էլ քաղաքական գործիչ»,- վրդովված նշեց երգչի կինը եւ հեռախոսը փոխանցեց ամուսնուն: Սպիտակցի Հայկոն վերահաստատեց կնոջ խոսքերը` կրկին պնդելով, որ ոչ ոք իր վրա չի կրակել, ինքը չի վիրավորվել եւ ամեն օր սովորականի նման աշխատանքի է գնում ու 1500 մարդ տեսնում է իրեն աշխատավայրում: «Այն անունները, որոնք շոշափվում են, ես իրենց գրեթե երկու տարին մեկ եմ տեսնում, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք այդ մարդկանց հետ, հատկապես 97 թ-ից հետո: Մի քանի ժամ առաջ եմ նրանց հետ խոսել»,- հավաստիացրեց Սպիտակցի Հայկոն` ասելով, որ շատ զարմացած է լուրից: Նաեւ տեղեկացրեց, որ սկսել է նոր ձայնագրությունների աշխատանքը, մտադիր է առաջիկայում տեսահոլովակ նկարահանել: Ի՞նչ են խոսում. երգիչ Սարոն ազատ է արձակվել` 400 հազար դրամ տուգանքի դիմաց: Սարո Իրականում. ռեստորաններից մեկում ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Սեյրան Սարոյանի թիկնազորերի միջեւ ծագած վիճաբանության արդյունքում դեռեւս հունվարին կալանավորված եւ որպես մեղադրյալ ներգրավված երգիչ Սարոն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 400 հազար դրամ տուգանքի դիմաց, որը կվճարի սեփական բյուջեից: Մեր խմբագրություն այցելած երգիչն ասաց, որ չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ համաձայն է վճռի հետ: «Ոչ մի խնդիր չկա երկու կողմերի միջեւ, ամեն բան հարթված է. դեպք էր, եղել է, անցել գնացել, կարող էր չլինել: Ուզում եմ, որ այդ ամենը մոռացվի ու այս թեմային վերջին անգամ եմ անդրադառնում»,- ասաց Սարոն: Երգիչը հերքեց այն լուրերը, թե միջադեպի օրը հարբած է եղել: «Ես խմող չեմ, ես միշտ չեմ խմում… Այո, մի քիչ խմած եմ եղել, բայց ոչ հարբած»: Հիշեցնենք, որ Սարոյին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1 եւ 3-րդ կետերով, որը, որպես պատիժ, նախատեսում է առավելագույնը 5 տարի ազատազրկում: Երգչի խոսքերով, ոստիկաններն իրեն վերաբերվել են շարքային մարդու պես, իսկ մեկուսարանում օրերն անցել են` ինչպես բոլոր կալանավորներինը` այդ ընթացքում հասցնելով մտերմանալ նրանցից ոմանց հետ: Ի՞նչ են խոսում. Արմենչիկի «Ջանս» երգը գողացված է, երգիչն այն վերցրել է բուլղարացի երգչուհի Պրեսլավայից: Արմենչիկ Իրականում. լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել: YouTube կայքում մեծ դիտողականություն գրանցած «Ջանս» երգի բուլղարերեն տարբերակը կատարած երգչուհի Պրեսլավան անձամբ է Արմենչիկից խնդրել սույն երգի երաժշտության «մինուսը»: «Այս երգի եւ երաժշտությունը, եւ բառերը գրել եմ ես, ըստ այդմ` երգելու իրավունքը Պրեսլավային տվել եմ ինքս: Նշեմ նաեւ, որ իմ բոլոր երգերի հեղինակային իրավունքները պաշտպանված են: Ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ, որտեղ մարդիկ կարող են օրենքի սահմաններում պաշտպանել իրենց իրավունքները: Երգչուհին անգամ տեսահոլովակն է իմ տեսահոլովակի նմանությամբ նկարահանել: Ես եմ նրան նվիրել երգի մինուսը, ուղղակի ինձ ասացին, որ նա շատ մեծ ցանկություն ունի կատարել իմ այս երգը, ես էլ ընդառաջեցի` հեղինակային ու պայմանագրային բոլոր կանոնները պաշտպանելով»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենչիկը, ով համերգներով Կանադայում էր: Ըստ Արմենչիկի` համերգները հիանալի են ացնում, ինչպես եւ սպասվում էր: Օգտվելով առիթից` պարզեցինք նաեւ, թե ինչպես են նորաստեղծ ընտանիքի գործերը: Սիրված երգիչն ասաց, որ ընտանիքն իրեն շատ լավ է զգում եւ որ մի քանի օրից կնոջ` Լուսինեի հետ կմեկնեն Հավայան կղզիներ` հանգստանալու: Եվ ամենագլխավորը` արդյոք նորաստեղծ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է. ի պատասխան Արմենչիկն ասաց. «Լինելուն պես տեղյակ կպահենք»... Գիտեր ու բոլորին իմաց տվեց Էդգար Ամիրխանյանը Տեքստը` «Ե՞ս Yes» ամսագրի Լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW