Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը Ի՞նչ են խոսում: Ռեփեր Դավոն եւ նորահայտ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը սիրավեպ ունեն: Իրականում: Վերջին շրջանում այս զույգին կարելի է հաճախ տեսնել միմյանց հետ տարբեր միջոցառումներում, ժամանցի ու հանգստի վայրերում, համերգներում, ընկերական շրջապատում, ինչն էլ, թերեւս, դարձել է այս խոսակցության հիմնական պատճառը: Այս բամբասանքը Դավոյին չզարմացրեց. նա միանգամից ասաց, որ զուտ ընկերներ են` ուրիշ ոչինչ: «Արեւիկի եղբոր հետ եմ ծանոթ` երաժիշտ Հովակ Ալավերդյանի, բացի այդ, այնպես ստացվեց, որ երկուսս էլ այդ ժամանակ աշխատում էինք միեւնույն մարդկանց հետ եւ այդպես շատ մտերմացանք, դարձանք ընկերներ: Հետո կատակով մի օր ասացինք, թե կարելի է տեսահոլովակ նկարել, որտեղ կլինենք մենք, ինչն էլ իրագործեցինք: Երեւի հենց այս դեպքերն են դարձել լուրի պատճառը: Ուղղակի հայերի մոտ ընդունված չէ, որ տղան ու աղջիկը կարող են պարզապես ընկերներ լինել»,- պարզաբանեց Դավոն` շարունակելով վստահեցնել, որ ոչ մի օր, ոչ մի վայրկյան սիրավեպ չի եղել իրենց միջեւ. նրանք զուտ լավ ընկերներ են ու աշխատանքում օգնում են միմյանց: Արեւիկ Ալավերդյանը եւս անակնկալի չեկավ այս լուրից` նույնպես պնդելով, թե զուտ ընկերներ են: «Դավոն իմ լավ ընկերն է, միշտ կողքիս է, օգնում է շատ հարցերում»,- ասաց երգչուհին: Ի՞նչ են խոսում: Ռոմանսների Արսեն Գրիգորյանը հայր է դարձել. ծնվել է նրա առաջնեկը: Իրականում: Այս ուրախալի լուրը իսկապես համապատասխանում է իրականությանը: Արսեն Գրիգորյանը մի քանի ամիս է` ընտանիքի հետ Ֆրանսիայի Լիոն քաղաքում է, ուր նա փորձում է միաժամանակ հանգստանալ իր երեւանյան մենահամերգի լարված աշխատանքներից հետո: Հենց այնտեղ էլ` Լիոնում, հունվարի 5-ին ծնվել է նրա ու Ջուլիետայի առաջնեկը` դստրիկը: Փոքրիկ Ինեսան ծնվել է 3կգ 300գ քաշով եւ 50սմ հասակով: Փոքրիկի անունը հենց այնպես չեն ընտրել. այն Արսենի եւ Ջուլիետայի անվանատառերի միաձուլումից ստացված ամենից համակրելի անունն է, որ ստացել են ծնողները երկար պրպտումներից հետո: Ջուլիետան պատմում է, որ փոքրիկն իրեն շատ լավ է զգում, քնկոտ է եւ գիշերներն իրենց այնքան էլ չի անհանգստացնում: Փոքրիկի աչքերը դեռեւս կապույտ գույնի են, ինչը հետագայում գուցե կփոխվի: «Շատ է նման Արսենին, իսկ երբ նա ծնվեց, երջանկությունն ուղղակի պարուրել էր մեզ»,- ասաց Ջուլիետան: Ի դեպ, Արսենն ընդհանրապես չի տխրել, որ առաջնեկն աղջիկ է, կարեւորը` առողջ լինեն բոլոր երեխաները: Երգիչը, բացի հայրական բերկրանքը վայելելուց, նաեւ ստեղծագոծական խիստ բուռն կյանքով է ապրում Ֆրանսիայում. գրում եւ ձայնագրում է նոր երգեր: Նոր անակնկալներից մեկը կլինի ոճային մի փոքր փոփոխությունը. երգիչը նախընտրել է բացի ռոմանսներից նաեւ պարեղանակային երգեր ձայնագրել: Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավոր է արդյոք ընտանիքը մի օր ամբողջովին տեղափոխվի Լիոն` հիմնական բնակության, Ջուլիետան վստահեցրեց, որ մեկուկես ամսից իրենք վերադառնալու են եւ նման մտադրություն չունեն: Ի՞նչ են խոսում. «Հ1»-ի հեռուստամեկնաբան, «Բանաձեւ» ընկերության հիմնադիր եւ նախագահ Արտակ Ալեքսանյանը նշանվել է նույն հեռուստատեսության «Հայլուրի» եւ «Հատուկ ռեպորտաժի» լրագրող Գոհար Մանուկյանի հետ: Իրականում. Հայտնի զույգի սիրավեպը 5 տարվա պատմություն ունի, իսկ հարաբերություններն օրինականացրել են այս տարվա հունվարի 8-ին` Գոհարի ծննդյան օրը: Նշանադրության արարողությունը ավանդական է եղել: «Ես ու Արտակը հարաբերականորեն պասիվ էինք միայն առաջին պարի ժամանակ, դրանից հետո պարահրապարակից սեղանին էինք մոտենում միայն կարեւոր կենացների ժամանակ»,-ժպիտով հիշում է Գոհարը: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ 7 տարի առաջ Գոհարն աշխատել է «Բանաձեւ» հաղորդման ռեժիսորի օգնական, իսկ մի քանի շաբաթ անց կեսգիշերային «Հայլուրում» նաեւ օգնել է Արտակին: Մեկ տարի անց հենց նրա օգնությամբ էլ սկսել է աշխատել նաեւ «Հայլուրում»: Խիստ պաշտոնական հարաբերություններ, գործընկերներ, ընկերներ ու... մի օր էլ զգացին, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ: «Սովորաբար ընդունած է, չէ՞, երբ տղան համակրում է, պետք է առաջարկություն անի: Արտակն աչքի ընկավ յուրօրինակությամբ. Գերմանիայում վերապատրաստման էր, երբ վերադարձավ, ինձ հուշանվեր էր բերել` համբուրվող տղա ու աղջիկ, իսկ տղայի ձեռքերում` կարմիր սիրտ: Այդ արձանիկը մինչեւ հիմա իմ գրապահարանի ամենաթանկ իրն է»,- պատմում է Գոհարը: Այն հանգամանքը, որ Գոհարն ու Արտակը (նա ուսման նպատակով ԱՄՆ-ում էր) երկու տարի հեռու են գտնվել միմյանցից, ոչ թե խանգարել, այլ ամրապնդել է նրանց հարաբերությունները: Նրանք 24 ամիս 24 ժամ շարունակ շփվել են էլեկտրոնային փոստով ու հեռախոսով: Ինչպես բոլոր զույգերը` նրանք էլ երբեմն վիճում են, բայց ոչ հաճախ եւ ոչ էլ բուռն. դրանք ռեպորտաժի տեւողություն ունեն: Սիրել, վստահել եւ գնահատել` սա է զույգի սիրո բանաձեւումը: Զույգի հարսանյաց հանդեսի մասին հստակ ոչինչ դեռ չի նշվում, իսկ երբ պարզ լինի, առաջինը կիմանաս հենց դու: Ի՞նչ են խոսում. Երգչուհի Մարիաննան եւ Նաիրա Գյուրջինյանը կոնֆլիկտ ունեն: Իրականում. Հեռուստաընկերություններից մեկի անհատական հիթ-շքերթի ժամանակ սիրած ու չսիրած տեսալովակները ներկայացնելիս Նաիրա Գյուրջինյանը որպես չսիրած տեսահոլովակ անդրադարձել էր Մարիաննայի «Ով, ով» տեսահոլովակին, ինչն էլ դարձավ կոնֆլիկտի պատճառը: «Ես շատ վիրավորված եմ, բայց ոչ այն բանի համար, որ իր տեսահոլովակը դուր չի եկել Գյուրջինյանին, ամեն անգամ էլ ինչ-որ տեսահալովակներ դառնում են «չսիրված», բայց ոչ մեկը այդ հաղորդման ժամանակ չի խոսում վոկալային տվյալներից ու անձնական վատ վերաբերմունք ցույց չի տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիաննան: Ըստ նրա` հաղորդումը տեսահոլովակի եւ ոչ թե երգիչների ձայնային տվյալների մասին է: «Եթե նրա կարծիքը լիներ առողջ, եթե նորմալ քննադատություն լիներ, ապա չէի էլ մտածի դրա մասին: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Նաիրա Գյուրջինյանի կարծիքն իմ ձայնի ու հնարավորությունների մասին: Կան մարդիկ, լավ մասնագետներ, ում խորհուրդները լսում եմ ու երբեք չեմ նեղվում ո°չ նկատողությունից, ո°չ էլ քննադատությունից»,- հավելեց երգչուհին: Այս հարցի կապակցությամբ զրուցեցինք նաեւ Նարիա Գյուրջինյանի հետ: Վերջինս ասաց, որ անձնական ոչ մի խնդիր չունի Մարիաննայի հետ` հատկապես, երբ չի ճանաչում նրան, պարզապես այդ հաղորդման ընթացքում որպես մասնագետ կարծիք է հայտնել եւ խոսել է երգչուհու վոկալային տվյալների մասին ու նկատել, որ ամեն մարդ պիտի զբաղվի այն գործով, ինչն ավելի լավ է կարողանում անել: «Թե ինչու է Մարիաննան վրդովվել, ես չեմ հասկանում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ես որպես մասնագետ պիտի տայի այն պարզաբանումը, թե ինչու ինձ դուր չի եկել այս տեսահոլովակը եւ Մարիաննային վիրավորելու որեւէ նկատառում չեմ ունեցել: Ուղղակի նա պետք է այս նկատողությունը հաշվի առնի, չվրդովվի եւ սկսի ավելի լավ աշխատել»,- շարունակեց Նաիրա Գյուրջինյանը: Տեքստը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: