Շոու-մրցույթ երեքակնանի հեծանիվներով Դեկտեմբերի 25-ին Երեւանի 2 բուհերում՝ Ռուս-հայկական եւ Պետական տնտեսագիտական համալսարաններում առաջին անգամ անցկացվեց Baby Bike Race ուսանողական շոու-մրցույթը: Այն նախաձեռնել էին 2 բուհերի ակտիվիստ-ուսանողները Red Bull ընկերության աջակցությամբ: Մրցույթի ընթացքում մասնակիցները երեք ակնանի փոքրիկ հեծանիվներով փորձում էին ամենաառաջինը հատել ֆինիշի գիծը: Խաղ-մրցույթի կազմակերպիչներից Վարդգես Հովեյանը եւ Նորայր Քոչարյանը նշեցին, որ սկզբում որոշել են մրցույթն իրականացնել այն համալսարաններում, որտեղ իրենք սովորում են, հետո կընդգրկեն այլ բուհեր եւս: “Մասնակիցներին տեղում գրանցում ենք, տալիս հեծանիվ եւ առաջարկում միանալ մեր կիսահումորային ու կիսասպորտային մրցույթին: Ուզում ենք ապահովել ուսանողների ուրախ ժամանցը: Հիմնականում տղաներ են մասնակիցները, քանի որ աղջիկները կոմպլեքսավորված են ու կիսաշրջազգեստներով հաստատ չեն մասնակցի”,- ասաց Վարդգես Հովեյանը: Red Bull ընկերության աշխատակից Տոման նշեց, որ տղաների կողմից մեծ հետաքրքրություն կա. “Շատ են ցանկացողները, հատկապես տղաները: Նրանց կտանք խրախուսական նվերներ, հաղթողն էլ կարժանանա մրցանակի: Եթե ես աշխատող չլինեի, հաստատ կմասնակցեի, ափսոս, որ մեր աղջիկները շատ ամաչկոտ են”: Մրցույթը կայացավ Ռուս-Հայկական համալսարանի բակում, դրան մասնակցում էր մոտ 20 ուսանող: Մի քանի փուլերով մրցելուց հետո եզրափակիչ անցան ամենաարագաշարժ հեծանվորդները: Մասնակիցներին ոգեւորելու էին եկել նրանց ընկերներն ու համակուրսեցիները: Հեծանվորդների ետեւից բղավոցներով ու ոգեւորող խոսքերով վազում էին նաեւ նրանց երկրպագուները: ☺ Եզրափակչում հաղթեց Սլավոնական համալսարանի առաջին կուրսեցի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 4 տարի զբաղվում է թեթեւատլետիկայով. “Ես մի քիչ փոքր-մոքր եմ ու ճարպիկ, որոշեցի մասնակցել հեծանիվների մրցույթին: Սպորտով զբաղվելն ինձ օգնեց, որ արագ տեղ հասնեմ ու հաղթեմ”,- ասաց առաջին մրցանակակիրը: Կազմակերպիչները խոստանում են, որ Baby Bike Race խաղ-մրցույթը շարունակական կլինի: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: