“Կատուներ”-ի առաջին ելույթը Գաֆեսճյան կենտրոնում
“Գաֆեսճյան արվեստի կենտրոն”-ի հատուկ միջոցառումների սրահում ուրբաթ եւ շաբաթ օրերին անցկացվում են կենդանի հնչողությամբ դասական, ջազ, ռոք եւ փոփ համերգներ: Երկու օրն էլ 20:00-ից մոտ մեկ ժամ նվագում է երգահան եւ ջազմեն Ստեփան Շաքարյանը: Փետրվարի 13-ին ջազմենից հետո ելույթ ունեցավ “Կատուներ” Էթնո-ջազ խումբը:
Ջազով տարված Ստեփան Շաքարյանը “Հայկական ջազ-70”-ը նշելու ժամանակ նվագում է իր` “Բինգյոլից մինչեւ Տանզաս Սիթի” ստեղծագործությունը: “Գաֆեսճյան արվեստի կենտրոնի” գործադիր տնօրեն Մայքլ Դե Մարշը շատ է հավանում ելույթը եւ ջազմենին օգնում է “Լուսինը սարերի վրա” ձայնասկավառակ թողարկել, որում զետեղված են նրա ջազային բոլոր ստեղծագործությունները: Այսօր էլ նա նվագում է “Գաֆեսճյան արվեստի կենտրոնում”:
“Ուրբաթ-շաբաթ օրերին նվագում եմ այստեղ: Միշտ ստեղծագործել եմ, հաջող էլ ստացվում էր, բայց վաղուց չէի նվագել: Ուզում եմ նվագել, նվագել, նորից նվագել, որ ձեռքերս չքարանան: Հիմա մենանվագի ծրագիր եմ մշակում, ընդգրկում եմ նաեւ իմ օրկեստրային մտահղացումները, բայց դաշնամուրով: Մի երաժշտական գործիքով ցանկանում եմ նվագախումբ ներկայացնել, գույները, հնչողությունը”,- Bravo.am-ին պատմեց Ստեփան Շաքարյանը:
Տրնդեզ եւ Սուրբ Վալենտին տոների կապակցությամբ ջազմենը ռոմանտիկ ստեղծագործություններ էր նվագում. “Ընդհանրապես ջազային ստանդարտներ եմ ներկայացնում` ամերիկյան, եվրոպական ստեղծագործությունները, բայց նաեւ հայկական, ժողովրդական երգերի ջազային մշակումները: Ինձ թվում է` հաջող եմ մշակել “Երեւանի սիրուն աղջիկ” երգը. ջազային տեսք եմ տվել: Եվրոպական, ամերիկյան երաժշտություն լսենք, բայց չմոռանանք, որ մենք էլ կանք, որովհետեւ եթե մշակույթ չկա, ազգը վերանում է”:
Ստեփան Շաքարյանն ասաց` քանի կենդանի է, ցանկանում է նվագել: “Սովետական կարգերի ժամանակ ռադիոյում նվագախումբ ունեի, ղեկավարել եմ “Ջազ-մենակատարների համույթը”: Երեւանի լավագույն երաժիշտներին էի ընդգրկել խմբում: Ներկայացնում էինք իմ ստեղծագործությունները, ժողովրդական, գուսանական, քաղաքի երգեր: Հիմա ոչինչ չկա, լռության մեջ ենք”,-նշեց ջազմենը:
Ելույթից հետո Ստեփան Շաքարյանը բեմը զիջեց “Կատուներին” եւ սկսեց հետեւել երեկոյին որպես հանդիսատես: Նա էթնո-ջազ խմբի ստեղծագործությունները “շատ է հավանում եւ հաճույք է ստանում լսելիս”:
“Կատուներ” Էթնո-ջազ խումբը առաջին անգամ ելույթ ունեցավ “Գաֆեսճյան արվեստի կենտրոնում”: Խումբը կատարեց իր հին ու նոր ստեղծագործությունները: “Կարմիր արեւ” ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործությունները թեժացրին մթնոլորտը:
Ի դեպ, “Գաֆեսճյան արվեստի կենտրոն”-ում այս ամիս ելույթ են ունենալու նաեւ “Art Voices”, “Chiko & friends” խմբերը, “Ուլիխանյան” կվինտետը: Bravo.am-ն իր ընթերցողներին կներկայացնի հետաքրքիր մշակութային իրադարձությունները մայրաքաղաքում (եւ ոչ միայն):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
9,619






