Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը մենահամերգի նախօրեին
Նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում սերն է իշխելու: Քրիստինե Պեպելյանը 2 ժամ սիրո մասին է երգելու: Երգչուհին խորհուրդ է տալիս երեւանյան իր առաջին մենահամերգին սիրելիի հետ գալ:
- Bravo.am-ը շնորհավորում է սիրով լի մենահամերգի կապակցությամբ: Սերը խորագրի կարիք չունի՞ :):
- Իմ երգերը պատմում են սիրո մասին: Մարդիկ թող գտնեն իրենց սերը իմ երգերի մեջ: Մենահամերգս խորագիր չունի, բայց դա կարեւոր չէ: Խոստանում եմ վերականգնել մարդկանց սրտերում պահված սերը, հիշողությունները : Սիրո երեկո է լինելու: Միշտ առաջարկում եմ իմ համերգներին զույգերով գալ` սիրելիների հետ, որ իրենց հետ դրական էներգիա տանեն:):
- Սիրված երգերդ ես երգելու: Իսկ պրեմիերաներ կլինե՞ն:
- Այս համերգին նոր երգեր չեմ խոստանում: Բոլոր հին երգերս եմ վերհիշելու: Կլինեն մարդիկ, որ կարոտով կլսեն դրանք: Ես էլ, երբ հանդիսատեսի կարգավիճակում եմ լինում, ցանկանում եմ իմ սիրած երգերը լսել: Համերգների ժամանակ պրեմիերաները քիչ են տպավորվում: Իսկ հին երգերը հանդիսատեսը քեզ հետ միասին երգում է: Մարդկանց հանդիպելու, անկեղծության, երգելու կարիք ունեմ:
- Երեւանում առաջին մենահամերգդ է: 2009-ի մենահամերգներով լի աշունը ոգեւորե՞ց :):
- Արտասահմանում մենահամերգներով շատ եմ հանդես եկել: Մենահամերգ տալու մյուս երգիչների նպատակը չգիտեմ, բայց ինձ համար սա ուրախություն է: Լինում է ընդմիջում, հետո երգելու, կիսվելու մեծ ցանկություն: Ես այնքան եմ սպասում շաբաթ օրվան, շատ անհամբեր եմ, ուզում եմ երգել մարդկանց համար: Երգելու պահանջ ունեմ: Վերջին շրջանում շատ եմ խոսում, երեւի դա է պատճառը:):
- Փաստորեն, հեռուստահաղորդավարությունը խանգարում է:
- Չէ, սիրով եւ հաճույքով եմ անում իմ երկրորդ աշխատանքը: Եթերների ժամանակ ինձ տանն եմ զգում:): Բայց երգը դոմինանտ է, առաջնային: Պարզապես հաճախ լինում են ընդմիջումներ, որոնք ինձ էլ են պետք: Անընդհատ չես կարող նորություն տալ, որը լավ կստացվի:):
- Ինչպիսի նրբանկատություն :):
- Նպատակ չունեմ անընդհատ իմ ներկայությամբ մարդկանց խելագարության հասցնել ու պատժել: Բացակայություններ էլ են պետք: Ես ընդմիջումների սիրահար եմ:);
“Ես սիրո կոչ անողն եմ”. Քրիստինե Պեպելյան
- Մենահամերգիդ դու էլ ես երկնքից իջնելո՞ւ:
- Շոու ապահովելու համար դասական համերգասրահը մեծ հնարավորություններ չի տալիս: Այդքան էլ շոումեն չեմ, առանձնապես պարող էլ չեմ, սիրում եմ երգել: Ես սիրո կոչ անողն եմ: ժամանակակից եւ ժողովրդական պարերով` երկու “Ամարաս” պարային համույթներն են հանդես գալու ինձ հետ:
- “Մայրիկ” երգի ժամանակ ի՞նչ անակնկալ է լինելու:
-“Մայրիկ” -ի ժամանակ մի մեծ երգչախումբ կլինի: “Արեւիկ” համույթն է մասնակցելու: Վստահ եմ` բոլորը կուրախանան երեխաների ներկայությունից: Մոտ հիսուն երեխա միանման շապիկներով բեմ կբարձրանա: Բոլորի շապիկներին միեւնույն արտահայտությունն է գրված լինելու` կոչ աշխարհին, մարդկությանը, սիրո խոստովանություն նրանց շուրթերից, բայց չեմ ասի` ինչ է գրված լինելու:): Իմ մտահղացումն է, մարդկանց համար անակնկալ թող լինի:
-Մենահամերգիդ մի դուետ է լինելու: Ինչո՞ւ:
- Քանի որ Ֆլորա Մարտիրոսյանը Երեւանում է, խնդրեցի համերգիս մասնակցել: Նա չմերժեց: Միշտ մասնակցում եմ իր համերգներին, բայց ռիսկ չէի անում իմ համերգներին հրավիրել: Շատ ուրախացա, որ չմերժեց: Ես սպասելու եմ նրան: Միշտ էլ ասել եմ` իմ բոլոր դուետներ շատ եմ սիրում: Թող չնեղանան, բայց Ֆլորա Մարտիրոսյանի ներկայությունը ոչ մեկի հետ չեմ կիսի:
- 6/8 շա՞տ է հնչելու:
- Չէ, մի քանի սթափեցնող երգ` “Չէ, չէ, չէ”, “Դե ասա”, “Արեևը փայլում է” :):
“Իմ երգերը կյանքիս մասին են պատմում”.Քրիստինե Պեպելյան
- Հե՞շտ է հայ էստրադայի ամենաքնքուշ ու լուսավոր երգչուհու տիտղոսը պահելը:
- Մարդու տեսակը շատ կարեւոր է: Այդ ամենը բեմ ես տանում, կյանք, փողոց, շրջապատ: Փորձում եմ լինել այն, ինչ որ կամ: Հոսով եմ, որ բեմում ու կյանքում շատ տարբեր չեմ: Իմ երգերը իմ կյանքի մասին են պատմում: Կամ էլ, երբ եթերից վարորդներին խորհուրդ եմ տալիս ամրագոտիները կապել, իրավունք չունեմ այդպես չվարվել: Խոսքս կարժեզրկվի, կարեւորը քեզ հավատարիմ մնալն է` անկախ աշխատանքից ու ճանաչվածությունից: Կարեւորը նաեւ սիրելի գործով զբաղվելն է: Ես երջանիկ մարդ եմ:
- Նորությունների ե՞րբ սպասենք:
- Նոր ձայնասկավառակս 2010թ-ի սկզբին կլինի: Հավանաբար որոշ ժամանակով կբացակայեմ Հայաստանից. ԱՄՆ եմ մեկնելու աշխատանքային գործուղման: Բայց մինչեւ հաջորդ տարվա սկիզբ նոր գործեր կլինեն: Ալարկոտ եմ դարձել:), դրա համար մեղադրում եմ ինքս ինձ, սկսում ջղայնանալ: Շատ էմոսիոնալ եմ, երբ որ քաոսային վիճակ է, չեմ կարողանում նոր բան անել, թուլանում եմ: Բայց հուսով եմ, որ երկար չի տեւի այդ թուլությունը:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: