“Քուչայի մասին տեքստ չունեմ”
Դավոն “կյանքում չի ասում”, որ ռեփեր է, “քուչայի” մասին չի երգել, այսինքն չի կարդացել, չի էլ փորձում ժարգոնով տեքստ գրել, անում է այն, ինչում իրեն “առաջինն” է համարում: Անցյալ տարի դեկտեմբերին արջի թաթ է դաջել մարմնին, այն լոգոյի վրա էլ կա. փոքր ժամանակ քույրն արջուկ է ասել, հիմա էլ մտերիմներն արջ են ասում, ասում են, որ նման է, Դավոյի համար էլ հարազատ երեւույթ է դարձել: Մարտի 27-ին էլ “Disk Planet” խանութ-սրահում առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է անելու: CD-ն երկու տարբերակով է թողարկելու, տարբերությունը գնային է. “կեղտոտ”, փակած բառ չունի: Թանկ CD-ի մեջ բոլոր երգերի խոսքերով գրքույկ է լինելու եւ երեք բոնուս երգ: Արդեն հաջորդ ձայնասկավառակի մասին է մտածում, որում լինելու է “Սրբությունը կորցրած քաղաքի” մասին երգ. այդ մասին դեռ խոսելու ժամանակը չէ: Շուտով կայք էլ կունենա:
- “Անդրանիկիդ” համար հարմար անուն չգտա՞ր:
- Չէ, մի երգի անունով չէի ուզում անվանել: Պետք էր այնպիսի անուն դնել, որ բոլոր երգերն ինչ-որ ձեւով իրար կապի, ընդհանուր բան ունենա: Բայց CD-իս մեջ իրար նման, ընդհանուր բան ունեցող անգամ երկու երգ չկա: Իմ լոգոն ենք դրել, որը, կոպիտ ասած, ձայնասկավառակի անունը դարձավ:
- Անուն չդնելու մեջ էլ ե՞ս առաջինը:
- Հենց այդ դեպքում տարբերվելու ոչ մի նպատակ չունեի: Ուղղակի ստացվեց: Մեջը շատ էքսպերիմենտներ կան: Ռեփ կարդալը համադրել եմ տարբեր ձեւի երաժշտության հետ, որովհետեւ շատ հետաքրքիր է` ինչպես կհնչի, կընդունեն:
- Փորձարկումներիցդ մեկը ներկայացրու:
- Հենց “Sexy” երգն է, որի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանել: Անունը հայերի համար ականջ ծակող է: Երգն էլ նրա մասին է, որ չեմ հասկանում` ինչու են բոլորն այդ բառը վատ ընդունում: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, ու ինձ թվում է` դա ճիշտ է: Նենց երգ է, որ պետք է լսել, նոր պատկերացում կազմել: Երկու իրարից շատ տարբեր ոճեր են խառնված` կուստուրիցայական մոտիվներով երաժշտություն + հայկական + իմ կարդալը:
Պրոդյուսինգը ԴերՀովան է արել, մնացածը` ես: Կարծում եմ` այս երգից հետո շատ աղջիկներ ինձ ավելի քիչ են սիրելու, որովհետեւ շատ երեւույթներ ենք ծաղրել: Ձեւականություններ չսիրող մարդ եմ, աղջիկներ կան` ամեն ինչ անում են, որ իրենց արտաքինը sexy լինի, բայց հաճոյախոսության փոխարեն այդ բառն որպես հայհոյանք են ընդունում:
- Իսկ դու sexy ռեփեր ե՞ս :):
- Ես ինձ sexy չեմ կարող համարել: Ասեմ, որ ոչ մի տղայի sexy չեմ համարում. ինձ համար տղայի գեղեցկություն չկա: Եթե ինչ-որ աղջիկ ասի` sexy ես, կռիվ չեմ անի:):
- CD-ում զետեղված երգերիցդ մեկը կոչվում է “Իմն ես”: Հիմա ո՞վ է քոնը:
- Ընկերուհիս: Անձնական կյանքն անձնական է մնում միշտ: Բայց դեռ ամուսնանալու նպատակ չունեմ: Երբ ինձ պատրաստ զգամ, կանեմ այդ քայլը: Ոչ մի ձեւ էդ երեւույթը չեմ պատկերացնում` հարսանիքիս ռեփ կհնչի, չի հնչի...
- “Երազներ” երգիդ հիմքում էլ երազումդ տեսած “սարսափ ֆիլմե՞րն” են:
- Երազներ շատ չեմ տեսնում, բայց ինչ-որ բաներ` հաճախ: Դրա մասին էլ խոսում եմ երգում: Ինձ համար ոչ այդքան հաճելի թեմա է: Իսկականից, էդ թեմայից չեմ ուզում խոսել. հաճելի չի այն, ինչ տեսնում եմ: Վախենալու է: Այդ երազի մասին շատ քիչ մարդ գիտի: Աշխատում եմ մաքսիմալ քիչ բողոքել ու դժգոհել, նվնվալ չեմ սիրում: Երազումս ոչ սպանում են, ոչ աղում են, ոչ ոտքերս են կտրատում. կապված է իմ ապագայի հետ:
- “Տատիկի երգ” էլ ունես:
- Ամենասիրելի երգս է: Ընդհանրապես, խնդալու թեմա չի: Ծեր կնոջ պատմություն է, ում միակ տղան 90-ականների ազատամարտի ժամանակ զոհվել է: Պատմում եմ` հերոս տղա ունեցող կինը ինչպես է դրանից հետո ապրել, տղու հիշատակը բարձր պահել: Երգը կրկներգ չունի, հիմանկանում բոլորը կենտրոնանում են դրա վրա, փորձում հիշել, իսկ ինձ համար շատ ավելի կարեւոր էր, որ մարդիկ ամբողջությամբ լսեն այն:
- Ո՞վ է տատիկը:
- Որ ասեմ` հետը շատ մոտ եմ, սուտ կլինի: Դպրոցում սովորելու ժամանակ թխվածքների խանութ կար, ուր այդ տատիկը հավաքարար էր աշխատում: Մի անգամ մի հինգ ժամ զրուցեցինք: Բայց այդ թեմայի մասին նոր եմ գրել` վեց ամիս առաջ: Իմացա, որ գործից դուրս է եկել, ու այսօր ոչ մի տեղեկություն չունեմ:
- Այդ ի՞նչ ունես, որ մենք չունենք:
- Օ, երեւի իմ ամենաագրեսիվ երգն է: “Ես ունեմ, դուք չունեք” երգը այն մասին է, որ մարդիկ ինչ-որ բանի հասնում են լավ ընկերների, բարեկամների, գումարի միջոցով: Ես չեմ վատաբանում նման մարդկանց, որովհետեւ ով ինչպես կարողանում է, հասնում է: Ես շեշտում եմ, որ փորձում եմ իմ նպատակներին հասնել ոչ այդ ձեւերով, որովհետեւ չեմ ընդունում:
- Բոլորը հարցնում են` երաժշտական կրթություն ունե՞ս, իսկ ինձ հետաքրքրում է` ռեփի “դպրոց” ե՞րբ ընդունվեցիր:
- 13 տարեկանից կապված եմ: Ես ու ընկերս խումբ ունեինք, ավելի շատ երաժշտական ձեւավորմամբ էի զբաղվում: 15 տարեկանում իմ առաջին տեքստն եմ գրել` շատ երկար տանջվելով:
- Ինչի՞ մասին:
- Ինքս ինձ հիմար ձեւով ներկայացնում էի` ես ամենալավն եմ, էս կողմ-էն կողմ: Թե ումից էի լավը, չգիտեմ: Ու ռուսերենով էի գրում, որովհետեւ “անդերգրաունդում” ռուսերենով էին գրում, ես էլ` իրենց պես: Էլի հիմար ածական ունեի, որ ինքս էի դրել` RB666:
- Սատանայակա՞ն:
- Շատ տարօրինակ պատմություն ունեին այդ վեցերը: Վատատեսական տեքստեր էի այդ ժամանակ գրում:
“Կյանքում չեմ ասում, որ ես ռեփեր եմ”. Դավո
- Մոռացար ամենալավը լինելու մասին, գրեցիր “Միշտ առաջինը” երգը: Ումի՞ց ես ուզում առաջ անցնել:
- Դա ցանկություն էր արտահայտում: Ընդհանրապես, պետք է աշխատես առաջինը լինել ցանկացած գործում, որովհետեւ միջին միշտ էլ լինում է: Էական չէ` ուզում ես շինարար եղիր, հավաքարար, ինչ ուզում ես արա, պետք է փորձես առաջինը լինել:
- Դե ասա` ինչո՞վ ես առաջինը:
- Իմ ներկայացնելու ձեւով եւ ընտրած թեմաներով, գոնե Հայաստանում: Նախ, կյանքում չեմ ասում, որ ես ռեփեր եմ: Ռեփեր լինելու համար քառակուսի կա, որի մեջ պետք է մնաս: Իսկ ես փողոցի կյանքին վերաբերող տեքստ ընդհանրապես չունեմ, որ ռեփում կա:
- Չե՞ս կարողանում գրել “քուչայի” մասին:
- Չէ, գրողներ կան: Ես բաց տեղ չեմ գտնում այդ թեմային վերաբերող, նույն բանից խոսելն էլ անիմաստ կլինի:
- Այդ դեպքում ինչի՞ց ես խոսում:
- Տարբեր: Ավելի շատ մարդկային հոգեբանության, զգացմունքների ու էմոցիաների մասին եմ փորձում խոսել:
- Ռեփից “շեղվե՞լ” ես:
- Կարամ տենց էլ ասեմ, բայց ես չեմ էլ փորձում ռեփ անել: Ինձ համար հայ լինելն ու ռեփ անելը մի քիչ բարդ է: Ամեն դեպքում, ինչ դրված է սեւական ռեփի հիմքում, չի կարա լինի Հայաստանում: Իսկ ես փորձում եմ տարբեր ձեւերով ու տարբեր տեղերում կարդալ: Եթե զգամ, որ Բոսանովայի տակ կարելի է ռեփ կարդալ, ու դա ինձ դուր կգա, կանեմ, թեման էլ… Չգիտեմ, ինչ-որ ծառի մասին կգրեմ, դա միշտ չի, որ ռեփ է ստացվում, մեղեդային է ստացվում, չոր, արդեն` ըստ երաժշտության թելադրանքի: Բայց ուզում եմ, որ Հայաստանում ռեփը զարգանա, որովհետեւ ինչ էլ չլինի, դրա մասնիկն եմ:
- Հիմա դու բա՞կ ես ասում, թե՞ “քուչա”: Ժարգոնը քո խոսակցականում ու երգերում ինչքանո՞վ կա:
- Երկու ձեւն էլ օգտագործում եմ, այնպես չի, որ ժարգոնային բառեր խոսակցականում չունեմ, քուչա էլ եմ ասում, հայաթ էլ, բակ էլ: Երբեւէ չեմ փորձել ժարգոնով գրել ու չեմ պատկերացնում: Ա-երն էլ կան տեքստերումս, բայց մաքսիմալ քիչ են:
- Ուրեմն Լեզվի տեսչության հետ խնդիրներ չունես:):
-Այսքան ժամանակ չեմ ունեցել: Խոսակցություն չի եղել:):
- Շրջապատում հարգված տղա պե՞տք է լինի ռեփերը:
- Ախր, կերպար ստեղծել ու ըստ դրա առաջ գնալը սխալ կլինի: Երաժշտությունը այնպիսին է, որ մեջը պետք է լինես, զգաս, ընդհանուր մտածելակերպդ ու ապրելակերպդ դրա մեջ պետք է լինի: Եթե դու զգում ես, որ կարող ես այդ երաժշտությունը ստեղծել, անում ես, հարգված, չհարգվածի պահը չգիտեմ: Ես “կռուտոյ” չեմ, էդ վիճակի մեջ չեմ, չէ՞, Արեն (պրոդյուսերին է դիմում - Bravo.am): Անկեղծ տղա եմ, փորձում եմ տեքստերի մեջ էլ անկեղծ լինել: Բառերն էլ իմ համար եմ գրում, շատ դեպքերում էլ հասկանում եմ, որ տեքստը չի կարա երգ լինի, որովհետեւ շաաատ իմն է:
- Ռեփերի մուսան ե՞րբ է գալիս:
- Պարզապես պետք է օրս անիմաստ անցած չլինի: Լավ-վատ տպավորություններ, էմոցիաներ ունենամ այդ օրվա հետ կապված: Շատ ջղայնացած լինեմ:
- Անկապ օրերդ շա՞տ են:
- Լինում են, հա: Առավոտ զարթնում ես, տրամադրությունդ ոչ լավն է, ոչ վատը. դու էլ չես հասկանում` ինչ է: Օրվա ընթացքում էլ անելու բան լինում է կամ չի լինում: Էդ օրդ ուղղակի անիմաստ վառում ես:
- Շատ ես օգտագործում «վառել» բառը: Իրականում ինչ-որ բան վառե՞լ ես:
- Հա, փոքր ժամանակ հարեւանի փոքր հողատարածքն եմ վառել: Չոր խոտ էր, լավ չեղավ: Մի քանի տարի հետո իմացան, որ ես եմ արել, բան չասացին: Լուցկիով խաղում էի ուղղակի:
- Քեզ քաղմասում նկարահանելուց ասացիր “պրոբլեմ չկա”: Վեցերորդ վարչության հետ շա՞տ ես առնչվում:
- Եղել է. կռիվների համար…
- Ե՞րբ խելքի եկար:
- Շատ շուտ, երեւի մի չորս տարի առաջ: Ապրիլի 10-ին 21 տարեկան եմ դառնում:
- Ի՞նչ մասնագիտություն ունես:
- Ավարտել եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը: Ինչի՞ չեմ սիրում: Որ չսիրեի, չէի սովորի, իմ մասնագիտությամբ աշխատել եմ, աշխատելու եմ: Երաժշտությունը կարա լինի փող աշխատելու միջոց, բայց այն օրը, որ այդպիսին դարձավ ինձ համար, հետաքրքրությունս կկորցնեմ:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: